Ի՞ՆՉ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՆ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՖՈՏՈՇԱՐՔԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հայտնի մարդիկ դառնում են այս կամ այն բրենդի դեմքը՝ գովազդելով խանութ-սրահները կամ որեւէ ապրանքանիշ: Եվ հաճախ հանրությանը հետաքրքրում է, թե վերջիններս գովազդային ֆոտոշարքերում կամ տեսահոլովակներում նկարահանվելու համար որքան գումար են աշխատում, ինչ սկզբունքով են ընտրություն կատարում, արդյոք կատարում են իրենց հարկային բոլոր պարտավորությունները որեւէ ապրանք գովազդելու համար:

 

Եվ, ահա, ArmLur.am-ը փոքրիկ հետաքննություն է անցկացրել՝ պարզելու համար, թե ինչ սկզբունքով է իրականացվում հայտնի մարդկանց եւ խանութ-սրահների համագործակցությունը, եւ պարզվում է՝ շատ դեպքերում ոչ թե գումար են վճարում, այլ սիմվոլիկ որեւէ նվեր կամ համագործակցություն է լինում:

Elegant shop բրենդային խանութ-սրահի ապրանքանիշները գովազդում են Մարինկա Խաչատրյանը, Բեն Ավետիսյանը, Մերի Եփրեմյանը եւ այլ հայտնիներ։ ArmLur.am-ը կապ է հաստատել ընկերության հետ, փորձել է պարզել, թե որքան գումարի դիմաց են նկարահանվում գովազդային ֆոտոշարքերում, եւ, առհասարակ, ինչպես է տեղի ունենում այդ գործընթացը: Խանութ-սրահից մեզ հայտնեցին, որ նման տեղեկությունները խիստ գաղտնի են, եւ մեր հարցերին պատասխանել չեն կարող:

All Cell խանութ սրահի գովազդային վերջին ֆոտոշարքը ներկայացնում է դերասանուհի Լիա Զախարյանը: ArmLur.am-ի հետ զրույցում խանութ-սրահի տնօրեն Սարգիս Կիրակոսյանը նշեց, որ խանութ-սրահի գովազդներում հիմնականում նկարահանվում են իրենց ընկերները, այդ թվում՝ դերասանուհի Լիա Զախարյանը: Իսկ, ահա, դերասանուհին մեզ հետ զրույցում շատ կտրուկ արձագանքեց՝ չցանկանալով մեր հարցերին պատասխանել:

Svetlana Begoyan դիզայներական ընկերության պաշտոնական էջն ուսումնասիրելիս նկատում ենք, որ նրա գովազդային ֆոտոշարքերում են նկարահանվել դերասանուհի Շողեր Թովմասյանը, երգչուհի Սյուզի Մելիքյանը: Մեզ հետ զրույցում ընկերության տնօրեն Սվետլանա Բեգոյանը հայտնեց, որ աշխատում է շատ հայտնի մարդկանց հետ, եւ նրա կողմից երբեւիցե ֆինանսավորում չի եղել հայտնիներին:

Իսկ Gabajyan ընկերության հիմնադիր եւ դիզայներ Արայիկ Գաբաջյանը հայտնեց, որ նրա հագուստները կրում ու նկարահանվում են բացառապես նրա ընկերները անվճար:

Shatverian fashion studio-ի հիմնադիր, դիզայներ Դիանա Շատվերյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ գումարային հարցերին չի կարող պատասխանել, քանի որ յուրաքանչյուրի հետ աշխատում են տարբեր պայմաններով:

Nikolyan fashion studio-ի հիմնադիր, դիզայներ Արամ Նիկոլյանը, ով համագործակցում է շոուբիզյան հայտնի դեմքերի հետ, մեզ հետ զրույցում եւս նշեց, թե նմանատիպ համագործակցությունները՝ բրենդի հետ կապված, հիմնականում ընկերական են, եւ իրենից ֆինանս չի ենթադրում:

Ankasa բրենդային հագուստի խանութ-սրահի վերջին գովազդային ֆոտոշարքերում նկարահանվել են շոուբիզյան հայտնի արտիստներն իրենց ընտանիքիների հետ միասին: Մասնավորապես նկարահանվել են Մանո եւ Սարգիս Գրիգորյանների ընտանիքը, Սարո Թովմասյանը, Արամեն եւ Աննա Թովմասյանը, Նազենի Հովհաննիսյանն ու Սոֆի Մխեյանը, Ավետ Բարսեղյանը, Հրուշ Եղոյանը եւ այլք: Ankasa-ից մեզ այդպես էլ հստակ պատասխան չտվեցին՝ նշելով, որ տեղյակ չեն, իսկ, ահա, Մանո Գրիգորյանն էլ, մեր հարցմանն ի պատասխան, ասաց, որ դրանք շատ փակ խոսակցություններ են:

Aghababyan Fashion House-ից մեզ հայտնեցին, որ չեն կարող պատասխանել մեր հարցերին, քանի որ դա աշխատանքային գաղտնիք է, եւ էթիկապես ճիշտ չէ: Նշենք, որ վերջինիս գովազդային շարքերում են նկարահանվել դերասանուհի Եվա Զոհրաբյանը, Անահիտ Կիրակոսյանը, Անելյա Գուբրյանը եւ այլն: Անահիտ Կիրակոսյանը հրաժարվեց մեկնաբանել: Իսկ դիզայներ, մոդել Մադոննա Հարություննյանը, ով նկարահանվում է մի շարք բրենդային խանութ-սրահների համար, մեզ հետ զրույցում հայտնեց, որ դա շատ փակ եւ անձնական իմֆորմացիա է, որի մասին խոսել չի ցանկանում: Իսկ գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը, ով նույնպես համագործակցում է տարբեր բրենդային ընկերությունների եւ հագուստ սրահների հետ, մեզ հետ զրույցում անդրադառնալով մեր հարցմանը՝ ասաց, որ կոնկրոտ VahanKhachatryancouture բրենդի հետ կապված՝ միայն ընկերական համագարծակցություններ են, եւ ոչ մի գումարային թեմա չկա այդտեղ: Դերասանուհի Լիանա Հակոբյանը, ով համագործակցում է promesafashion-ի հետ, մեզ հետ զրույցում հայտնեց, որ գումարի չափը կախված է ժամային քանակից, թե քանի ժամ է անցկացվելու նկարահանումները: Օրինակ՝ հագուստի գովազդում նկարահանվելու համար միայն ֆոտոսեսիան արժե 200 հազար դրամ:

Այսպիսով, եթե հետեւենք մեր զրուցակիցների խոսքերին, ապա նրանց կողմից որեւէ հագուստ գովազդելը բարի կամքի դրսեւորում է իրենց ընկերների նկատմամբ: Թե որքանով են այս տեղեկությունները ճշմարիտ, կամ իրականում ինչ է կատարվում գովազդի շուկայում, միանշանակ դժվար է ասել: Ամեն դեպքում, անկախ հանգամանքներից՝ բոլորն են պարտավոր ավելի թափանցիկ աշխատել՝ կատարելով նաեւ բոլոր հարկային պարտավորությունները եւ լինելով պահանջատեր:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ՍՈՒՐՃԻ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ ՈՐՈՇԵՑԻՆՔ». ՇՊՌՈՏ

Վերջին տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհիներ Շպռոտն ու Արմինկան համատեղ տեսահոլովակ կներկայացնեն:  Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է երգչուհի Շպռոտը, ով նաեւ լուսանկարներ էր հրապարակել Արմինկայի 47-ամյակի խնջույքից եւ իրենց առաջիկա համագործակցության մասին ակնարկել:

 

«Արմինկայից այնքան բան եմ սովորել: Մի տեսակ թանկ բան կա նրա մեջ ինձ համար անհասանելի՝ քլաս եւ լրջություն։ Թասիբով, հասնող ու ահավոր աղա մարդ։ Սիրուն մայրիկ։ Շնորհակալ եմ Աստծուց մեր անցած լավ օրերի համար։ Անհամբեր սպասում եմ մեր նոր համագործակցությանը: Վերջապես միասին դուետ կունենանք։ Հին երգ, հին ընկերներ, բայց նոր տրամադրություն: Շուտով նոր տեսահոլովակ»,- Արմինկայի մարդկային հատկանիշների  մասին նման մեկնաբանություն էր գրել նա:

Անդրադառնալով նոր համագործակցությանը՝ երգչուհին մեզ հետ զրույցում նշել է, որ համատեղ համագործակցության եւ միասին դուետ անելու մասին դեռ Հայաստանում էին մտածում, բայց այդպես էլ չէր ստացվում:

«Այսքան տարի անց վերջապես եկավ այդ պահը: Գնացել էի Արմինկայի տանը հյուր, եւ այդպես սուրճի սեղանի շուրջ որոշեցինք միասին  հանդես գալ զուգերգով»,-ասել է նա:

Շպռոտի փոխանցմամբ` աշխատում են Լազարոյի հետ, եւ արդեն մի քանի օրից կսկսեն տեսահոլովակի նկարահանումները. «Արդեն ամեն ինչ պատրաստ է, այս պահին ավելի մանրամասնել չեմ կարող»:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՄԱԳՈՒԱՅՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ Հարի Մագուայրը դատարանի որոշմամբ 12 ամսվա պայմանական ազատազրկման է ենթարկվել: Դատարանը Մագուայրին մեղավոր է ճանաչել Հունաստանում ոստիկանների նկատմամբ բռնի գործողությունների, նրանց պահանջներին չենթարկվելու եւ կաշառքի փորձի համար: Նա դատապարտվել է 12 ամիս 10 օրվա պայմանական ազատազրկման, սակայն իրավունք է ստացել լքել Հունաստանը: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի սեպտեմբերին: Թիմերն այժմ հանգստի մեջ են:

 

 

34 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է

34 տարեկանում մահացել է ամերիկյան «Power Trip» տրեշ-մեթալ խմբի առաջնորդը։ Մահվան պատճառը չի նշվում։ Ավելի ուշ կհաղորդվի հուղարկավորության ժամանակի եւ վայրի մասին։ Գեյսը «Power Trip» խումբը հիմնել է 2008թ. Հյուսիսային Տեխասի համալսարանում սովորելու ընթացքում։ Խումբը ստուդիական երկու սկավառակ ունի՝ 2013թ.-ին թողարկված «Manifest Decimation»-ը եւ 2017թ.-ին թողարկված «Nightmare Logic»-ը։ Վերջինը Գեյսն անվանել է արձագանք մարդկանց շրջանում բարիքների անհասավար բաշխմանը. դրանում նա արտահայտել է իր կարծիքը «սուպերհարուստների դեմ բողոքի» վերաբերյալ։

 

 

ԾՐԱԳՐԵՐԻ ՄԵՋ ՉԿԱ

Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը տեղեկացրել է թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին, որ նա չի մտնում իր հետագա ծրագրերի մեջ: «Բարսելոնայի» մարզական կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Կումանը նշել է, որ հաջորդ մրցաշրջանում Բուսկետսը մշտական տեղ չի ունենալու թիմի մեկնարկային կազմում եւ խաղադաշտ դուրս գալու համար մրցակցելու է հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ: Իսպանիայի ավարտված առաջնությունում 32-ամյա Բուսկետսը մասնակցել է 33 հանդիպման: Հիշեցնենք, որ 57-ամյա Կումանի նշանակումից հետո հայտնի դարձավ, որ նա մտադիր չէ շարունակել աշխատանքը Սամուել Ումտիտիի, Իվան Ռակիտիչի, Արտուրո Վիդալի եւ Լուիս Սուարեսի հետ:

 

 

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Իտալական «Միլանի» մարզական տնօրեն Պաուլո Մալդինին հայտարարել է, որ ակումբը ցանկություն ունի շարունակել համագործակցությունը թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ: «Մենք ցանկանում ենք առաջիկայում նոր պայմանագիր կնքել Իբրահիմովիչի հետ եւ ջանք չենք խնայում հնարավորինս շուտ համաձայնության հասնելու համար»,-ասել է Մալդինին: Հունվարից «Միլանում» հանդես եկող Իբրահիմովիչը Իտալիայի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում մասնակցել է 19 հանդիպման, խփել 10 գոլ։ Իտալական մարզական պարբերականները հաղորդում էին, որ «Միլանը» Իբրահիմովիչի փոխարեն ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին:




Լրահոս