ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությանը մասնակցելու նպատակով այս տարի առցանց դիմում-հայտ են ներկայացրել օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 84 սփյուռքահայեր (Վրաստան` 69, Ռուսաստանի Դաշնություն՝ 14, ԱՄՆ՝ 1) և Հայաստանից դուրս գտնվող ՀՀ 11 քաղաքացիներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Պարետի թույլտվությամբ վերոնշյալ դիմորդները 2020 թ. հունիսի 25-ից անարգել մուտք են գործել ՀՀ տարածք՝ հուլիսի 1-ին տասնօրյակում ընդունելության քննություններին մասնակցելու նպատակով: Արդյունքում՝ միասնական քննություններին մասնակցած Վրաստանի 17 քաղաքացիներ (ազգությամբ հայ) ընդունվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ, և համաձայն Պարետի թույլտվության` ապահովվել է նրանց մուտքը ՀՀ տարածք՝ 2020 թ. սեպտեմբերի 1-ից մեկնարկած ուսումնական գործընթացին մասնակցելու նպատակով:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, ինչպես նաև ՀՀ նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամանակացույցը՝ ՀՀ ուսումնական հաստատություններում ուսումնառելու նպատակով այս պահի դրությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն են դիմել օտարերկրյա պետություններում գտնվող ավելի քան 300 սփյուռքահայեր, որոնցից շուրջ 250-ը՝ Վրաստանի քաղաքացիներ: Դիմորդների մի մասը մասնակցում է նաև սփյուռքահայերին պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրիատի՝ սփյուռքի համար առաջնային համարվող հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններով, ինչպես նաև միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելության մրցույթներին: Այս պահի դրությամբ ընդունելության գործընթացը շարունակվում է:
Օգոստոսի 10-ից ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է համապատասխան աշխատանքներ՝ ապահովելու վերոնշյալ քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք: Համաձայն Պարետի թույլտվության՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության և Վրաստանում ՀՀ դեսպանության միջնորդությամբ վերոնշյալ դիմորդներին (Վրաստանի քաղաքացիներին) թույլատրվել է մուտք գործել ՀՀ տարածք:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական է ուղարկել ՀՀ նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ տրամադրելու իրենց հաստատություններում սովորող և ՀՀ տարածք մուտք գործելու խնդիր ունեցող Վրաստանի քաղաքացիների մասին տեղեկատվություն՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակային իրավիճակով: Համաձայն Պարետի թույլտվության՝ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող Վրաստանի 592 քաղաքացու հնարավորություն կտրվի մուտք գործել ՀՀ տարածք՝ սեպտեմբերի 15-ից մեկնարկող ուսումնական գործընթացին մասնակցելու նպատակով:
Պարետի թույլտվությամբ ապահովվել է նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորող Վրաստանի 5 քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, համագործակցելով ՀՀ ԱԳ նախարարության հետ և համաձայն Պարետի թույլտվության, շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ ապահովելու ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող կամ դիմորդ հանդիսացող Վրաստանի քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք: