ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇՔԱՄՈՒՏՔԸ ՄԱՍՆԱԿԻ ՓԼՈՒԶՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական եւ կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ եւ Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային բնակելի շենքում։ Մասնակի փլուզվել է շքամուտքում գտնվող 12 բնակարան։  Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ, շենքի փլուզված հատվածից եւ հարակից բնակարաններից իրականացրել են 19 քաղաքացու տարհանում։

Կինոլոգիական խումբն իրականացրել է որոնողափրկարարական աշխատանքներ։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 08։20-ի սահմաններում փլատակներից դուրս է բերվել երկու տուժած քաղաքացի, ովքեր հոսպիտալացվել էին  «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր. տուժած Սվետլանա Ս.-ն (ծնված 1949 թ.) գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ տուժած Էդգար Մ.-ինը (ծնված 1979 թ.)՝ ծայրահեղ ծանր։

Ժամը 13։01-ին՝ մոտ հինգ ժամ շարունակվող որոնողափրկարարական աշխատանքներից հետո, փրկարարներին հաջողվեց փլատակներից դուրս բերել Արթուր Ղ.-ի (ծնված 1962թ.) դին։

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվել է ակնադիտական հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ փլուզվել է շենքի հինգերորդ շքամուտքի մոտ կեսը։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակներում ներկայումս հարցաքննվում են նշված շենքի բնակիչները, քննչական խմբի կողմից զուգահեռ քննչական գործողություններ են իրականացվում Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական եւ դատավարական գործողություններ:

Ն. Պ.

 

 

10 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ ԴՊՐՈՑԸ ՉԻ ԳՈՐԾԻ

«Մեր բոլորի մոտիվն այն է, որ հնարավորինս նվազեցնենք դպրոցում կորոնավիրուսի վարակի տարածման ռիսկը»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է երեխաներին արգելվելու դասամիջոցին դուրս գալ դասարաններից:

 

«Հիմա պատկերացրեք, որ դասամիջոցին բոլոր երեխաները դուրս են գալիս միջանցք, եւ տեղի է ունենում այդ անկանոն շփումը բոլոր երխաների միջեւ: Եթե հանկարծ ունենում ենք որեւէ վարակի դեպք, ապա ունենում ենք դրա տարածման շատ մեծ հավանականություն: Եթե մենք լոկալացնում ենք երեխաների շփումը, կարողանում ենք նաեւ ապահովել կրթության շարունակականությունը, քանի որ եթե 10 տոկոսից ավելին վարակված լինի, դպրոցը ժամանակավորապես չի գործի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ աշակերտները չպետք է մոտենան գրատախտակին, նա ասաց. «Գրատախտակին մոտենալիս երեխան վերցնում է կավիճը, օգտագործում, հետո նույնն անում է մեկ այլ աշակերտ, ինչի արդյունքում լինում է վարակի տարածման հավելյալ ռիսկ: Ուղեցույցում մենք նաեւ առաջարկել ենք երեխաներին միմյանց առարկաներ չփոխանակել, չտալ իրար գիրք, գրիչ կամ այլ բան, քանի որ յուրաքանչյուր նման քայլ մեծացնում է վարակման ռիսկը»:

Դիմակների կրման պահանջն այսօր էլ գործում է, եւ դպրոցներում որեւէ հավելյալ կարգավորում չի լինելու. գործընթացը կազմակերպվելու է այնպես, ինչպես ցանկացած այլ վայրում: «Ինչ վերաբերում է վերահսկողությանը, այդ գործառույթը տրված է տեսչական մարմնին, որը կհետեւի, թե որքանով է գործընթացը պահպանվում. «Առաջին փուլում այցելությունները լինելու են աջակցող բնույթ, խնդիր չկա որեւէ մեկին տուգանելու, պատժելու, եթե խոսքը չի վերաբերում պաշտոնական անձի անգործությանը,անփութությանը: Մենք հասկանում ենք, որ գործ ունենք երեխաների հետ: Խոսքն այն մասին է, որ հենց մենք պետք է երեխաներին բացատրենք կանոնների պահպանման կարեւորությունը, թե ինչպիսի հետեւանքներ կարող են լինել, եթե դրանք չպահենք»,-ասել է նա:

 

 

ՏԱՐԲԵՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը   օգոստոսի 11-ին որոշում է ընդունել  2020թ. պետական բյուջեով Տավուշի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից 30 քաղաքացիների սոցիալական աջակցության նպատակով ընդհանուր 3 մլն 297 հազար դրամ միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին: Օգոստոսի  20-ին  մարզպետի մեկ այլ որոշմամբ 46 քաղաքացիների ընդհանուր առմամբ տրամադրել է 2 մլն 510 հազար դրամ օգնություն: Տավուշի նախկին մարզպետների պաշտոնավարման ժամանակ մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում էին պետական բյուջեից դրամական օգնություն ստացած քաղաքացինների անուն-ազգանունները, իսկ 2019թ. փետրվարի 6-ից պաշտոնավարող Հայկ Չոբանյանի կայացրած դրամական օգնություն տրամադրելու որոշումներում քաղաքացիների այդ տվյալները հրապարակված չեն: Որպես մարզպետի որոշումների հիմք՝ նշված են  «Պետական բյուջեի մասին» օրենքը եւ  2019թ. դեկտեմբերի 10-ին մարզպետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի համապատասխան արձանագրությունները։ Թե այդ հանձանաժողովն ինչպես է որոշում ընտանիքների կարիքավարության աստիճանը եւ, ըստ այդմ, նրանց տրամադրվող դրամական աջակցության չափը, հայտնի չէ։ Իջեւան քաղաքի բնակիչ, իրավաբան, 8 անչափահաս երեխա ունեցող Դավիթ Հայրապետյանը հայտնեց, որ ինքը ընտանիքի  միակ աշխատողն է, ընտանիքը 63.000դր ընտանեկան  նպաստ է ստանում, իր ընտանիքը կարիքավոր է։ Նրա ընտանիքն այս տարի դրամական աջակցության խնդրանքով 3 անգամ դիմել է  Տավուշի մարզպետարան, սակայն մի անգամ  է դրամական աջակցություն ստացել՝  50.000 դրամի չափով։ Դ. Հայրապետյանը տարակուսում է, թե ինչու իրենց ընտանիքին տրամադրվել է ընդամենը 50 հազար դրամ, իսկ այլ ընտանիքների՝ կրկնակի  գումար։

 

 

ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ ԳՈՂԱՑԵԼ Է

Դիլիջան քաղաքի բնակիչ, 1972թ. ծնված  Ռուբեն Ռաֆիկի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Դիլիջան համայնքին պատկանող գույքը  հափշտակելու  դիտավորությամբ 2019թ. սեպտեմբերին Դիլիջան համայնքի «Փոքր Դիլի» կոչվող տարածքում ապամոնտաժել եւ գաղտնի հափշատակել  է համայնքին պատկանող  25 կտոր տարբեր տրամագծերի, ընդհանուր 80?66 գծամետր մետաղյա չշահագործվող  ջրագծի խողովակներ՝ Դիլիջան համայնքին պատճառելով խոշոր չափի՝ 565 հազար 591 ՀՀ դրամի գույքային վնաս։ Նախկինում չդատված Ռ.  Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական  օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով»)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտըրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս