2021 թվականի հոկտեմբերին Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում համայնքապետի ընտրություն է սպասվում: Ու թեեւ դեռեւս բավականին երկար ժամանակ կա մինչեւ ընտրությունները, բայց «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, թե քաղաքապետ Սամվել Բալասայանն ու նրա որդին՝ Միսակ Բալասանյանը, ինչ պլաններ են «գծել»՝ կրկին Գյումրին իրենց ձեռքը պահելու համար:
Եւ այսպես, մեզ հաջողվել է պարզել, թե որն է Բալասանյանների ծրագիրը: Նախ, արդեն որոշված է, որ Սամվել Բալասանյանը մտադիր է երրորդ անգամ առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու, բայց պետք է դա անել՝ իշխանություններին փաստի առաջ կանգնեցնելով, թե իբրեւ Գյումրու քաղաքապետի անկրկնելի, անմրցելի թեկնածուն հենց Սամվել Բալասանյանն է:
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Միսակ Բալասանյանն «իրենով» է արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանին: Բալասանյանները պլանավորել են հասնել նրան, որ Շիրակի մարզպետի պաշտոնը կրկին զբաղեցնի Սարուխանյանը: Ավելին, նույնիսկ խոսակցություններ կան անգամ, որ Միսակ Բալասանյանը ամսական որոշակի գումար է տրամադրում պատգամավոր Սարուխանյանին, որպեսզի վերջինս Գյումրիում «գործ» անի ու նաեւ ջերմ հարաբերություններ պահպանի Բալասանյանների հետ:
Ըստ Միսակ Բալասանյանի պլանի՝ Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ պետք է «խաղի մեջ» մտնի նաեւ Օլիմպիական խաղերի չեմպիոն, անվանի մարզիկ Արթուր Ալեքսանյանը: Արդեն իսկ հրապարակ նետվել է լուրը, թե Գյումրու քաղաքապետի հաջորդ թեկնածուն արջն է՝ նույն ինքն Արթուր Ալեքսանյանը, որը եւս ջերմ հարաբերություններ ունի Բալասանյանների հետ: Բայց ըստ կրտսեր Բալասանյանի մշակած ծրագրի, երբ Արթուր Ալեքսանյանի հեղինակությամբ կաշկանդված բոլոր հնարավոր թեկնածուները մի կողմ կքաշվեն եւ կհեռանան ընտրապայքարից, գործի կդրվի պլան Բ-ն: Հարմար պահի «հրապարակ» կնետվեն մի քանի կոմպրոմատներ, որոնք կան Արթուր Ալեքսանյանի դեմ:
Ըստ մեր տեղեկություրնների՝ այդ կոմպրոմատներից մեկը վերաբերվում է նրան, որ Ալեքսանյանի շրջապատում քրեական աշխարհի ներկայացուցիչները շատ են: Բացի այդ, Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Ալեքսանյանն ինչ-որ ժամանակահատավում դատարանում երաշխավոր է կագնել սպանության կամ սպանության փորձի համար ամբաստանվող քրեական տարրերից մեկին: Այդպիսով, Արթուր Ալեքսանյանը ստիպված կլինի դուրս գալ խաղից եւ դաշտում էլի կմնա միակ, անկրկնելի եւ անմրցելի թեկնածու Սամվել Բալասանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը իր ստացած բոլոր տեղեկությունների մասով փորձել է զրուցել Բալասանյանների, Արթուր Ալեքսանյանի, Կարեն Սարուխանյանի հետ: Արթուր Ալեքսանյանի եւ Միսակ Բալասանյանի հետ զրուցելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին, քանի որ նրանք ո՛չ մեր հեռախոսազանգերին, եւ ո՛չ էլ հաղորդագրություններին այդպես էլ չարձագանքեցին:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան