ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Սյունիքի մարզում
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Դաստակերտ քաղաքում չգործող կիսակառույց շինության մեջ հայտնաբերել են կնոջ կախված դի։ Պարզվել է, որ նա 5 օր առաջ ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, 34-ամյա Արմինե Մ.-ն էր։ Փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նա խնամքին ուներ 5 անչափահաս երեխա։
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

 

ՀՈԳԵՎՈՐ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչու է եկեղեցում հոգեհանգիստ կատարվում։ Կա՞ հատուկ նշանակություն:
Ալինա Ջիլավյան (36 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հոգեհանգստի ժամանակ ամբողջ համայնքով աղոթում ենք տվյալ ննջեցյալի հոգու հանգստության համար։ Հավատով աղոթում ենք, որ Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Աստված ննջեցյալին Իր սրբերի կարգը դասի։ Այսինքն՝ աղոթքով խնդրում ենք, որ ննջեցյալն Աստծո տեսությանն արժանանա։
Մարդն իր հոգեւոր կյանքը պետք է սկսի եկեղեցում (մկրտությամբ) եւ այնտեղ էլ ավարտի: Այդ պատճառով, երբ քրիստոնյան մահանում է, նրա հոգին եկեղեցու ուղեկցական աղոթքներով է ճանապարհվում: Քանի որ մենք հավատում ենք հոգու անմահությանը, ուստի մեր աղոթքներում հիշում ենք մեր սիրելի մարդկանց նաեւ նրանց ֆիզիկական մահից հետո՝ տարիներ անց: Եկեղեցում հոգեհանգիստի եւ Սուրբ հաղորդության ժամանակ մենք հոգով միավորվում ենք հանգուցյալների հետ՝ ըստ Աստծո խոսքի. «… բոլորը Նրա համար կենդանի են» (Ղուկ. 20:38):
Հայ առաքելական եկեղեցի, Արարատյան հայրապետյան թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բավականին տպավորիչ կերպով ներկայացված է պատասխանը. թող բոլորի աղոթքները լսելի դառնան:

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ որն է ավանդների երաշխավորման հիմնադրամը:
Նաիրի Գրիգորյան (51 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադրման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության եւ հուսալիության ապահովումն է ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով:
Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է: Հիմնադրամի գործունեության նպատակը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ավանդների հատուցման երաշխավորումն ու ավանդատուների շահերի պաշտպանությունն է:
Միայն դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը սահմանված է 10 մլն դրամի, իսկ միայն արտարժութային ավանդի համար` 5 մլն դրամի չափով:
Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 5 մլն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ, եւ արտարժութային բանկային ավանդը` 5 մլն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Հայաստանի Հանրապետության ենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը 5 մլն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչեւ 10 մլն հայկական դրամով։

 




Լրահոս