ՈՐՈՇՈՒՄԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի կազմակերպման կարգի շուրջ բողոքները շարունակվում են: Եվ ըստ երեւույթին բողոքներն այնքան շատ են թե՛ ուսուցիչների եւ թե՛ աշակերտների ծնողների կողմից, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որոշել է կրկին քննարկել մի շարք դրույթներ, որոնք առկա են եղել ուղեցույցում։ Խոսքը վերաբերում է նաեւ դպրոցներում աշակերտների կողմից դիմակ կրելու պահանջին: Ինչպես հայտնի է, մոտ տասը օր առաջ ԿԳՄՍ-ն դպրոցներ է ուղարկել ուղեցույցները, որոնցում մանրամասն ներկայացված է, թե ինչպես պետք է անցկացվի դասապրոցեսը սեպտեմբերի 15-ից, որում նաեւ պարտադիր պահանջ է եղել հենց դիմակի կրումն աշակերտների կողմից: Այս դրույթը, մեր տեղեկություններով, դժկամությամբ է ընդունվել ավելի ցածր դասարանի աշակերտների ծնողների կողմից, որոնք տարակուսել են, թե ինչպես կարող են փոքրերը մի քանի ժամ շարունակ դիմակ կրել: Բանն այն է, որ նախարարության հրապարակած ուղեցույցով դպրոցում գտնվելու ամբողջ ընթացքում աշակերտները եւ անձնակազմը դիմակներ պետք է կրեն, դասերի ժամանակը կրճատելու համար շաբաթ օրը նույնպես դպրոցական կլինի։ Դասարաններում աշակերտների թիվը չպետք է գերազանցի 20-ը. եթե նրանք ավելի շատ են, դասարանները խմբերի կբաժանվեն, յուրաքանչյուր խումբ դասի կգնա շաբաթական 3 օր: Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ դպրոցների տնօրենները բոլոր բողոքները հավաքագրել են եւ ուղարկել նախարարություն, որտեղից էլ որոշել են զիջումների գնալ եւ հավելյալ քննարկում անցկացնել: Եվ նախարարությունը մինչեւ սեպտեմբերի 15-ը նոր որոշում կունենա, թե ինչ պետք է անել համատարած դիմակ կրելու փոխարեն:   Հավելենք, որ հանրակրթական հաստատություններում նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, գրքեր են բաժանում, ախտահանող նյութեր ստանում, սակայն դեռ հստակ չեն պատկերացնում՝ ինչպես պետք է պահպանեն անհրաժեշտ սոցիալական հեռավորությունն ու դասերն անցկացնեն նոր կանոններով: Այնպես որ, չի բացառվում՝ մինչեւ ուսումնական տարվա մեկնարկը նոր փոփոխություններ լինեն:

 

 

 

«Ժողովուրդ»  օրաթերթի տեղեկություններով՝ վերջին օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, հատկապես՝ Պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամները, քննարկումներ են ունեցել եւ փորձել հասկանալ, թե երբ կարող են խորհրդարանում կազմակերպել Սահմանադրական դատարանի երեք անդամների ընտրությունը:  Եվ, մեր տեղեկություններով, պատգամավորները  նախնական հանգել են այն եզրակացության, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը պետք է կազմակերպել արտահերթ նիստով,  եւ, ըստ այդմ, նախնական որոշում է կայացվել ընտրությունը կազմակերպել սեպտեմբերի 11-ին՝ ուրբաթ օրը: Նկատենք, որ  արդեն սեպտեմբերի 14-ին սկսվելու է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը, եւ իշխող խմբակցությունը եկել է այն եզրակացության, որ այդ հարցը ճիշտ կլինի քննարկել արտահերթ ռեժիմով՝ դրան մեկ ամբողջ օր հատկացնելով, քանի որ մեկ օրում պետք է տեղի ունենա երեք քվեարկություն: Միեւնույն ժամանակ իշխող խմբակցությունը մինչեւ այդ դեռ պետք է որոշի, թե վերջնականապես ինչպես են քվեարկելու թեկնածուներին: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներն են Էդգար Շաթիրյանը, որը առաջադրվել է կառավարության կողմից, Երվանդ Խունդկարյանը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, եւ Արթուր Վաղարշյանը, որն էլ նախագահի թեկնածուն է:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունից: Երեկ հայտնի դարձավ, որ պայթյունի հետեւանքով մասնակի փլուզվել է հինգերորդ շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Եվ, ահա, փլատակներից դուրս էին բերվել երկու քաղաքացիներ եւ տեղափոխվել հիվանդանոց, իսկ մեկին էլ արդեն գտել էին մահացած: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պայթյունը եղել է 41-ամյա Էդգար Մարգարյանի տանը, որը հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից է եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Երեկ դեպքի վայրում հավաքվածները մեզ հետ զրույցում նշել էին, թե տեղեկություններ են լսել, որ երկրորդ հարկի բնակիչը ցանկացել է էսենցիա խմել եւ վերջ տալ կյանքին: Խոսքը կրկին Էդգար Մարգարյանի մասին է, եւ ավելին՝ մեր տեղեկություններով՝ նա խաղադրույքների հետեւանքով կորցրել է իր բնակարանը եւ գտնվել հոգեպես ծանր վիճակում: Մենք տեղեկացանք նաեւ, որ այս գիշեր տանը եղել է միայն Էդգար Մարգարյանը, նրա որդին՝ Էրիկը, գիշերել է ընկերների տանը, իսկ կինն ու դուստրն օրեր առաջ էին հեռացել տանից տիրող մթնոլորտի պատճառով:  Եվ այժմ իրավապահները փորձում են հասկանալ, թե որքանով այս իրադարձությունները կարող են կապ ունենալ իրար հետ, եւ արդյոք պայթյունը պատահականության արդյունք է, թե միտումնավոր է արվել:

 

 

 

Կորոնավիրուսի համավարակով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսական անկումը նոր թափ է հավաքում: Եվ եթե տնտեսության անկումը նախորդ ամիսներին որոշակի տեմպով դանդաղել էր, ապա հուլիսի տվյալներն այնքան էլ ոգեւորիչ չեն: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.2 տոկոսով նվազել է: Իսկ, ահա, տնտեսության առանձին ոլորտներ դիտարկելու արդյունքում պարզ է դառնում, որ անկման ամենամեծ տեմպերը եղել են արդյունաբերության ու ծառայությունների ոլորտում, իսկ ներքին առեւտրաշրջանառությունը Հայաստանում 2020թ. հուլիսին, 2019-ի նույն ամսվա համեմատ, նվազել է 10.4%-ով: Այս տարվա հունվար-հուլիսին առեւտրաշրջանառությունը կազմել է 1.518 տրլն դրամ, որը 2019-ի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ նվազել է 11%-ով: Հիշեցնենք նաեւ, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցված 3.9 % տնտեսական աճին երկրորդ եռամսյակում հաջորդել է շեշտակի անկումը։ Երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական անկումը կազմել է 13.7 %։

 




Լրահոս