ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 14-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանին զուգահեռ իրենց աշխատանքներն են սկսում նաեւ մշտական հանձնաժողովները եւ քննարկելու են հարցեր, որոնք պետք է ընդգրկվեն արդեն հիմնական նստաշրջանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 3-ին տեղի է ունենալու ԱԺ պետական-իրավական  հարցերով մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվելու է բազմաչարչար «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Այստեղ ուշագրավ է, որ նախագծերի փաթեթը կառավարության կողմից անհետաձգելի էր համարվել դեռ  հուլիսի 9-ին, երբ ընդունվել էր կառավարության կողմից: Սակայն խորհրդարանն անհետաձգելի համարված նախագիծն այդպես էլ չընդունեց: Նախ` նկատենք, որ այդ նախագծով առաջարկվում է սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը, իսկ հրամանները կամ հանձնարարականները չկատարելն առաջացնելու է տուգանքի նշանակում՝ 300-500 հազար դրամի չափով: Եվ, ահա, այդ ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է արել եւ բուռն քննարկել նախագիծը, եւ արդյունքում որոշում է կայացվել այս փուլում չքննարկել նախագիծը՝ այն թողնելով քննարկման հերթական նստաշրջանում՝ սեպտեմբերին: Եվ, ահա, այդ աղմկահարույց նախագիծն արդեն նոր նստաշրջանի օրակարգում է, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այժմ էլ խմբակցության ներսում միակարծիք չեն նախագծի շուրջ, եւ չի բացառվում, որ դեմ քվեարկողներ եւս շատ լինեն: Հավելենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի մասնակցի հանձնաժողովում եւ լիագումար նիստում այդ հարցով քննարկումներին, քանի որ նա օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 18-ը լինելու է արձակուրդում. նրան փոխարինելու է Անահիտ Ավանեսյանը, որն էլ լինելու է հիմնական զեկուցողը:  Հավելենք, որ օգոստոսի 4-ին նախագծերի փաթեթը փորձաքննություն է անցել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում, եւ արձանագրվել են խնդիրներ, բացթողումներ, որոնք պետք է լուծվեն:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ ինքը որեւէ նպատակ չունի առաջիկայում անձամբ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու՝ չնայած այն բանին, որ վերջերս ասուլիսով է հանդես եկել ու մի քանի հանդիպումներ ունեցել ՀՀԿ-ական երիտթեւի անդամների հետ: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը ցանկություն չունի նոր իշխանությունների հետ հարաբերությունները փչացնել ու նրանց առավել լարել իր դեմ։ Նրա այս պահվածքը նկատվեց հատկապես Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներին վերաբերող ասուլիսի ժամանակ: Ու չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը երբեմն-երբեմն հանդիպումներ է ունենում նաեւ իր թիմակիցների կամ անհատների հետ, այնուամենայնիվ, իր համար էլ պարզ է, որ իր կամ իր մերձավորների դեմքով քաղաքական պայքարը դատապարտված է տապալման։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստացած տեղեկությունները ճշտել Սերգ Սարգսյանի գրասենյակի մամուլի պատասխանատու Մերի Հարությունյանից, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց իրականացրած գործունեության վերաբերյալ նոր բացահայտում է արել: Մասնավորապես, ԱԱԾ-ն բացահայտել է, որ իրավաբանական անձ հանդիսացող ընկերությունը 2019թ. մայիս-հունիս ամիսներին, մասնակցելով ՀՀ ՊՆ շենքերի շինությունների ընթացիկ արտաքին ջրագծերի, ինչպես նաեւ օդափոխության համակարգի նորոգման աշխատանքների համար հայտարարված բաց մրցույթներին, ճանաչվել է հաղթող: 2019թ. հուլիսի 13-ին եւ 31-ին նշված ընկերությունը ՊՆ հետ կնքել է պայմանագրեր՝ 150 մլն  դրամ արժողությամբ, որով ընկերությունը պարտավորվել  է զորամասերում իրականացնել նորոգման աշխատանքներ, սակայն չկատարելով իր պայմանագրային պարտավորությունները, նախնական համաձայնության գալով ՀՀ ՊՆ իրավասու պաշտոնատար անձանց հետ՝ փաստաթղթերում ներառել են իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ ու ուռճացրել կատարված աշխատանքների ծախսերը՝ պետությունից հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր. 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախություն), 325 հոդ. 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը), 314 հոդ. 1-ին մասի (Պաշտոնեական կեղծիք), 375 հոդ. 3-րդ մասի (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) հատկանիշներով:

 

 

2020թ. հունվար-հուլիս ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 789.7 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. ինն ամսվա համար հաստատված ցուցանիշի 68.1 %-ը։ Հատկանշական է, որ 2020թ. փաստացի ցուցանիշը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 5.1 %-ով կամ 42.2 մլրդ դրամով, իսկ 2018թ. համապատասխան ցուցանիշը գերազանցում է 17.0 %-ով կամ 114.5 մլրդ դրամով: ՊԵԿ կողմից հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ 2020 թվականի արդյունքները պակաս են 2019 թվականի արդյունքներից, սակայն, ամեն դեպքում, ավելին են, քան եղել են 2018 թվականին: Եվ կրկին այդ ամենի պատճառը կորոնավիրուսային իրավիճակն ու դրանով պայմանավորված արտակարգ դրությունն էր, երբ մի քանի ամիս տնտեսությունն ուղղակի կանգ առավ: Ըստ այդմ, 2020 թ. հունվար-հուլիս ամիսներին ավելացված արժեքի հարկի գծով մուտքերը կազմել են 253.9 մլրդ դրամ, որը 2019թ. համապատասխան ցուցանիշին զիջում է 6.6 %-ով, սակայն 2018թ. ցուցանիշը գերազանցում է 11.6 %-ով, շահութահարկի գծով մուտքերը կազմել են 102.5 մլրդ դրամ, որը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 15.4 %-ով, իսկ 2018թ. ցուցանիշից պակաս է 3.7 %-ով:

 

 




Լրահոս