Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանու նիստում տեղի կունենա փոխքաղաքապետի ընտրություն: Թեկնածուն Սերգեյ Ներսեսյանն է, որն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն է: Օրեր առաջ փոխքաղաքապետի թեկնածուն հանդիպել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ եւ արդեն իսկ հայտնի է, որ ավագանու անդամներից շատերը դեմ են քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկած թեկնածուին:
Armlur.am-ը զրուցել է Սերգեյ Ներսեսյանի հետ` պարզելու համար, թե ինչ ակնկալիքներ ունի ընտրության հետ կապված, արդյո՞ք սեպտեմբերի 8-ին ավագանին իրեն ընտրելու է փոխքաղաքապետ:
-Պարո՛ն Ներսեսյան, Ձեզ պետք է Երեւանի ավագանին ընտրի փոխքաղաքապետի պաշտոնում, ի՞նչ ակնկալիք ունեք, կարծում եք Ձեզ ավագանին ընտրելո՞ւ է:
–Ես չեմ կարող գուշակել, որովհետեւ ես փաստացի դեռեւս աշխատանքի մեջ չեմ, այդպես մարդկանց հետ շփում չեմ ունեցել, չեմ կարող ասել` իրենք ինձ ընդունում են, սիրուն են, թե՞ չէ: Համենայնդեպս չսիրելու առիթ չեմ տվել ոչ մեկին, որովհետեւ իմ կյանքում բացի լավ գործերից, ոչ մի վատ բան չեմ արել, որ որեւէ մեկն իմ հանդեպ անձնական վատ տրամադրվածություն ունենա:
-Այսինքն` ավագանու անդամներից որեւէ մեկին անձնապես չե՞ք ճանաչում, որեւէ մեկը Ձեզ չի՞ ճանաչում ու միայն ավագանու նիստի ժամանակ պետք է ծանոթանա՞նք իրենց հետ:
–Միայն այն ժամանակ, երբ ֆրակցիայում հանդիպում եմ ունեցել իրենց հետ, բայց անձնական ծանոթություն, անձնական շփում միանաշանակ ոչ, ոչ մեկի հետ չեմ շփվել, ոչ մեկին ես չեմ ճանաչում:
–Նշեցիք, որ ոչ մի վատ գործ չեք արել, կասեք ի՞նչ գործունեությամբ եք զբաղվել ու Ձեր ո՞ր արժանիքի համար պետք է Երեւանի ավագանին Ձեզ ընտրի որպես փոխքաղաքապետ: Հայտնի է միայն, որ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն եք եղել:
-Կներեք, բայց ժամանակի ծանրաբեռնվածությունից ելնելով, երկու բառով կասեմ՝ արժանիքներս կգնահատվեն ժամանակի ընթացքում, այն ինչ արել եմ, արել եմ իմ ոլորտում որտեղ, որ նախկինում աշխատել եմ, այն իրավաբանական անձանց հետ, այն ֆիզիկական անձանց հետ, որոնց հետ շփվել եմ, միանշանակ վստահ եմ, որ այդ մարդկանց մոտ դրական կարծիք եմ արժանանալու: Իսկ այդպես կոնկրետ աշխատանքներ հիմա հարմար չեմ գտնում, ասել կամ շեշտել:
-Բայց Դուք պետք է քաղաքապետարնի ավագանիներին ներկայացնեք Ձեր անցած ուղին, ի՞նչ եք պատրաստվում ներկայացնել, որ Ձեզ ընտրեն:
–Կներկայացնեմ, միանշանակ, ցանկացած մարդ իր արածների համար կարող է իրեն ներկայացնել, դրսեւորել ու ասել, թե ինչ է արել ու ինչ չի արել: Այլ հարց է՝ հավանության կարժանանամ, թե՞ չէ:
-Իսկ վստահ եք, որ կընտրե՞ն Ձեզ:
–Ապագայի հետ կապված չես կարող վստահ լինել, կանխագուշակումներ ունենալ:
-Բայց ի՞նչ տպավորություն ունեք ավագանու հետ հանդիպումից հետո:
–Ես ներկայացրել եմ իմ անցյալը, ներկայացրել եմ, թե ինչով եմ զբաղվում, այսինքն չի եղել նմանատիպ քննարկում, որ ժողովուրդ ջան, կողմ եք, թե կողմ չեք, իմ ներկայությամբ նմանատիպ խոսակցություններ չեն եղել:
-Ավագանու ընդդիմությունն ի՞նչ դիրքորոշում ունի, տեղյա՞կ եք:
-Չեմ շփվել: Շփում չեմ ունեցել որ ասեմ ինչ կարծիք ունեն: Այսքանը:
Հ.Գ. Ի դեպ Սերգեյ Ներսեսյանը օգոստոսի 23-ին ֆեյսբուքյան պաշտոնական էջ է «բացել» ու զբաղված է «լայքեր» հավաքելով, բայց կարծես, թե դեռեւս հաջողություններ չունի այդ առումով:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ