ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԱՎԱԳԱՆՈՒ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության  ղեկավար Միքայել Մանրիկյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը արձակուրդից վերադառնալու մտադրություն ունի, ու ինչպես ստացվեց, որ  Մարությանը կարողացավ իր թիմին համոզել, որ ինքը դեռեւս պետք է պաշտոնավարի:

 

-Պարո՛ն Մանրիկյան, վերջին ժամանակահատվածում քննարկվեց քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի հարցը: Տեղեկություններ կան, որ նա եւս արձակուրդից չի վերադառնա: Ի՞նչ տեղեկություններ ունեք այս հարցի շուրջ: Արդյոք Հ. Մարությանը ե՞ւս հրաժարականի դիմում է ներկայացրել:

-Ձեր բարձրացրած հարցը շատ ակտիվ շրջանառվում էր Երեւանի քաղաքապետարանում, բայց, իմ ունեցած տեղեկություններով, պարոն Մարությանը սեպտեմբերի 25-ին կվերադառնա արձակուրդից եւ կշարունակի իր աշխատանքը: Կոնկրետ իմ ունեցած տեղեկություններով՝ խնդիրը եղել է խմբակցության հետ: Խմորումները եղել էին փոխքաղաքապետի թեկնածուի նշանակման շուրջ, եւ խմբակցությունը դժգոհություն էր հայտնել, թե ինչու իրենց հետ չեն քննարկել, հիմա կարող է ժխտեն, ասեն, որ նման բան չի եղել: Եվ հենց այդ կոնտեքստից սկսել են խմորումները: Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ մի քանի օր առաջ պարոն Ավինյանը եղել է քաղաքապետարանում եւ հանդիպում է ունեցել խմբակցության հետ: Կրկնում եմ, որ դրանք իմ տեղեկություններն են, որոնք գուցե 100 տոկոսանոց չեն:

-Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Մարությանը  վերադառնալու է աշխատանքի, ու այս պահին իշխանությունների ներսում որեւէ խնդիր  չկա՞՝ իր պաշտոնավարման հետ կապված:  Բայց, ըստ Ձեր տեղեկությունների, եղել է խնդիրը, եւ Մարությանի հրաժարականի հարցը իրական էր: 

-Դուք կհիշեք՝ մենք պարբերաբար՝ տարին 1 կամ 2 անգամ, Մարությանի հրաժարականի մասին նմանատիպ լուրեր լինում են: Այս անգամ էլ, այո, շատ իրատեսական էր: Ավելի քան ինտենսիվ էին այդ խոսակցությունները նույն քաղաքային իշխանությունների շենքում: Սակայն ես մի դիտարկում անեմ. ներկայիս իշխանությունը չի գնա Երեւան քաղաքի նոր ավագանու եւ Երեւանի քաղաքապետի ընտրությունների, այդ իսկ պատճառով նրանք հնարավորինս պետք է երկարաձգեն Հայկ Մարությանի ղեկավարումը, այլապես Հ. Մարությանի հրաժարականից հետո, բնականաբար, պետք է պահանջեն նոր ընտրություններ:

-Ավագանիում չկա՞ այն անդամը, որը կփոխարիներ Հայկ Մարությանին:

-Էստեղ Մարությանին փոխարինելու հարցը չէ: Եթե Դուք մասնակցել եք ընտրության, որի ժամանակ առաջին դեմքով եղել է Հայկ Մարությանը, ապա նրա հրաժարականից հետո, բնականաբար, կլինի ճիշտ էթիկական քայլ, որպեսզի ավագանին լուծարվի, եւ նոր ընտրություններ կազմակերպվեն: Դա իմ անձնական կարծիքն է, եւ ես կարծում եմ, որ իշխանությունը վախենում է նոր ավագանու ընտրություններ կատարելուց եւ չի գնա այդ քայլին: Նրանք հնարավորինս պահելու են Հայկ Մարությանին, որպեսզի խուսափեն քաղաքի  վաղաժամ ընտրություններից:

-Այդ քայլով էլ իշխանությունը չի՞ գնա իր PR-ի տապալմանը, քանի ոեր գնալով Հայկ Մարությանի հետ կապված թիմում էլ դժգոհություններն օր օրի շատանում են. բոլորն ասում են, որ նա չի աշխատում, Երեւան քաղաքում հեղափոխություն տեղի չի ունեցել:

-Այո, Դուք կարող եք, ավագանու նիստերին էլ հետեւելով, եզրահանգման գաք, որ դժգոհություները շատ են: Այո, իրականում, եթե մի փոքր ետ ենք գնում, նույն տրանսպորտի հետ կապված խնդիրը կարծեք միասնական համակարգ էր ներդրվելու, բայց ես բազմիցս նշել եմ, որ այդ համակարգը Երեւանի  համար չէ: Նախ ընդգրկված չէ մետրոն, ապա այդ համակարգը չի կարող իրականացվել, որովհետեւ մեր քաղաքի, ճանապարհների, կանգառների դասավորությունն այնպիսին է, որ այս 12 կամ 16  մետրանոց ավտոբուսները չեն կարող աշխատել: Տեսաք, թե ավտոբուսների գնման տենդերն ինչպես չեղարկվեց, որը ձախողում էր: Կանաչապատման ոլորտի մասին, երկու տարի է, խոսում ենք: Նոր ՀՈԱԿ ստեղծվեց, բայց դոփում ենք նույն տեղում, ոչ մի նորություն չկա: Ստերջացման կենտրոնի մասով ասեմ, որ այսօր քաղաքացիներն ահազանգում են, վերելակների խնդիրները: Հարցերը բազում են: Մետրոն այդպես էլ մնաց սառույցին գրված, ճոպանուղին՝ նույնպես:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՏՈՆՈՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ վերադարձել է Հայաստան: Նա կիրակի օրվանից Ռուսաստանում էր, մասնակցում էր «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին: Ռուսաստանի զինված ուժերի «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Տոնոյանը հայտարարել է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության աննախադեպ մակարդակի մասին.

 

«Առաջին անգամը չէ, որ մասնակցում ենք ֆորումին, մեծ կարեւորություն ենք տալիս մեր մասնակցությանը, ամեն տարի նոր պայմանագրեր ենք ստորագրում մենք: Այժմ շատ լավ դինամիկա ունենք, որ անցյալում երկար տարիներ չենք ունեցել։ Հայաստանը Ռուսաստանից գնում է ժամանակակից, մոդերնիզացված զենք, մենք փորձում ենք հետ չմնալ, քանի որ սկզբունքորեն համատեղ ենք գործում, եւ մեր հակառակորդները գրեթե նույնն են»։

Ըստ Տոնոյանի՝ Ռուսաստանի հետ վերջին շրջանում բազմաթիվ պայմանագրեր են կնքվել. «Ռազմարդյունաբերական ոլորտի թե՛ ռուսական, թե՛ հայկական մասնավոր ընկերությունները մեծաթիվ պայմանագրեր են ստորագրել: Հիմնականում այդ պայմանագրերը համատեղ արտադրությանն են վերաբերում Հայաստանի տարածքում: Բացի այդ, «Սու -25» գրոհային ինքնաթիռների մոդերնիզացիա տեղի կունենա, որը թույլ կտա դրանք օգտագործել ժամանակակից մարտերում: Ռուսաստանը Հայաստանի համար ռազմատեխնիկական ոլորտում առաջատար գործընկերն է, իսկ որոշ ուղղություններով՝ միակը»։

Միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում Տոնոյանն ավելի վաղ հանդիպել էր Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւի եւ ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեեւի հետ։

Դավիթ Տոնոյանը, կիրակի օրը մեկնելով Մոսկվա, նաեւ հանդիպում էր ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ մինչեւ վերջինիս՝ Բաքու մեկնելը։

 

 

ՊԱՀԱՆՋ՝ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՎՐԱ

Armlur.am-ը տեւական ժամանակ է՝ տեղեկություններ է ստանում այն մասին, որ ՀՀ ոստիկանության բոլոր աշխատակիցների վրա դրված է պահանջ, որ պետք է անպայման օրական 10 քաղաքացու տուգանեն դիմակ չկրելու պատճառով: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ոստիկանության աշխատակիցները իրենց շրջապատում հայտարարում են, որ կրակն են ընկել այդ ամենի պատճառով, քանի որ առավոտվանից ընկնում են փողոցները, որպեսզի այդ պահանջը լրացնեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հրահանգը եղել է մոտ երեք ամիս առաջ, ու այդ ժամանակահատվածում ոստիկանության աշխատակիցները ամենօրյա ռեժիմով կատարել են այդ հրահանգը: Ու, կարելի է ասել, սա է պատճառը, որ ոստիկանները փողոցում ամեն գնով փորձում են քաղաքացիներին տուգանել, եթե անգամ մի պահ քաղաքացին իր դիմակը հանել է, ասենք, ջուր խմելու, ուտելու կամ ծխելու համար, ապա ոստիկաններն ամեն ինչ անում են ապացուցելու համար, որ իրենք օրենք են խախտել ու պետք է տուգանվեն:

Այս հարցի հետ կապված՝ մենք դիմեցինք ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն՝ խնդրելով պարզաբանել, որտեղից մեզ փոխանցեցին, թե նման բան չկա. ոստիկանությունը օրենքով վերապահված իր լիազորությունների սահմաններում կատարում է իր աշխատանքը:

 

 

ՄԱՆԴԱՏ Է ՍՏԱՑԵԼ

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել, որի արդյունքներով պատգամավորական մանդատ է տրամադրվել Ստեփան Ստեփանյանին, որը խորհրդարանում կփոխարինի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին: Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Մանե Թանդիլյանը հայտնել էր պատգամավորական մանդատից հրաժարվելու եւ կուսակցության վարչության կազմից դուրս գալու որոշման մասին՝ պատճառաբանելով այն իր առողջական վիճակով: Պատգամավորն այժմ բուժում է ստանում:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանին. հայտնում են նախագահի լրատվական ծառայությունից: Քննարկել են Արցախի եւ Հայաստանի միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է խորհրդարանական քաղաքական ուժերի հետ պարբերական հանդիպումների անցկացումը:




Լրահոս