ՊԱՐԵՏԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, երեկ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի գրասենյակում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» եւ «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խմբի հերթական նիստը: Քննարկելով համավարակի հետեւանքով երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական կացությունը, գործազրկության եւ աղքատության հարաճուն տեմպերը՝ աշխատանքային խումբը որոշել էր մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծ: ArmLur.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի հետ՝ անդրադառնալով այսօր նիստում կայացված որոշումներին:

 

-Պարո՛ն Մինասյան, հայտնի դարձավ, որ երեք ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» եւ «Հայրենիք» կուսակցությունները, որոշել են պրոցես սկսել՝ դիմակների չկրման տուգանքների հետ կապված:  Նախ դիմելու եք ԱԺ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության միջոցով նախագիծ եք ներկայացնելու: Մի փոքր կմանրամասնե՞ք՝ ինչու որոշեցիք այդ հարցը բարձրաձայնել:

Ինչպես հայտնի է, երեք քաղաքական ուժերի աշխատանքային խումբը երկար ժամանակ է՝ խոսում է այս մասին, բարձրաձայնել է, որ հանրային վայրերում դիմակ կրելու պահանջը օրենքի հետ խնդիրներ ունի: Մասնավորապես, խոսքը նրա մասին է, որ այսպիսի  իրավասությամբ օժտված չէ պարետը, որ սահմանափակումներ նախատեսի, եւ դրանք էլ հետո հիմք հանդիսանան Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված տուգանքներ կիրառելու համար:

-Առաջին գործողությունը, որ իրականացրել ենք, հայցադիմում ներկայացնելն է դատարան, ավելի ճիշտ՝ դիմում ներկայացնելն է պարետի որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու մասով: Մենք չենք վիճարկում դիմակի անհրաժեշտությունը, կարեւորությունը, որովհետեւ հասկանում ենք, որ սա, ըստ իրավիճակների եւ ըստ միջավայրային առանձնահատկությունների, առանձին դեպքերում դիմակ կրելու անհրաժեշտություն կա: Բայց չափազանց կարեւոր է դրա իրավական լինելը: Առանձին դեպքերում կարող է պարետը սահմանել այդպիսի կանոն: Թե՛ սահմանադրությունը, թե՛ «Արտակարգ դրության ռեժիմի մասին» օրենքը եւ թե՛ կառավարության որոշումը՝ 2020թ. մարտի 16-ի, որով սահմանված են  արտակարգ դրության իրավական ռեժիմի հատվածում մարդու իրավունքների սհամանափակումների մասով, չի նախատեսում նման որեւէ դրույթ: Այլ կերպ ասած, պարետը օժտված չէ նման սահմանափակում նախատեսելու լիազորությամբ:

Երկրորդ գործողություն, որ մենք նախաձեռնում ենք, դա օրենքի նախագծի մշակումն է, որով, ըստ էության, արտակարգ դրության իրավական ռեժիմի՝ Վարչական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցները տուգանքների տեսքով, դրանց նկատմամբ, ըստ էության, համաներում պետք է կիրառվի: Օրենքը համաներման մասին չէ, որովհետեւ համաներումը բացառիկ իրավունքը պատկանում է կառավարությանը ներկայացնել որպես օրենք, բայց հոդվածային այնպիսի փոփոխություններ, որոնք կհանգեցնեն այդ տուգանքների չեղարկմանը:

Երրորդ գործողությունն ասեմ, որ դեռեւս ամիսուկես առաջ երեք ուժերի աշխատանքային խումբը մշակել էր, եւ քաղաքական երեք ուժերի՝ «Դաշնակցության», «Բարգավաճ Հայաստանի» եւ «Հայրենիք» կուսակցությունների կողմից ներկայացվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առանձանպես ծանր հանցագործությունների վերաբերյալ հաղորդում. խոսքը գնում էր սահմանադրական կարգի տապալման, իշխանության յուրացման եւ լիազորությունների անցման հոդվածներով հանցագործության մասին հաղորդմամբ քրեական գործի հարուցման դիմումը: Այս դիմումը մերժվել էր ՀՔԾ-ի կողմից, մենք բողոք էինք բերել դատախազություն, որը  հաստատել է քննիչի մերժման օրինականությունը: Հիմա մենք որոշում կայացրեցինք, որ վիճարկելու ենք այդ որոշումը ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատական կարգով դատախազությանը պարտավորեցնենք հարուցելու քրեական գործ:     

-Պարո՛ն Մինասյան, պարերատան դեմ դատական հայց եք ներկայացրել. դա հայց է պարետատա՞ն, թե՞ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ, որը պարետն է, որոշումն ինքն է կայացնում:

-Մեր  իրավական համակարգում պարետ հասկացությունը՝ սահմանադրության մակարդակով, չկա: Իսկ Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները օրենքով նախատեսված լիազորությունների սահմաններում կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր: Պարետ հասկացությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ չկա: Ավելին, Սահմանադրությունը տալիս է, որ արտակարգ դրության ժամանակ մարդկանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակման լիազորությունը պատկանում է կառավարությանը: 

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

«ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՔՈՒՐ Է, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ». ԱԻ ՆԱԽԱՐԱՐ

Երեկ՝ վաղ առավոտյան, փրկարարները կրկին վերականգնել էին աշխատանքները Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ շենքի պայթյունի տարածքում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ArmLur.am-ին հայտնեց, որ այժմ տարածքում մաքուր է, աշխատանքներն ավարտվել են, եւ փլատակներ չկան:

 

Ավելին, նախարարը մեզ հայտնեց, որ արդեն երեկ՝ ուշ երեկոյան, շենքի  առաջին, երկրորդ, երրորդ եւ չորրորդ մուտքերի բնակիչները վերադարձել են իրենց բնակարաններ, եւ միայն այդ փլված մուտքի բնակիչների համար է ժամանակավոր կեցավայր տրամադրվել: Աշխատանքները վերսկսվել են. ԱԻՆ ՓԾ Երեւանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ եւ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը տեղում իրականացնում է հերթապահություն։

Հիշեցնենք, որ երեկ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային բնակելի շենքում։ Մասնակի փլուզվել է հինգերորդ շքամուտքում գտնվող 12 բնակարան։  Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ, շենքի փլուզված հատվածից եւ հարակից բնակարաններից իրականացրել են 19 քաղաքացու տարհանում։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 08։20-ի սահմաններում փլատակներից դուրս է բերվել երկու տուժած քաղաքացի, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր. տուժած Սվետլանա Ս.-ի (ծնված 1949թ.) առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ տուժած Էդգար Մ.-ինը (ծնված 1979թ.)՝ ծայրահեղ ծանր։ Ժամը 13։01-ին՝ մոտ հինգ ժամ շարունակվող որոնողափրկարարական աշխատանքներից հետո, փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել Արթուր Ղ.-ի (ծնված 1962թ.) դին։

 

 

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է

Զոհրապ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահադիտական նպատակով կազմակերպել է Հայաստանի Հանրապետության  քաղաքացիների եւ նրանց զավակերի անօրինական միգրացիան ՀՀ դեպի Եվրոպա, որը կատարվել է ելքի եւ մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր ՀՀ-ում Իտալիայի դեսպանության վիզաների բաժին ներկայացնելով, որի արդյունքում անձանց տրամադրվել են Շենգենյան համաձայնության երկրների մուտքի արտոնագիր։

 

 

ԴԱՏԱՐԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑԵԼ

Երեկ Վճռաբեկ դատարան է ներկայացվել Մարտի 1-ի դեպքերով հարուցված հայտնի «7-ի գործով» քաղբանտարկյալ, 225-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտված Ալեքսանդր Արզումանյանի՝ Վճռաբեկ բողոքը՝ արադարացման պահանջով: Ալեքսանդր Արզումանյանը 2017 թվականից անցել է դիվանագիտական ծառայության եւ Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Շվեդիայի Թագավորությունում, Իսլանդիայի Հանրապետությունում, Ֆինլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան է: Սա «7-ի գործով» քաղբանտարկյալների երրորդ բողոքն է Վճռաբեկ դատարանին:

 

 

ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ՝ ԱՐՑԱԽԻՑ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Արմենակ Ուրֆանյանի անձնուրաց ու հայրենանվեր պահվածքի մասին ժամանակին բազմաթիվ քննարկումներ են եղել:

 

 

ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է

Կառավարությունը որոշում է կայացրել սեպտեմբերի 1-ից վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ Վանուշ Դավթյանի լիազորությունները: Ըստ այդմ՝ ուժը կորցրած ճանաչվեց Հայաստանի Հանրապետության  կառավարության 2018 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ եւ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամներ նշանակելու մասին» N 562-Ա որոշման 5-րդ կետը:

 




Լրահոս