ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ դրությունը փոխարինվում է կարանտինով․ ի՞նչ սահմանափակումներ են նախատեսվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արտակարգ դրությունը  կվերանա  սեպտեմբերի 11-ին և կառավարությունը համաճարակով պայմանավորված շրջանառության մեջ է դրել արտակարգ դրությանը փոխարինող նոր կարգավորումներ նախատեսող օրենսդրական փաթեթ։ Ավելին, կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որում էլ կքննարկվի հենց այդ փաթեթը։

«ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով՝  եթե վարակիչ հիվանդությունների՝ ՀՀ տարածք ներթափանցման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաեւ դրանց հետեւանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին։

Լիազոր մարմնի առաջարկությամբ կարանտին կարող է սահմանել՝ Կառավարությունը, մարզպետը, Երեւանի քաղաքապետը։

Ուշագրավ է, որ կարանտին սահմանվելու պարագայում կիրառվելու են սահմանափակող այնպիսի  միջոցառումներ, որոնք, օրինակ՝ արտակարգ դրության ժամանակ էլ էին կիրառվում։

Կարանտին սահմանվելու դեպքում կիրառվող սահմանափակող միջոցառումներն են՝

1) համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմի սահմանում.

2) «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.

3) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.

4) օբսերվացիա.

5) ինքնամեկուսացում.

6) մեկուսացում:

Ըստ օրենսդրական փաթեթի՝ սահմանված միջոցառումների կիրառումը չի կարող խոչընդոտել Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, դատարանների, Մարդու իրավունքների պաշտպանի, զինված ուժերի, ոստիկանության զորքերի եւ սահմանապահ զորքերի բնականոն գործունեությունը:

Կարանտինը սահմանվում է մինչեւ վեց ամիս ժամկետով: Կարանտին սահմանելու հիմքերը չվերանալու դեպքում այն կարող է երկարաձգվել մինչեւ 6 ամիս ժամկետով` պահպանելով կարանտին սահմանելու սույն օրենքով սահմանված կարգը:

Հավելենք, որ կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

Ազգային ժողովում այս օրենսդրական փաթեթի հիմնական զեկուցող է նշանակվել Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս