ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը, ի տարբերություն ցերեկվա իր տրամադրության, երբ հայհոյել էր news.am-ի թղթակցին, «Ժողովուրդ»-ի հետ բավականին սիրալիր զրուցեց: -Պարո՛ն Միրզոյան, երեկ առավոտյան, տեղեկատվական արտահոսք եղավ, որ ձերբակալվածների մեջ կան պաշտոնյաների` դատավորի, դատախազների որդիներ: Հետո դա հերքվեց: Ակնհայտ է, որ արտահոսքը ոստիկանությունից էր: Ինչո՞ւ:-Ես ոչինչ չգիտեմ, ես աշխատանքի չեմ եղել եւ հիմա տանն եմ: Ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ ես ինքս եմ զարմացած, թե էդ ինֆորմացիան ոնց է հայտնվում, էլի՜: Մի հատ չեն ճշտել, պարզեն, իմանան, ախր չի կարելի մարդկանց վիրավորել, զրպարտել: Իսկ ոստիկանությանը մոտ աղբյուրն էլ որ ասել է, ախր նա ինչու է այդպիսի բան ասում: Ճշտել է պետք: Մի հատ թող ոստիկանապետը, համապատասխան ծառայությունների պետերն ինֆորմացիա տային, որ էդպիսի բաներ չլինեին: (Օրվա երկրորդ կեսին ոստիկանության հաղորդագրության մեջ հերքվեց, որ հանցավոր խմբի անդամ բերման ենթարկվածների թվում են տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց որդիներ-Ա.Դ.)-Դե Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը ո՛չ բացառեց, ո՛չ հերքեց պաշտոնյաների զավակների վարկածը` նշելով, որ «նախնական ինֆորմացիաներ են»:-Ներսիկը պաշտոնյաների անո՞ւն է տվել: Նա ի պաշտոնե ընդհանրապես պետք է մեկնաբանություն չաներ, որովհետեւ քրեական գործը քննում է քննչական վարչությունը, օպերատիվ աշխատանքները, ինչքանով ես գիտեմ, իրականացնում է 6-րդ վարչությունը, քաղաքի օպերատիվ ծառայությունները, որքան տեղյակ եմ, կապ չունեն: Թող քննիչն այդպիսի բան ասեր, իրենց պետը, ոստիկանապետը:-Իսկ համակարծիք չե՞ք այն մտայնությանը, որ այս օպերացիայով հիմք դրվեց ոստիկանություն-ՀՔԾ-դատախազություն-ԱԱԾ պատերազմին կամ գուցե հակամարտությանը: -Չէ՛, ի՞նչ հակամարտության մասին է խոսքը: -Այսինքն` խնդիրներ չկա՞ն ոստիկանության եւ ՀՔԾ-ի միջեւ: Օրինակ` խոսվում է, թե քանի որ ՀՔԾ-ի միջնորդությամբ կալանավորվեցին Թամամյանն ու Օհանյանը, նրանք էլ փորձում են վրեժ լուծել` ձեր համակարգից «տանելով»:-Այսինքն` ուզում են մեր անունը շոշափեն, որ… (ծիծաղում է): Չեմ կարծում:-Նաեւ մամուլում պարբերաբար շրջանառվում է, որ Ալիկ Սարգսյանի դեմ ՀՔԾ-ում ծավալուն նյութեր կան. Մարգար Օհանյանը ցուցմունքներ է տվել, թե ինչպես են գումար վերցնում, գործեր «փակում-բացում»: -Ես չեմ կարող ուրիշների փոխարեն բան ասել: Էն, ինչ-որ գիտեմ, մեր վարույթում է քննվում, մենք տալիս ենք համապատասխան ինֆորմացիա: Ինչ վերաբերում է ցուցմունքներ տալուն, ապա դրա մասին պետք է ասի Միրզոյանը, իսկ Միրզոյանն այդպիսի բան չի ասել չէ՞: Առայժմ այդպիսի ինֆորմացիա չի տվել, հետեւապես ո՞վ է ասում:-Այնուամենայնիվ, ցանկանում ենք ճշտել` կա՞ նման բան, թե՞ ոչ, եւ Օհանյանը նման ցուցմունքներ տվե՞լ է: -Մենք էդպիսի ինֆորմացիա չենք տվել, իսկ եթե նույնիսկ Օհանյանը ցուցմունք տված լինի ինչ-որ մի բնույթի, ես չեմ էլ ասի, թե ինչ ցուցմունք է տվել, այն պարզ պատճառով, որ քրեական գործ է քննվում: Բայց ինֆորմացիա, թե ով ինչ ցուցմունք է տվել, մենք էդպիսի բան չենք ասել:-Ավազակային խմբի ձերբակալության շուրջ բարձրացված աղմուկը համեմատեցիք հոկտեմբերի 27-ի հետ, ինչո՞ւ: Որ Ձեր որդու անունը շրջանառվեց, դրա՞ համար:-Չհամեմատեցի: Եթե օդի միջից անուններ են տալիս, էն ժամանակ էլ, ինչպես հիշում եմ, տարբեր անուններ սկսեցին շրջանառվել: Եթե չկա էդպիսի բան, եթե նախաքննական մարմինը չի տալիս այդպիսի ինֆորմացիա, ինչո՞ւ են լրատվամիջոցներով տարածում: Չի կարելի չէ, իմ տղային չեք ճանաչում, երիտասարդ տղա է, կոտրել չի կարելի: Կարդալուց հետո էլ հա հերքեք, էլ ո՞ւմ է պետք:-Իսկ Ձեր տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու հետ կապված, ի վերջո, կա՞ր նման բան, եւ եթե պարզվի, որ կա, նա պետք է հրաժարակա՞ն տա: -Չի կարող այդպիսի բան լինել: Մարսելի որդին ո՞նց կարող է նման բան անել: Բացառվում է: Եւ հետո, հայրը որդու համար պատասխան չի տալիս, ոչ էլ հակառակը: Բայց կրկնում եմ, եթե նա լինի, ապա Դուք էլ իր հետ եք, միասին եք գնացել: Եւ հետո ո՞վ է ասում, որ նրա մեքենան եղել է դեպքի վայրում, այդ ժամին բնական է, որ ինչքան մեքենա կա, միգուցե հավաքել են, ստուգել են, դա ուրիշ խնդիր է: Մարդն էդ պահին կարող է գնալ օդանավակայան, կարող է հիվանդանոց գնալ… Հնարավոր է` նույն էդ պահին մենք էլ հայտնվեինք, տանեին, մեզ էլ ստուգեին, ի՞նչ է եղել որ: Բայց ես տեղեկություն չունեմ, որովհետեւ երեք օր է` աշխատանքի էլ չեմ գնում…-Իսկ ինչո՞ւ չեք գնում, վատառո՞ղջ եք:-Չէ՛, տանն եմ, ես իրավունք ունեմ հանգստանալու:-Բայց լուրեր էին շրջանառվում, թե քանի որ Մարսել Մաթեւոսյանի որդուն 6-րդ վարչությունում ծեծել են, Դուք պահանջել եք, որպեսզի նրանք բերեն, որ անձամբ համոզվեք` նման բան եղե՞լ է, թե՞ ոչ:-Ձեր հարցադրումն ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում, ու հետո էլ ուզում եք, որ մենք էլ պատասխանենք: Այդպիսի բան չի եղել:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ՈՆՑ ԴՈՒՔ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՄԱՐՍԵԼԻ ՈՐԴԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ