Այս տարվա հուլիսին հունիսի համեմատ Հայաստանում բենզինի գինը բարձրացել է 3.9 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը՝ 3.6 տոկոսով: Այսօր հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն արժե 340 դրամ, իսկ պրեմիումը՝ 360 դրամ: Մինչդեռ հուլիսին ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում էր՝ լիտրը 300 դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով եւ հետաքրքրվեց՝ հիմնավոր է արդյոք բենզինի գնի բարձրացումը, թե ոչ:
Մեր հարցին ի պատասխան Հանձնաժողովից փոխանցեցին, որ իրենք մշտապես հետեւում են բենզինի շուկայում տեղի ունեցող փոփոխություններին՝ այդ թվում գնային փոփոխությսւններին: Բացի այս, ՏՄՊՊՀ-ից տեղեկացրեցին, որ եթե արձանագրվեն շեղումներ, ապա հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով վարչական վարույթ կհարուցի եւ հստակ գնահատականներ կտրվեն տնտեսվարողների գործունեությանը:
Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսի 2-ին կառավարության նիսստին քննարկվեց «ՀՀ եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ ՀՀ նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ Ղազախստանից էժան վառելիքի ներկրման արդյունքում ՀՀ վառելիքի շուկայում մրցակցություն կստեղծվի:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու կողմերը պայմանավորվել են յուրաքանչյուր տարի մինչեւ դեկտեմբերի 1-ը կազմել ու միմյանց ներկայացնել հաջորդ տարվա փոխադարձ առեւտրի ապրանքների ամբողջական ցանկը: Բայց մինչ այդ դեռ պետք է ներպետական ընթացակարգերով վավերացվի ստորագրված համաձայնագիրը: Ինչից հետո հայտնի կդառնա, թե ինչ ծավալի նավթամթերք է մտադիր Հայաստանը ներկրել Ղազախստանից: Ինչպես ասում են՝ բենզինի գնի նվազումը՝ 7 սարի հետեւում է:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան