4-ՐԴ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ՝ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՆՎԱՆ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի քաղաքպետի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում, քաղաքապետը հերթական անգամ հայտնվել է  իրավապահների տեսադաշտում: Օգոստոսի 28-ին Գորիս քաղաքում տեղի էր ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուքը: Միջադեպը արձանագրվել է վիճաբանության վայրում տեղադրված տեսախցիկով: Ծեծկռտուքը տեղի է ունեցել գիշերը ժամը 01:0-ի սահմաններում Անկախության փողոցում գործող «Կառլսոն» խանութի հարեւանությամբ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում: Պարզվել էր, որ Արթուր Գյուրջյանի հետ վիճաբանել են Գորիս քաղաքի բնակիչներ Ա. Առուշանյանը, վերջինիս բարեկամը՝ 36-ամյա Էրիկ Աղաջանյանը, եւ 30-ամյա Հարութ Լալազարյանը:

 

Ինչ է այս քրեական գործերից հետո սպասվում Գորիսի քաղաքապետին՝ դեռեւս պարզ չէ, սակայն մեզ հայտնի դարձավ, որ  իշխանության ներսում համբերության բաժակը լցվել է, եւ նրա հարցը կբարձրացնեն:  Իսկ ի՞նչ գործերով է անցնում քաղաքապետ Առուշանյանը:

Փաստ 2

Օրերս Գորիսում կալանել էին կապալառու կազմակերպության՝ «Վահագն եւ Սամվել» ՍՊ ընկերության հինգ բեռնատար մեքենաները, որոնք Գորիսից խիճ ու ավազ էին տեղափոխում կառուցվող ճանապարհի համար։

Բանն այն է, որ Գորիսում 2020թ. հիմնանորոգվելու է Տաթեւ-Կապան ավտոմայրուղու Տաթեւ-Աղվանի հատվածը, սակայն իրավապահների գործողություների արդյունքում գործընթացը կանգնեցվել է: Ընկերության ներկայացուցիչ Գեղամ Սիմոնյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ տասը օր է, ինչ բեռնատարները կալանված են ոստիկանության Գորիսի բաժնում։ Կապալառու կազմակերպությանը հասած տեղեկությունների համաձայն՝ մեքենաների բեռը՝ խիճն ու ավազը, իրեղեն ապացույց են ճանաչվել իրենց ընկերության հետ կապ չունեցող ինչ-որ քրեական գործով։ Փաստորեն, խաթարված է Աղվանի-Տաթեւ ճանապարհի կառուցման բնականոն ընթացքը, ինչը հարցականի տակ է դրել մայրուղին նախատեսված ժամկետում շահագործման հանձնելու հեռանկարը։

Մյուս կողմից՝ ճանապարհաշինական ընկերությունը շարունակում է վնասներ կրել օրեցօր, որը ոչ պակաս մտահոգող խնդիր է շինարարական կազմակերպության համար։

Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրականում Տաթեւ-Կապան ավտոմայրուղու ավազը մատակարարել է «Բեսթ Ռոուդ» ընկերությունը, որը կապվում է  Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ, եւ դա է պատճառը, որ իրավապահները կալանել են բեռնատարները, քանի որ քաղաքապետի  անվան շուրջ  քրեական գործեր են քննվում:

Փաստ 3

Ամիսներ առաջ Առուշ Առուշանյանի եւ նրա տեղակալ Մենուա Հովսեփյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել: Վերջիններս առեւանգել էին Գուրգեն Հ.-ին եւ ծեծի ենթարկել: Քրեական գործով փաստաբան Լուսինե Զեյնալյանը լրատմավիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ Գուրգեն Հ.-ն 2015 թվականից աշխատել է Գորիսի քաղաքապետին պատկանող մթերային խանութներից մեկում. «Սկզբնական շրջանում ամեն ինչ նորմալ է ընթացել, սակայն հետո կենցաղային խնդիրներ են առաջացել. հաշվարկ են կատարել, եւ 33 միլիոն դրամի պահանջ է ներկայացվել տուժողին, թե չէ ձեռքից կխլեն որոշակի գույք»: Ըստ պաշտպանի՝ երիտասարդը չի կարողացել վճարել նշված գումարը, ինչից հետո նրա նկատմամբ բռնություններ են կիրառվել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով («Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով», պատիժը՝ ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով («Ինքնիրավչությունը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով», պատիժը՝ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը այս քրեական գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրել Առուշ Առուշանյանին, որը նախաքննական մարմիններին հայտնել է, որ նման բան չի եղել, ինքը մարդու չի առեւանգել, չի ծեծել:

Փաստ 4

2019 թվականի հունիսի 6-ին ոստիկանությունը հայտնել էր, որ ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության եւ Կապանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը խաբեությամբ հափշտակելու դեպք է բացահայտվել: Մասնավորապես, Սյունիքի մարզի Խնձորեսկի բնակիչը 2017 թվականի նոյեմբերին եւ 2018 թվականի հունվարին դիմել էր համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող խանութի եւ բաղնիքի շենքերի նկատմամբ իր իրավունքները, իբր, վերականգնելու խնդրանքով: Հայտնել էր, թե, իբր, շենքերն ինքն է կառուցել, բայց կառուցման հիմք հանդիսացող փաստաթղթերը չեն պահպանվել:

Սակայն նախնական քննությամբ պարզվել է, որ դիմողի ընտանիքը տարիներ շարունակ առանց օրինական հիմքերի օգտագործել է շինությունները: Պարզվել է նաեւ, որ համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք չեն կատարել ծառայողական պարտականությունները. շինությունների պատկանելությունը ստուգելու փոխարեն բավարարել են դիմումը բացառապես քաղաքացու ներկայացրած տվյալներով, կազմել եւ համայնքի ղեկավարի հաստատմանն են ներկայացրել գույքային իրավունքները վերականգնելու եւ անձի սեփականությունը համարելու մասին համապատասխան որոշումներ: Քաղաքացին նշված որոշումները ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանում, իր անվամբ ստացել է սեփականության իրավունքի վկայականներ ու խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի` 4,250,000 դրամի խանութի եւ բաղնիքի շենքերը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործով դարձյալ անցնում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, մասնավորապես՝ այն դրվագով, որ նա է այդ դիմումի տակ ստորագրող անձը եղել, եւ հիմա իրավապահները նրա ստորագրությունը ուղարկել են փորձաքննության, որի եզրակացությունից հետո շատ հարցերի պատասխաններ կտրվեն: Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի՝ մինչ օրս քաղաքապետը վերոնշյալ գործերով  կարգավիճակ չունի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՆՈՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Հատուկ քննչական ծառայությունում Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին եւ նրա կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին վերաբերող նոր քրեական գործ է հարուցվել: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի՝ վատնման հատկանիշներով: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռեւս չկան: Հիշեցնենք, որ Ղազարյանին եւ Բեգլարյանին վերաբերող մեկ այլ քրեական գործ վերջերս կարճվեց՝ հանցագործությամբ պատճառած վնասի՝ 2 միլիարդ 837 միլիոն ՀՀ դրամի փոխհատուցման հիմքով: Հանցակազմի բացակայության հիմքով՝ կարճվել էին նաեւ Վաչագան Ղազարյանի կողմից իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու եւ ապօրինի հարստանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործերը: Կարճվել էր նաեւ Ղազարյանի եւ նրա կնոջ կողմից «Յանս» ակումբի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքով հարուցված քրեական գործը, ինչի դեմ, սակայն, նախկին գլխավոր հաշվապահը բողոք է ներկայացրել դատարան. այն դեռեւս քննության փուլում է:

 

 

ԾԵԾԵԼ ԵՆ ՃՈ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանում: Կասկադում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին: Ականատեսների խոսքով՝ ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են մեկ մեքենայի եւ տուգանել են նրան երթեւեկության կանոնները խախտելու համար: Ավելի ուշ տուգանված վարորդի ընկերները հաշվեհարդար են տեսել ՃՈ աշխատակիցների նկատմամբ եւ գալով Կասկադի հարակից տարածք՝ ծեծի են ենթարկել նրանց: Ավելի ուշ, ոստիկանությունը տեղեկացրեց, որ Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաեւ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել: Ոստիկանության ծառայողները, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30 եւ 26 տարեկան երկու երիտասարդի: Պարզվել է նաեւ, որ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին եւ պատճառել մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐՈՒՄ

Օգոստոսի 31-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի Մելյանների թաղամասում մարդ են սպանել։ Ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում՝ առանձնատան բակում, հայտնաբերել է 39-ամյա Ավետիք Աբգարյանի դին՝ տարբեր վնասվածքներով։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 2-ի սահմաններում՝ վիճաբանության ժամանակ, Ավետիք Աբգարյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ու սպանել Երեւանի 35-ամյա մի բնակիչ։ Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Նշանակվել են փորձաքննություններ։

 




Լրահոս