ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՑԱՆՑՈՒՄ ՈՉԻՆՉ ՉՓՈԽԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ArmLur.am-ի  հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց առաջիկայում անցկացվող մրցույթից, որի նպատակը երթուղային ցանցի նոր համալրումն է: Սակայն հետաքրքիր է, որ երթուղային ցանցը համալրվելու է ոչ թե ավտոբուսներով, այլ միկրոավտոբուսներով: Եվ ավելին՝ դրան զուգահեռ շարունակելու են գործել նաեւ նախկին «գազելները», այլ կերպ ասած՝ «մահաբեր գազելները»:

 

-Պարո՛ն Խաժակյան, Երեւանի տրանսպորտի հետ կապված բացահայտումներ եք արել, եւ ներկայացրիք հանրությանը: Մի փոքր մանրամասնեք՝ ունեք արդյոք փաստեր, եւ ինչ եք բացահայտել:

-Ես խոսեցի այն մասին,  թե ինչ մրցույթ է կայանալու: Բացվելու են քաղաքապետարանի կողմից մրցույթի հայտերը իրենց ձեւակերպմամբ փոքր ավտոբուսների: Ես ներկայացրեցի այդ տեխնիկական բնութագրերը, թե ինչ են նախատեսել գնել եւ պաշտոնական կայքից հանեցի քաղվածք, թե ինչպիսի են «Գազելի» բնութագրերը, եւ համադրությունը ցույց տվեց, որ ակնհայտորեն ցանկացել են հենց այդ մակնիշը ձեռք բերել, եւ տեխնիկական բնութագրերն այնպես են գրված, որ հիմնական մասնակիցն ու հաղթողը կարող էր լինել հենց այդ մակնիշի «Գազելը»: Եվ ես պնդեցի, որ, փաստորեն, առաջին անգամն է, որ հարկատուների միջոցներով քաղաքապետարանը ձեռք է բերում «գազելներ», մինչդեռ դա միշտ գնել են մասնավոր կազմակերպությունները, եւ ավելին՝ նշեցի, որ նոր տրանսպորտային  ցանցում այդ «գազելները» չեն կարող լինել, քանի որ ամենափոքր տեղատարողության ավտոբուսը, որը նախատեսված է, դա 40-55 տեղանոց ավտոբուսներն են: Փաստորեն, ստացվում է, որ նոր տրանսպորտային ցանցի նեդրման հանձնառությունից հրաժարվում է քաղաքապետարանը եւ անցնում հին ու բարի «գազելներին»: Նաեւ խոսեցի այն մասին, ինչը վերաբերում էր այն 450 «գազելներին», որոնք պետք է այս տարի  դուրս մնային գծերից 15-ամյա մաշվածության պատճառով, բայց կա ներքին հրահանգ դուրս չբերելու դրանք, շարունակելու  շահագործել: Ես զգուշացնում էի մեր հանրությանն ու իշխանություններին, որ եթե  հանկարծ մի մեքենա վթարվի, մարդիկ զոհվեն, հետո հարուցելու են քրեական գործ եւ դատեն այն մարդուն, որը պետք է թույլ տար, կամ վարորդին: Մինդեռ սա կառավարության որոշումն է: Եթե թույլ են տալիս երկարաձգումը, պետք է քաղաքական բեռը վերցնեն իրենց վրա, կառավարության որոշումը փոփոխեն կամ համալրեն  եւ պատասխանատու լինեն բոլոր միջադեպերի համար,  իսկ եթե ոչ, պարզապես այդ «գազելները» դուրս բերեն:

-Այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանը «մահաբեր գազելները» նորից շահագործելո՞ւ է:

-Այո, խոսքը գնում է 15-ամյա «գազելների» մասին, 2005թ. արտադրության, որոնց մաշվածությամբ շատ միջադեպեր ենք տեսել, այդ թվում եւ՝ մահվան ելքով, ինչը շատ ցավալի է: Բայց ամենակարեւորն այն է, որ, հիշում եք, Փաշինյանն ավտոբուսով երթեւեկելիս զանգել էր Մարությանին, խոստանում էր  քաղաքացիներին, որ պետք է տրանսպորտային ցանցը փոխվի: Մարությանի հեղափոխությունը ո՞րն էր՝ հին «գազելները» փոխարինել նոր գազելներով: Ստացվում է, որ Մարությանը տրանսպորտային  ցանցում  ոչինչ չփոխեց:

-Իսկ ավտոբուսների հարցի մասին ի՞նչ կասեք: Օրակարգից հանվե՞լ է, այլեւս չե՞ն գործելու ավտոբուսներ: Ճի՞շտ է, որ երթուղային տրանսպորտը «գազելներով» է փոխարինվելու:

-Իհարկե, հիմա իրենք կասեն, որ մեկը մյուսի հետ կապ չունի: Մենք շարունակելու ենք, տրանսպորտային ցանցը ներդրվելու է: Բայց պետք է ազնիվ լինեն եւ ասեն՝ այն 100 ավտոբուսները, որոնք պետք է ՎԶԵԲ-ի մրցույթով բերեին, այդ մրցույթը չեղյալ է համարվել, եւ այդ 112 մետրանոց ավտոբուսները չեն բերվելու:

-Ովքե՞ր են մեղավորները, որ մրցույթը չեղյալ է հայտարարվել:

-Քաղաքապետարանը քանի որ չկարողացավ այնպիսի մասնակցություն ապահովել, հայտ պատրաստել եւ տեխնիկական բնութագրեր սահմանել, որոնցով մարդիկ կգային եւ կմասնակցեին, եղան մասնակիցներ, որոնց ներկայացրած հայտերը պարզապես չբավարարվեցին:

-Դա՞ է պատճառը, որ ելք չունենալով՝ «գազելներ» են բերում:

-Բնականաբար այո, ինչը նշանակում է, որ իրենց ապիկարությունը բերեց նրան, որ նրանք կարողացան առավելագույնը «Գազել» ձեռք բերել. չէ՞ որ որեւէ իշխանություն կցանկանար մեծ տարողությամբ տրանսպորտային միջոց ձեռք բերել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը, Արա Սահակյանը, Արսեն Բաբայանը, Լիլիթ Գալստյանը դատի են տվել պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Նրանք դատարանում ցանկանում են վիճարկել «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների եւ կանոնների վերաբերյալ» պարետի 2020 թվականի օգոստոսի 18-ի թիվ 253-Ն որոշման 5-րդ, 5.1-րդ եւ 5.2-րդ կետերը: Նշենք, որ դատարանում գործը քննելու են դատավորներ Սամվել Հովակիմյանը, Էդվարդ Նահապետյանը, Միքայել Մելքումյանը, Դանիել Դանիելյանը, Լիանա Հակոբյանը:

 

Իսկ ի՞նչ որոշման մասին է խոսքը. նշենք, որ պարետի օգոստոսի 18-ի որոշման 5-րդ կետը վերաբերում էր պարտադիր դիմակ կրելուն: Մասնավորապես, այդ որոշմամբ սահմանվել էր, որ  դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ՝

ա. մինչեւ 6 տարեկան երեխաների,

բ. քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3- րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ,

գ. ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս,

դ. բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում եւ լողափներում, սարերում, անտառներում եւ նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական եւ կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված անհատական եւ խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղեւորությունների եւ նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում,

ե. հեռուստահաղորդավարների, եթե հեռուստահաղորդումների եւ հեռուստածրագրերի  հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ,

զ. հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետների:

Հենց որոշման հինգերորդ կետի կանոններն էլ ցանկանում են վիճարկել քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս