Հայ ազգային կոնգրեսը երեկվա հանրահավաքից հետո երթ չանցկացրեց, իսկ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց, որ ժողովրդի էներգիան պետք է սեպտեմբերի 30-ի հանրահավաքում, քանի որ Կոնգրեսը բեկումնային փուլ է մտնելու:Իսկ երեկվա հանրահավաքի ամենամեծ անակնկալը ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի ելույթն էր: Նա խոսափողին մոտեցավ տոպրակով եւ ասաց, որ որեւէ մեկի երեւակայությունը չի բավականացնի գուշակելու դրա պարունակությունը: Նա տոպրակից հանեց ՀՀԿ անդամատոմսեր: Մանուկյանը պարզաբանեց, որ դրանք ՀՀԿ-ականները հանձնել էին ի նշան բողոքի, ընդ որում, այն բանից հետո, երբ նախորդ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն ազդարարեց «սկսել ա»-ի մասին: Մանուկյանը նշեց, թե ՀՀԿ-ականների օրինակին են հետեւում կոալիցիայի մյուս կուսակցությունների անդամները. «Ծաղկազարդ ու օրինածիլ կուսակցությունների տոմսերի հանձնումը շարունակվում է»: Իսկ արդեն մեզ հետ զրույցում ՀՀՇ վարչության նախագահն ասաց, որ անդամատոմսերի թիվն անցնում է 100-ից: «Ավազակապետությունը ճեղք է տալիս: Իշխանության ճաքը գնաց, եւ այդ ճաքն առաջիկա օրերին կմեծանա ու կլայնանա»,-ասաց Արամ Մանուկյանը: Նիկոլ Փաշինյանն էլ կատակեց, որ ՀՀԿ-ականներից մեկի անդամատոմսի նկարը շատ նման էր Սերժ Սարգսյանին, ու ինքը մի պահ կարծեց, թե նա եւս հրաժարվել է կուսակցական տոմսից: Ի դեպ, ինչպես 20 տարի առաջ նույն օրը` հենց սեպտեմբերի 23-ին, երեկ եւս Արամ Մանուկյանն ընթերցեց ՀՀ անկախության հռչակագիրը: Նաեւ կոչ արեց ժողովրդին տեր կանգնել 20 տարի առաջ ասած «այո՛»-ին: Կոնգրեսի անդամ Զոյա Թադեւոսյանի ելույթի ժամանակ էլ զոհված ազատամարտիկի մայր տիկին Փառանձեմը ցուցադրաբար այրեց Սերժ Սարգսյանի նկարը: Այդ փաստը մեծ ոգեւորություն պարգեւեց հավաքվածներին, որոնք սկսեցին վանկարկել շարժման կարգախոսներն ու «ապրես, կեցցես»: Իսկ Զոյա Թադեւոսյանը, դիմելով իշխանություններին, ասաց. «Դուք ժողովրդի պարտադրված ծառաներն եք, եւ մենք ձեզ հեռացնում ենք աշխատանքից»: Ըստ Թադեւոսյանի` որդեկորույս մայրերի անեծքը կկպնի իշխանություններին, որտեղ էլ նրանք լինեն` Աֆրիկայում, թե այլ տեղ: Ազատամարտիկ, մարտական խաչի շքանշանակիր Ռազմիկ Պետրոսյանն էլ կոչ արեց մարտական ընկերներին միանալ ժողովրդին ու համաժողովրդական պայքարին: «Բանակում չի կարող լինել կայուն վիճակ, երբ այն օգտագործվում է քաղաքական շահի համար: Իսկ դրա միակ մեղավորը ոչ լեգիտիմ իշխանությունն է: Պետք է ունենանք լեգիտիմ իշխանություն, որ բանակը չխառնվի քաղաքականությանը, ինչը եղավ նաեւ 2008թ. մարտի 1-ին»,-ասաց նա: ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնախմբի զեկույցի նախագիծը, ըստ որի` փակված է մարտի 1-ի էջը, լուրջ քննադատության ենթարկեց մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը: Նա ասաց, որ ԵԽԽՎ-ից խոստացել են իրենց պարզաբանումներ տալ, եւ երբ նամակն ուղարկեն, իրենք կհրապարակեն այն:Կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը կոչ արեց նախապատրաստվել քաղաքացիական ընդվզման: Ըստ նրա` վերջին շրջանում միջազգային դիվանագետների հետ իրենց հանդիպումներում ներկայացնելով Կոնգրեսի անելիքները` միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում այն զարգացումների վրա, որ կարող են տեղի ունենալ Հայաստանում, որովհետեւ երեք տարի առաջ փետրվար-մարտյան իրադարձություններում իրենք հայտնվել էին աշխարհի անուշադրության պայմաններում: Եւ հիմա աշխարհն ուշադրությամբ հետեւում է Հայաստանի իրադարձություններին: «Մենք կոչ ենք անում պատրաստվելու քաղաքացիական անհնազանդության հաղթարշավի, որպեսզի անկախության 20-ամյակը նշանավորվի ժողովրդավարական Հայաստանի կայացմամբ»,-ասաց նա: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ նշեց. «Ժողովո՛ւրդ ջան, մեր մեկնած ձեռքը մերժվեց: Մենք ամեն ինչ արեցինք, որ իրենց դարձի բերենք, բայց իրենք չհասկացան: Մենք ընդդիմություն ենք, մենք լավին լավ ենք ասում, վատին վատ: Ներե՛ք էդ բառի համար, բայց դա ճիշտ է բնորոշում` մենք աբիժնիկ չենք, իրենք են աբիժնիկը, իրենք են նեղացած ժողովրդից, տեսնում են, որ ժողովուրդն իրենց չի ընտրում, ու կառչել են այդ աթոռներից ու ասում են` պիտի մնանք»: Նաեւ ավելացրեց. «Այն քայլերը, որ մենք պետք է անենք, ես կոչում եմ ճշգրիտ քայլերի հաջորդականություն, որը մենք արդեն սկսել ենք նախորդ հանրահավաքից, երբ առաջին նախագահը հայտարարեց «սկսել ա»: Հետեւաբար, ժողովո՛ւրդ ջան, մենք դատապարտված ենք հաղթանակի»: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի խոսքերով` նպատակներին հասնելու են ոչ թե երկխոսության, այլ հասարակական ճնշման միջոցով: «Արդար ընտրությունները պետք է պարտադրվեն, Հայաստանի քաղաքացին, վաղվա օրվա մասին մտածող, անարդարությունը չհանդուրժող Հայաստանի քաղաքացին հաղթելու է հանուն արդարության մղվող պայքարում»,-ասաց նա:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՄԵՐ ՄԵԿՆԱԾ ՁԵՌՔԸ ՄԵՐԺՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ