Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ է արձակվել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը:
Սեպտեմբերի 7-ին կլրանա նրա երկամսյան կալանքի ժամկետը , եւ նա դուրս կգար ԿԳԲ-ի պադվալից: Ասել է, թե դատարանը մերժեց ԱԱԾ-ի՝ նրա կալանքը երկարաձգելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը միջնորդություն է ներկայացրել դատարան «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու համար: ԱԱԾ-ի միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվելու էր սեպտեմբերի 1-ին:
Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործով, որով նաև Գագիկ Ծառուկյանն է անցնում։ 64-ամյա Վանիկ Ասատրյանը պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով, եղել է Սպիտակի քաղաքապետ, Լոռու փոխմարզպետ։
ArmLur.am-ը զրուցել էր նրա փաստաբան Էմին Բեգլարյանի հետ, որը նշել էր. «Ասատրյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում, խոսքը վերաբերում է 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին, որի ընթացքում վերջինս Լոռու մարզից ընտրվել էր որպես Ազգային ժողովի պատգամավոր»:
Զրուցել էինք նաեւ Վանիկ Աստարյանի դստեր` Օֆելյա Ասատրյանի հետ, որը իր հայրիկի կալանավորումից մանրամասներ էր հայտնել. «Այնպես չէ որ իրենք եկան ու միանգամից կալանավորեցին, նման բան չի եղել, խուզարկության թույլտվությամբ եկել են իմ հայրիկի տուն, իսկ խուզարկության փաստաթղթի մեջ տան հասցեն սխալ է եղել , այդ իսկ պատճառով խուզարկությունը ապօրինի է եղել: Այսինքն, թղթի վրա մայրիկիս ցույց են տվել հասցեն, մայրս ասել է, որ սա մեր հասցեն չէ, բայց դա չի խանգարել, իրենք չեն լսել մորս հորդորները, իրենք մտել են տուն եւ իրականացրել են խուզարկություն: Այդ ժամանակ հայրս գտնվում էր Երեւանում՝ իմ տանը, քանի որ առողջական խնդիրներ ուներ եւ համապատասխան բուժում էր ստանում: Այդ խուզարկության ժամանակ հայրս եղել է հիվանդանոցում եւ հիվանդանոցում է իմացել, որ մտել են տուն խուզարկության»:
Օֆելյա Ասատրյանի խոսքով, գործով որոշակի հանգամանքներ այնպես չեն . «Հայրս իր դեմ ցուցմունք տված անձի հետ առերեսում է ուզել , հաջորդ օրը առավոտյան կանչել են հայրիկս առերեսման, բայց առերեսում այդպես էլ տեղի չի ունեցել, հայրս ու փաստաբանները դրսում տեսել են հորս դեմ ցուցմունք տված անձին, թե նա ինչպես է դուրս գալիս այդ տարածքից, բայց առերեսում այդպես էլ տեղի չի ունեցել»: Ի դեպ, մինչ օրս այդպես էլ առերեսում տեղի չի ունեցել» :
Քնար Մանուկյան