«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազությունը նյութերի նախապատրաստումը շարունակելու և ընթացքը լուծելու նպատակով ՀՀ ՀՔԾ էր ուղարկել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալի հաղորդման կապակցությամբ նույն ՔԿՀ-ում նախապատրաստվող նյութերը, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությունները՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից երեք դատապարտյալների «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ենթադրաբար ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ և անհրաժեշտ է դեպքի հանգամանքները պարզել լրիվ, օբեյկտիվ ու բազմակողմանի քննությամբ՝ ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի  անդամները ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ պարզել են, որ 2020թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հատուկ ստորաբաժանման կողմից չնախատեսված այց է կատարվել «Նուբարաշեն» ՔԿՀ, և խուզարկություն է կատարվել 4-րդ պատժախցում, որտեղ գտնվել են կալանավորված անձինք՝ Հ.Շ.-ն և Ա.Շ.-ն:

Խուզարկություն կատարելու ընթացքում, ըստ միջադեպի վերաբերյալ կազմված զեկուցագրի, նշված կալանավորված անձինք չեն ենթարկվել աշխատակիցների օրինական պահանջներին: Այդ պատճառով նրանց նկատմամբ կիրառվել են հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ:

Դիտորդները այցի ընթացքում նշված կալանավորված անձանց մարմնի տարբեր մասերում արձանագրել են ակնհայտ տեսանելի և թարմ բազմաթիվ վնասվածքներ:




Լրահոս