Երեկ Երևանում հնչած կրակոցներից հետո իրավապահները շտապել են «օրենքով գող» Արտյոմ Կանևսկոյի բնակարան եւ նրան տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել այն մասին, որ Հալաբյան փողոցում կրակոցներ են հնչել, 4 անձ՝ հրազենային մարմնական վնասվածներով, տեղափոխվել է «Արմենիա» և «Նաիրի» բժշկական կենտրոններ:
Մեր տեղեկություններով` Կանևսկոյից հետաքրքրվել են իր քրոջ որդիների վրա կրակելու հանգամանքներից եւ մի քանի ժամ հետո ազատ արձակվել:
Իսկ ո՞վ եւ ինչո՞ւ կրակեց օրենքով գողի քրոջ որդիների ուղղությամբ, դեռեւս պարզ չէ, քանի որ վիրավորվածները երեկ վիրահատվել են, առայժմ գտնվում են վերակենդանացման բաժնում, վիճակները կայուն է: Մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները սպասում են, որ վիրավորները դեպքի մասին պատմեն իրենց, թե ով եւ ինչու պետք է կրակեր իրենց վրա, իսկ կպատմե՞ն արդյոք օրենքով գողի հարազատները իրավապահներին իրենց կասկածների մասին, ցույց կտա քննությունը:
Հավելենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան