ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԹԵԺ ԼԻՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու հերթական նիստը, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, ավագանին պետք է ընտրի Երեւանի քաղաքապետի տեղակալ, եւ հենց այս հարցի քննարկումը խոստանում է հետաքրքիր լինել: Նախ հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը համաձայնությամբ դադարեցրեց իր աշխատանքը քաղաքային իշխանությունում եւ նման ցանկության առկայության մասին հայտնել էր դեռ փետրվարին, սակայն հետո քաղաքապետ Հայկ Մարությանի հետ համաձայնություն էր ձեռք բերել կորոնավիրուսային այս իրավիճակում շարունակել մնալ եւ աշխատել: Եվ, ահա, սեպեմբերի 8-ի ավագանու նիստում ի վերջո նրան փոխարինող կընտրեն:

 

Եվ նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի փոխարեն քննարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական, 29-ամյա Սերգեյ Ներսիսյանի թեկնածությունը: Եվ մինչ նիստի օրն արդեն հայտնի է, որ Երեւանի ավագանու իշխող խմբակցության ներսում անհամաձայնություն է առկա այս թեկնածուի շուրջ, որին ընտրել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Նշենք, որ Սերգեյ Ներսիսյանը մասնագիտությամբ ֆինանսիստ եւ  ղեկավարելու է քաղաքապետարանի ֆինանսական բլոկը, որով էլ առաջ զբաղվում էր Հայկ Սարգսյանը:

Սակայն, ինչպես նշեցինք, այդ օրը նիստն այնքան էլ հարթ չի ընթանա: Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն անգամ չի բացառում, որ քաղաքապետի թեկնածուն կարող է չընտրվել՝ հաշվի առնելով, որ իմքայլականներն ամենամեծ խմբակցությունն են ներկայացնում, եւ հենց նրանից է մեծամասամբ կախված քվեարկությունը: Եվ չնայած ընդդիմադիր խմբակցությունը դեռ չի քննարկել թեկնածուի հարցը, սակայն Անի Խաչատրյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե կոնկրետ ինքը կողմ է քվեարկելու Սերգեյ Ներսիսյանի թեկնածությանը:

«Այս պահին դեռ քննարկում չի եղել, բայց մենք թեկնածուներին կողմ ենք քվեարկում, քանի որ աշխատանքով պետք է դատենք նրանց: Իհարկե, թեկնածուի կենսագրությունն այնպես չի, որ ոգոեւորող է, եւ չնայած դեռ քննարկում չենք ունեցել, բայց ես կողմ եմ քվեարկելու, կարծում եմ՝ մյուս անդամները եւս»,- նշեց Խաչատրյանը:

Խաչատրյանը եւս մեզ հետ զրույցում ընդգծեց, որ իշխող խմբակցության ներսում է առկա տարաձայնություն, եւ հենց նրանցից է լինելու քվեարկության ընդհանուր պատկերը: «Վերջին շրջանում տեսնում ենք տարաձայնություններ խմբակցության ներսում, վերջին վառ օրինակը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ներկայացրած նախագծի քննարկումն էր, եւ սա այն դեպքում, երբ Սասուն Միքայելյանը ոչ վերջին անդամն է կուսակցության ներսում, սակայն  տեսանք, թե այդ նախագծին ինչպես վերաբերվեցին: Սակայն Ներսիսյանի համար ավելի բարդ է լինելու ընտրվելու պարագայում»,- հավելեց Խաչատրյանը:

Վերջինս ավագանու անդամների այդպիսի դիրքորոշումը բացատրում է այն հանգամանքով, որ վերջիններս մոռացել են, որ քաղաքապետի թեկնածու առաջադրելը հենց քաղաքապետի լիազորությունն է, եւ ավագանին ոչ թե պետք է որոշի, թե ով է թեկնածուն, այլ ընտրի կամ ոչ:

ArmLur.am-ը փորձեց նաեւ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունից պարզել, թե նրանք ինչ դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ: ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը նշեց. «Դեռ այդ հարցը չենք քննարկել, քանի որ միայն երեկ է եկել նախագիծը: Հետո նաեւ չի եղել հանձնաժողովների նիստ, եւ մեր խմբակցությունը հաջորդ շաբաթ նիստ կանի, որտեղ կքննարկվեն գալիք ավագանու նիստի օրակարգային հարցերը: Դրանից հետո արդեն խմբակցությունն իր դիրքորոշումը կհայտնի»:

Հավելենք, որ սեպտեմբերի 8-ին մեկնարկող Երեւանի ավագանու նիստում, ի թիվս այս հարցի, կան նաեւ օրակարգային այլ հարցեր: Օրինակ՝ օրակարգում ընդգրկված է փողոցի անվանափոխության, մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրում, ինչպես նաեւ կքննարկվի Երեւանի ավագանու կանոնակարգի մի քանի դրույթների փոփոխության հարցը:

Հիշեցնենք, որ խոսքը Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախագծի մասին է, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Երեւան քաղաքի ավագանու որոշումներից մեկի մեջ: Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություն կատարել ավագանու նիստերի անցկացման կարգի մեջ՝ փոփոխելով, օրինակ, հարց տալու, արձագանքելու համար նախատեսված ժամանակը:

Այժմ, կանոնակարգի համաձայն, քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները եւ խմբակցությունների ղեկավարները հարց են տալիս ու ելույթ ունենում արտահերթ, սակայն հիմա նա առաջարկում է խմբակցություններին զրկել այդ իրավունքից եւ ամրագրել, որ միայն քաղաքապետն ու քաղաքապետի տեղակալը կարող են արտահերթ ելույթ ունենալ: Բացի այդ, այժմ ավագանու յուրաքանչյուր նիստից հետո տեղի է ունենում հարցուպատասխան՝ քաղաքապետի, տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների եւ ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ավագանու անդամն առաջարկում է դա թույլ տալ երկու ամսվա մեջ առնվազն մեկ նիստի ընթացքում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԴԻՄԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ դիմակ չկրելու ռեժիմը խախտելու համար տուգանքները չեղյալ համարելու մասով. «Օգոստոսի 26-ին դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ այն քաղաքացիների հանդեպ, որոնք հաշվառված են անապահովության գնահատման համակարգում»,-նշել է նա:

 

 

ԿԱՐՃՎԵԼ ԵՆ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումներով կարճվել են 2020թ. մարտի 16-ից մինչեւ մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ եւ բժշկական ձեռնոցների եւ մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների շրջանառության ոլորտներում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների եւ/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ ս.թ. մայիսի 26-ին հարուցված վարչական վարույթները: Վարչական վարույթների քննությամբ խոշոր տնտեսվարողների կողմից ձեռնոցների եւ դիմակների իրացման ոլորտներում մրցակցության օրենսդրության խախտման երեւույթներ չեն բացահայտվել:  Տնտեսվարող սուբյեկտների կողմից 2019թ. դեկտեմբերին, 2020թ. մայիսի համեմատ, ձեռնոցների եւ դիմակների պարագայում վերադիրների ավելացում տեղի չի ունեցել, սակայն տեղի է ունեցել դիմակների եւ ձեռնոցների բարձր գներով ձեռք բերում:

 

 

ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ

Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մերժել Գագիկ Խաչատրյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի եւ Ամրամ Մակինյանի միջնորդությունն ու անփոփոխ թողնել Խաչատրյանի խափանման միջոց կալանավորումը: Նշենք, որ պաշտպանական կողմը դատարանին միջնորդել է Գագիկ Խաչատրյանին ազատ արձակել կամ առնվազն գրավ կիրառել։ Պաշտպանները պնդել են, որ Խաչատրյանին կալանքի տակ պահելու որեւէ հիմք չկա, գործից թաքնվելու կամ խոչընդոտելու ռիսկ նույնպես չկա։

 

 

 

ՌՈՒՄԲ՝ «ԱՋԱՐԱԲԵԹ.ԷՅԷՄ»-ՈՒՄ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն» երեկ տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ուլնեցի փողոցում գտնվող «Աջարաբեթ.էյէմ» գրասենյակում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։

 

 

ԱԱԾ-Ի ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու համար: Մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ի միջնորդությունը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի սեպտեմբերի 1-ին: Իսկ ինչ է սպասվում Վանիկ Ասատրյանին՝ սպասենք զարգացումներին: Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործով, որով նաեւ Գագիկ Ծառուկյանն է անցնում։ 64-ամյա Վանիկ Ասատրյանը պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով, եղել է Սպիտակի քաղաքապետ, Լոռու փոխմարզպետ։ ArmLur.am-ը զրուցել էր նրա փաստաբան Էմին Բեգլարյանի հետ, որը նշել էր. «Ասատրյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում, խոսքը վերաբերում է 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին, որի ընթացքում վերջինս Լոռու մարզից ընտրվել էր որպես Ազգային ժողովի պատգամավոր»:

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾԸ

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի գործը: Ինչպես հայտնի է, 2020 թվականի մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ իր ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով 2020թ. ապրիլի 11-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք: 2020թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանություն Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: Քրեական գործով որոշում է կայացվել Նիկոլայ Բաղդասարյանին տուժող ճանաչելու մասին: Այս գործով կալանավորվել էր Արթուր Ալեքսանյանը, որն ավելի ուշ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել: Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության վերաքննիչի որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում, որն էլ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել, իսկ ինչ որոշում կկայացնի, կկալանավորի Արթուր Ալեքսանյանին, թե ոչ, սպասենք զարգացումներին:

 




Լրահոս