Սրբուհի Գալյանը նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացվել էր, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկնարկել էր դրանով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնների համալրման գործընթացը:

Այդ շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամանով Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում:

Վերոնշյալ գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած հավակնորդներն ընդգրկվել էին դատախազների թեկնածուների համապատասխան ցուցակներում: Դատախազների թեկնածուները երկամսյա համապատասխան ուսումնառություն են անցել ՀՀ արդարադատության ակադեմիայում:

Այդ դասընթացներն արդեն ավարտվել են, և, ինչպես նախատեսվել էր, սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, այսինքն առաջիկա օրերին, ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշանակումներ կկատարվեն նաև ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանման դատախազների պաշտոններում:

Շնորհավորում եմ և մաղթում եմ արդյունավետ մեկնարկ ու ընթացք պատասխանատու աշխատանքում:

Հիշեցնենք, որ  ավելի վաղ գրել էինք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնելու համար ՀՀ գլխավոր դատախազությունում առանձին վարչություն է ստեղծվելու: Եւ ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու բաց մրցույթին մասնակցելու համար դատախազություը ստացել էր երեք հայտ՝ Սրբուհի Գալյան, Ավետիք Թովմասյան եւ Թաթուլ Ղուկասյան: Կին թեկնածուն ՀՀ արդարադատության փոխնախարարն է, մյուս երկուսը դատախազության համակարգից են: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ մինչեւ մրցույթը արդեն իսկ «քաղաքական որոշումը» կայացված է. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն էլ կզբաղեցնի այդ կարեւորագույն պաշտոնը, քանի որ այդպես է ուզում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա որոշումները, կարելի է ասել, համակարգում անբեկանելի են: Այսինքն՝ արդարադատության նախարարն արդեն որոշել է իր մարդուն «գործուղել» դատախազություն եւ անձամբ վերահսկել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը»:




Լրահոս