Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Նշելով, որ սա իր երկրորդ ընդլայնված հանդիպումն է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է այն անցկացնել ավելի գործնական մթնոլորտում՝ քննարկելով հանրապետության նախագահի եւ նախագահական ինստիտուտի կողմից հստակ աջակցության հնարավորությունները։
Զբոսաշրջության ոլորտի ընկերությունների ղեկավարները ներկայացրել են մի շարք խնդիրներ, մասնավորապես անդրադարձել մեր երկրի համար հեռանկարային եւ մեծ ներուժ ունեցող այս բնագավառի վերականգնմանն ուղղված հնարավոր քայլերին, այդ թվում՝ պետական աջակցության անհրաժեշտությանը, նշել, որ նախագահի հետ նախորդ հանդիպումից հետո այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվել են: Կարեւորվել է նաեւ ներկա իրավիճակով պայմանավորված կարգավորումների վերաբերյալ հստակ տեղեկատվության հասանելիությունը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ շատ կարեւոր նշանակություն ունի տեղեկությունն ինչպես իրավիճակի, այնպես էլ երկրի ու կոնկրետ ոլորտների մասին։ Այդ տեսանկյունից իրավիճակն ավելի հստակ կլիներ, եթե զբոսաշրջային ընկերություններն իրենք արտերկրում ներկայացուցչություններ ունենային եւ առաջին ձեռքից տեղեկություններ ստանային ու փոխանցեին գործընկերներին։
Արտերկրի զբոսաշրջային շուկան անհրաժեշտություն դիտարկելով հանդերձ՝ նախագահ Սարգսյանը կարեւոր է համարել նաեւ տեղական շուկայի վրա կենտրոնանալը: «Ձեր ուղղություններից մեկը պետք է ներքին շուկան դառնա, եւ դուք պետք է աջակցեք, որ ներքին տուրիզմը զարգանա»,-ասել է նախագահը։
«Ձեր կողմից զարգացման հիմնական աջակցությունը ես տեսնում եմ, որ կարողանաք աշխատանքի ճիշտ կազմակերպման, ծառայությունների որակի, անհրաժեշտ հիգիենայի ապահովման որոշակի պայմաններ ու պահանջներ թելադրել: Վերջին երկու շաբաթվա ընթացքում ես բավականին հաճախակի եղա տարբեր մարզերում, մարդկանց հետ շփվեցի։ Նկատեցի, որ մարդիկ սկսել են մտածել, որ իրենց ունեցած անգամ փոքր տնակի մեկ կամ երկու սենյակը կարող են վարձով տալ, որը կարող է դառնալ եկամտի լրացուցիչ աղբյուր, մանավանդ որ այդ ենթակառուցվածքները չկան, ամեն գյուղում փոքր հյուրանոց չկա»,- ասել է նախագահը:
Խոսելով նախագահական ինստիտուտի կողմից աջակցության մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել եւ հստակ ձեւակերպել հիմնական ուղղությունները: «Կարող ենք փորձել ձեզ օգնել միջազգային ներկայության եւ միջազգային կառույցներում կամ համաժողովներում ցուցահանդեսների մասնակցությամբ»,- նշել է հանրապետության նախագահը։
«Մարդիկ պետք է ճանաչեն երկիրը, իմանան՝ ինչ է Հայաստանը, եւ Հայաստանից ինչ կարելի է սպասել»:
Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաեւ նախագահական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում մի շարք ծրագրերի եւ միջազգային միջոցառումների անցկացմանը, որոնք նույնպես նպաստելու են զբոսաշրջության զարգացմանն ու մեր երկրի ճանաչելիությանը: «Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ծրագրի շրջանակում համագործակցել ձեզ հետ»,- ասել է նախագահը։
«Դրանցից յուրաքանչյուրը ինչ-որ իմաստով տուրիզմի հետ կապ ունի։ Առաջին ծրագիրը ATOM-ն է։ Այն Հայաստանում արհեստական բանականության զարգացման ծրագիր է եւ, բացի արհեստական բանականության քաղաքից եւ մեծ ընկերությունների հետ համագործակցությունից եւ համատեղ ձեռնարկությունններ ստեղծելուց, ինչն ինքնին արդեն երկրի իմիջի հետ է կապված, ներառում է նաեւ մի շարք ծրագրեր։ Դրանցից մեկը Մտքերի հայկական գագաթնաժողովն է։ Այստեղ մենք նորից պատրաստ ենք ձեզ ներգրավել որպես գործընկեր։ Աշխատանքային խումբը կարող է ուղիղ մեզ հետ աշխատել։ Հրավեր ուղարկվում է մոտ 3000 անհատի, որոնցից ընտրում ենք 300-ի։ Այսինքն՝ 3000 մարդու տեղեկություն է գնում։
Մյուսը STARMUS-ն է։ Կարծում եմ, որ այսօրվանից սկսած՝ կարող ենք համագործակցել։ Սրանք միջոցառումներ են, որոնք կարող են աջակցել զբոսաշրջությանը: Հյուրերից շատերը գալիս են նաեւ ընտանիքներով, բացահայտում են Հայաստանը, կապեր են հաստատում:
Հաջորդ ծրագիրը Հայ պարկն է։ Այն զուտ հայկական ծրագիր է, որի շուրջ ակնկալում ենք, որ կհամախմբվի ողջ հայ ժողովուրդը՝ Սփյուռքից մինչեւ Արցախ եւ Հայաստան։ Ծրագրի շրջանակում նորից ձեզ հետ համագործակցելու նպատակ ունենք։
Մյուս ծրագիրը Գյուրջիեւի այգին է, այսինքն՝ արվեստի տուրիզմը:
Բոլոր առանձին նախաձեռնություններում պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել ու աջակցել: Պատրաստ ենք ձեր գործընկերը լինել, որպեսզի վերջապես մեր երկիրն ընդհանուր ներկայացման մարկետինգային ծրագիր ունենա, քայլեր արվեն:
Շատ էական է, որ նաեւ ձեր օգնությամբ մտածենք, թե որոնք են այն պարզ մտքերը, գաղափարները, լոզունգները, որոնք նկարագրում են Հայաստանը:
Ուզում եմ վստահեցել, որ միշտ պատրաստ ենք ձեզ աջակցել ոչ միայն այն բանի համար, որ այսօր դժվար է, այլ որովհետեւ ինչ-որ իմաստով դուք մեր երկրի ավանգարդն եք, այսինքն՝ նաեւ ձեր միջոցով են երկիրը ճանաչում»:
861 ՄԱՀ
Օգոստոսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43.067 դեպք, որից 36.726-ը՝ առողջացած, 861-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5216 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 198.569 թեստավորում: Այսպիսով, այսօր կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 131 նոր դեպք եւ 251 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 58 (կին), 63 (տղամարդ) եւ 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 264 է:
ԿՏԵՂԱՓՈԽՎԵՆ ՄԱՆԿԱՆ ՏՈՒՆ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ՝ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված հինգ երեխաները կտեղափոխվեն Երեւանի մանկան տուն: Երեխաներին չբաժանելու համար Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է բոլորի խնամքն իրականացնել նույն հաստատությունում:
ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ
Օգոստոսի 27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ մինչեւ շաբաթ օրը ներառյալ: «Հայպետհիդրոմետ»-ից ArmLur.am-ին հայտնել են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +29+31: