ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կաթնամթերքն ու մսամթերքը թանկացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջին անհրաժեշտության որոշ սննդատեսակներ են թանկացել: Այս մասին չի լռում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Ընդ որում, թանկացել է ոչ թռ կաթնամթերքը, ձուն, շաքարավազը, այլեւ՝ մսամթերքը: Օրինակ պաշտոնական տվյալներով՝ հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գները նվազել են 0.3-0.1 տոկոսով, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ համեմատաբար բարձր գնանկում արձանագրվել է Վանաձոր եւ Էջմիածին քաղաքներում: Իսկ ահա Երեւանում սպառողական գները նվազել են 0.1 տոկոսով: Բանջարեղենի շուկայում օգոստոսին հուլիսի համեմատ 4.9 տոկոսով գնանկում է արձանագրվել: Գնանկում արձանագրվել է նաեւ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի ոլորտում: Բայց թանկացել է շաքարավազը. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, շաքարավազի գինը բարձրացել է 0.8 տոկոսով: Տեղեկացնենք, որ այս ամիսներին տնային տնտեսուհիները փակոցներ են անում. ըստ երեւույթին պահանջարկը ավելացել է, հետեւաբար գինն էլ փոքր-ինչ բարձրացել:

Մեկ այլ ապրանքատեսակ՝ մսամթերքը եւս թանկացել է: Օրինակ պաշտոնական տվյալներով՝ մսամթերքի գինը օգոստոսին հուլիսի համեմատ բարձրացել է 0.5 տոկոսով: Սա դեռ ամենը չէ: Թանկացումից անմասն չեն մնացել կաթնամթերքը, պանիրը, ձուն: Նշված ապրանքատեսակների շուկայում արձանագրված թանկացումները կազմել են 0.3 տոկոս: Միայն ձվի գինը օգոստոսին հուլիսի համեմատ բարձրացել է 2 տոկոսով:

Նշենք նաեւ, որ օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան եւ ծովամթերքի, սուրճի, թեյի եւ կակաոյի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 0.1 տոկոս գնաճ: Բայց հացաբուլկեղենի եւ ձավարեղենի, յուղերի եւ ճարպերի, ոչ ալկոհոլային խմիչքի շուկաներում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս