Երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին կոպիտ խոսեց ««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքների եւ հարակից օրենքների նախագծերի քննարկման ժամանակ: Բանն այն է, որ այդ կարեւոր նախագծի քննարկմանը, որն արդեն մշակվում է երկու ամիս, կառավարության անդամները եկել են հանպատրաստից, քանի որ միայն երեկ էին ստացել այդ ծավալուն փաստաթուղթը եւ չէին հասցրել ուսումնասիրել: Եվ հենց այդ հանգամանքն էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթն առաջացրեց, որը փորձեց հասկանալ, թե ինչու է այդպես ստացվել, որ կարեւոր նախագծերը նախապես չեն քննարկվում, եւ նույնիսկ ամենափոքր ուղղումներն էլ արվում են հենց կառավարության նիստում:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այդ նախագիծը հրապարակվեց կառավարության նիստի ավարտից անմիջապես հետո, այնինչ հակառակն է լինում. սկզբում նախագիծը պետք է հրապարակվի այդ կայքում, անցնի հանրային քննարկում, բոլոր գերատեսչություններն առաջարկներ ներկայացնեն, եւ նոր միայն այդ ամենի վերջնաարդյունքում նախագիծ կազմվի եւ ներկայացվի կառավարություն:
Այնինչ երեկ հակառակը եղավ, ինչը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, զայրացրել է վարչապետին, եւ նրա նախատինքը չի ավարտվել միայն կառավարության նիստում, եւ դրա ավարտից հետո եւս նա հասկացնել է տվել, որ դժգոհ է կառավարության անդամների այս գործելաոճից, իսկ վերջիններս էլ ձախողումն ընդունելու փոխարեն իրար վրա գցելով էին փորձում մեղավորներ գտնել: Սակայն նկատենք՝ խոսքը կարեւոր նախագծի մասին է, որի կարգավորումները պետք է փոխարինեն արտակարգ դրության իրավական ռեժիմին: Եվ, ահա, այս փոփոխությունը հնարավորություն կտա կիրառել որոշակի միջոցառումներ եւ դրանցով պայմանավորված սահմանափակումներ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաեւ դրանց հետեւանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում:
Դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանը հայտարարել էր, որ ազատման դիմում է ներկայացրել: «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատմությունն այս փուլում այլեւս ավարտված է ինձ համար։ ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել իմ կամքով եւ փոխհամաձայնեցված որոշմամբ»,-հայտարարել էր Առաքելյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանից հետո այդ ոլորտում աշխատանք գտնելու բոլոր դռները փակվել են նրա առջեւ, քանի որ նախարար Արայիկ Հարությունյանն ամեն ինչ արել է, որ նրան ոչ մի տեղ աշխատանքի չընդունեն: Ըստ մեր տեղեկությունների՝ Առաքելյանի ջանքերը՝ տարբեր ձեւերով աշխատանքի ընդունվելու պետական որեւէ հաստատությունում, ապարդյուն են անցել: Վերջինս ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է հայտնվել, քանի որ երկար ժամանակ է՝ աշխատանք չունի: Ու, ըստ մեր տեղեկությունների, Առաքելյանը որոշել է լքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը: Մենք տեղեկացանք, որ նախկին փոխնախարարն իր կուսակցությանը տեղեկացրել է այդ մասին, ավելին՝ հայտնել, թե որն է այդ ամենի պատճառը: Մենք ողջ օրը փորձեցինք տեղեկությունը ճշտել Լուսինե Առաքելյանից, սակայն վերջինս մեր հաղորդագրություններին ու զանգերին չպատասխանեց:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդեպ հարուցված քրեական գործով արդեն 20 մեղադրյալ է ներգրավված, չնայած նախաքննական մարմինն այս հարցով շատ բացահայտումներ դեռ չի անում: Ինչպես հայտնի է, հունիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Այնուհետեւ ԱԱԾ-ն հունիսի 15-ին հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ երեք առանձին դեպքի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել։ Դրանից հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվեց ԱԱԾ` նշված գործերով հարցաքննության։ ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ քրեական գործերից մեկը վերաբերում է 2017թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր եւ համակարգային բնույթ կրող դեպքերին, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ կուսակցության անդամները: Ապա Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խումբը Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված խուզարկությունը համարել էր ապօրինի եւ ՀՀ վերաքննիչ դատարան այն անօրինական համարելու համար բողոք էր ներկայացրել: ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է վերջիններիս բողոքը եւ օրինական է համարել ԱԱԾ-ի գործողությունները, որից հետո Ծառուկյանի պաշտպանական խումբը դիմել է Վճռաբեկ դատարան:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը ««Օլիմպ» արտադրական կոոպերատիվը՝ ընդդեմ Հայաստանի» գործի մասին է, եւ հրապարակված վճռի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է դիմումատուին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում վճարել 2,400 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Սակայն սա միակ վճիռը չէ. արդեն «Անահիտ Մկրտչյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով կառավարությունը պետք է վճարի 26 հազար եվրոյին համարժեք դրամ: Նշենք, որ 2001 թվականի հոկտեմբերի 30-ին Անահիտ Մկրտչյանի որդին մահացել է իր գումարտակի հրամանատարի գրասենյակում գլխին ստացված հրազենային վնասվածքից: Միջադեպի պաշտոնական բացատրության համաձայն՝ մեկ այլ զորակոչիկ պատահաբար կրակել է Անահիտ Մկրտչանի որդու վրա: Սակայն սպանության մեջ Մկրտչյանը կասկածում է հրամանատարին, որը, ըստ նրա, ծաղրի է ենթարկել իր որդուն եւ գումար շորթել նրանից: Մեկ շաբաթ անց զորակոչիկներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով անփութությամբ սպանության համար: ՄԻԵԴ-ը գործում արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) խախտում։ Եվ հերթական անգամ նախկինների սխալների համար գումարներ է տալիս այս կառավարությունը: