Պարետատունը հաստատել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը: Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում մեկնարկում է 2020թ. սեպտեմբերի 15-ից առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: Ուսումնական տարվա առաջին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ: Ուսումնակրթական գործընթացը իրականացվում է ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ, որը պարտադիր է բոլոր հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձեւից: Առողջ եւ անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։
Դպրոցներն ապահովվում են դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն 1 շաբաթվա պահուստով, օրվա ընթացքում անձնակազմը եւ աշակերտներն ապահովվում են անհրաժեշտ դիմակներով եւ ախտահանիչ նյութերով, հեռավար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվով, դասարանները բաժանում են առավելագույնը 20 սովորող ունեցող խմբերի: Եթե դասասենյակի մակերեսը հնարավորություն չի տալիս ապահովել սոցիալական հեռավորություն 20 սովորողի համար, դասարանը բաժանում են 10-հոգանոց խմբերի, դասագրքերի բաշխումը իրականացնում են օգոստոսի 20-ից սեպտեմբերի 10-ը՝ պահպանելով անվտանգության կանոնները:
Դասացուցակ
Դպրոցներում սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ, ըստ անհրաժեշտության կարող է սահմանվել երկհերթ ռեժիմ։ Մինչեւ 20 սովորող ունեցող դասարանները դպրոց են հաճախում շաբաթվա վեց օրը՝ ըստ դասացուցակի: Երկու խմբի բաժանված դասարանի խմբերից յուրաքանչյուրը դպրոց է հաճախում շաբաթական երեք օր: Դպրոցներում բուֆետների եւ ճաշարանների աշխատանքը արգելվում է։
Ռիսկային խմբի սովորողը
Այն սովորողները, ովքեր ունեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կորոնավիրուսի ռիսկային խմբի հիվանդություններից որեւէ մեկը, չեն հաճախում դպրոց: Նրանց ուսուցումը կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով:
Այդ հիվանդություններն են՝
արյան բարձր ճնշում, շաքարային դիաբետ, սրտի հիվանդություն, սրտի կամ գլխուղեղի կաթված (ինսուլտ), քրոնիկ շնչառական հիվանդություն, քաղցկեղ։
Դպրոց գալուց առաջ
Դպրոց գալուց առաջ ծնողները կամ օրինական ներկայացուցիչները կատարում են երեխայի ջերմաչափում։ 37 եւ բարձր ջերմություն ունենալու դեպքում դիմում են բնակավայրի բուժհաստատություն եւ տեղեկացնում դպրոցին երեխայի դպրոց չհաճախելու մասին: Եթե տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ, ապա բացառվում է երեխայի հաճախումը դպրոց: Սովորողի մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ կտրամադրի մեկանգամյա օգտագործման դիմակ:
Դպրոցների ախտահանումը
Մինչեւ դասերի սկիզբը՝ նախորդ օրը՝ երեկոյան կամ դասերը սկսելուց առաջ, բոլոր դռների եւ պատուհանների բռնակները, սեղանները, աթոռները, գրատախտակները, սանհանգույցները ախտահանվում են: Եթե դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է հերթափոխով, ապա հերթափոխերի միջեւ սահմանված ընդմիջումը պետք է բավարարի ախտահանումն իրականացնելու համար։ Կատարվում է պատշաճ օդափոխություն օրը առնվազն 3 անգամ 8-10 րոպե տեւողությամբ: Ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն հոսող տաք եւ սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։
Սովորողի մուտքը դպրոց
Սովորողները դպրոց են գալիս՝ ըստ ուսումնական հաստատության սահմանած ժամանակացույցի, սովորողին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ հոգի: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է։ Սովորողի մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ կտրամադրի մեկանգամյա օգտագործման դիմակ: Դպրոցի բակում՝ բոլոր մուտքերի մոտ, իրականացվում է գծանշում։ Սովորողները դպրոց մուտք կգործեն բոլոր մուտքերից: Եթե դպրոցը ունի մեկ մուտք, պետք է սահմանել դպրոց գալու գրաֆիկ՝ ըստ դասարանների։ Դպրոց մտնելիս սովորողները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն, խուսափեն դպրոցի բակում կամ մուտքի մոտ կուտակումներ առաջացնելուց։ Դպրոց մտնելիս կազմակերպվում է սովորողների ջերմաչափում եւ ձեռքերի ախտահանում: Դպրոցը վարում է աշակերտների ջերմաչափման մատյան:
Դասարանում
Դասասենյակում սովորողները կրում են դիմակներ։ Սովորողները դասին մասնակցում են տեղից: Գրատախտակին մոտ կանչելն արգելվում է: Սովորողներին ստուգված գրավոր աշխատանքները տրամադրելն արգելվում է, կարող է տրամադրվել գրավոր աշխատանքի լուսապատճենը: Ֆիզկուլտուրայի դասերը կազմակերպվում են դասասենյակում՝ ըստ ուսուցիչներին տրամադրված մեթոդական ցուցումների, կամ բացօթյա տարածքներում եւ սպորտային մարզասրահներում՝ շեշտը դնելով անհատական վարժությունների վրա:
Սովորողների գնահատումը
Գրավոր աշխատանքները կազմակերպվում են թերթիկների վրա: Տետրեր օգտագործելը թեմատիկ գրավոր աշխատանքների համար արգելվում է: Կիսամյակի ընթացքում կազմակերպվում է երկու թեմատիկ գրավոր աշխատանք: Կիսամյակի վերջում կատարվում է աշակերտների գիտելիքների ստուգում ամփոփիչ գրավոր աշխատանքի միջոցով: Սովորողների գնահատումը կատարվում է էլեկտրոնային մատյանում:
Ծնողական ժողովները կազմակերպվում են հեռավար, անհնարինության դեպքում՝ բացօթյա, դահլիճում կամ միջանցքում՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԷԼԵՄԵՆՏՆԵՐՈՎ
Հայկական արտադրության «ՆԵ» եղունգի լաքերը եւ խնամքի միջոցները բավականին բարձր վարկանիշ ունեն տարածաշրջանում, սակայն վերջերս ընկերության կողմից հրապարակված «Նե» ապրանքանիշի խնամքի գել-լաքերը տարակուսանք են առաջացրել հաճախորդների մոտ: Բանն այն է, որ սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարում կա հայկական տարազով եւ միաժամանակ թուրքական սեւ գլխարկի, լուսնի եւ աստղի էլեմենտներով գել-լաք:
ArmLur.am-ը պարզաբանման համար դիմել է «ՆԵ» ընկերությանը՝ հասկանալու համար, թե ինչու է սոցիալական ցանցերում նման լուսանկարներ շրջանառվում: «Դա մեր վերջին հակաթուրքական գովազդն է, քանի որ շուկան ողողված է թուրքական լաքերով, եւ մենք միակ հայկական արտադրանքն ենք, որը ստեղծել ենք հենց թուրքականը շուկայից հետ մղելու համար։ Դա մեր վերջին հակաթուրքական բնույթ ունեցող նկարն է։ Նկարի վրա պատկերված են երկու լաք՝ մեկը՝ հայկական տարազով, իսկ երկրորդ լաքը խորհրդանշում է շուկայում առկա մնացած բոլոր թուրքական ապրանքանիշները, որը ներկայացրել ենք թուրքական էլեմենտներով եւ վերեւում գրել ենք՝ ընտրեք հայկականը»,- մեկնաբանում են ընկերությունից։
Իհարկե, թուրքական ապրանքների դեմ պետք է պայքարել եւ գովազդել ու օգտագործել հայկականը, սակայն պետք է այնպես անել, որ հանրությունը հասկանա այդ գովազդի իմաստը, եւ այն չդառնա հակագովազդ:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆՈՐ ԴԵՊՔ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 31-ի դրությամբ կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել: Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 287 մարդու մոտ, որոնցից 262-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 175 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 10 314 փորձանմուշի հետազոտություն: Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել:
ՀԱՏՎԱԾ ԵՂԵՎՆՈՒ ՄԱՍԻՆ
Տավուշի մարզի Այրում համայնքի մաս կազմող Բագրատաշեն գյուղում չափերով մեծ, 1970-ական թվականներին տնկված եղեւնի է հատվել, ինչը առաջացրել է մարդկանց դժգոհությունը, որոնք ասում են, որ դրանով Բագրատաշենի գեղեցկությունը նսեմանում է. ծառը հատվել է, քանզի այն խանգարում էր ինչ-որ շինարարության: Այրում համայնքի ղեկավարը սպասարկում է մասնավոր շահեր, ծառ հատողները պետք է պատասխանատվության ենթարկվեն, հատված եղեւնու փոխարեն պետք է տնկվեն նոր ծառեր եւ այլն։ Այդ կապակցությամբ Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ անցյալ տարի իրենք դիմել են Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության, որտեղից մասնագետները եկել են Բագրատաշեն, ուսումնասիրել, պարզել, որ գյուղում 50-60 տարի առաջ տնկված ծառերից 28-ը մեծ տարիքի եւ փչացած լինելու պատճառով պետք է հատվեն։ Այդ 28 ծառերից 20-ը եղեւնի են, մնացածները՝ կեչի եւ այլ ծառատեսակներ։ Համայնքի ղեկավարն ասաց, որ հատված եղեւնին թեքված էր, վնասել էր Բագրատաշենի տներից մեկի պատը։ Ծառը հատելուց առաջ, բացի Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության եզրակացությունից, պետք էր ունենալ նաեւ բնապահպանական տեսչական մարմնի թույլտվությունը, ինչը չի եղել։ Համայնքի ղեկավարն ասաց, որ մեծ եղեւնու հատման կապակցությամբ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքը նյութեր է նախապատրաստում։
ԹՈՒՆԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԾԽԻ ՄԵՋ ՄՆԱԼ
2257մ երկարություն ունեցող Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը հանդիսավորությամբ բացվեց 2004թ. հունիսի 4-ին: Թունելը սպասարկում է նախկինում «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ տնօրեն Էդուարդ Բեզոյանի ղեկավարած «Ճանապարհ» ընկերությունը, որը, պայմանագրի համաձայն, պետական բյուջեից ֆինանսավորվելով, ներկայումս իրականացնում է թունելի պահպանության աշխատանքները: Վարորդները, որոնք հաճախ են երթեւեկում այդ ավտոմոբիլային թունելով, դժգոհություն են հայտնում դրա վիճակից, քանզի թունելում ծխի մեծ ամպեր են։ Թունելը խեղդվում է ծխի մեջ, երբ մի քանի բեռնատար իրար հետեւից անցնում են թունելով։ Թունելի օդափոխման համակարգը շատ թույլ հզորություն ունի եւ չի կարող բեռնատարներից արտանետված ծխի մեծ զանգվածը հեռացնել։ Վարորդները, համեմատալով հանրապետության այլ մարզերի, մասնավորապես` Տավուշի հարեւան Լոռու մարզի թունելների հետ, տարակուսում են, թե ինչու այդ թունելներում ծխի կուտակումներ չկան, իսկ Դիլիջանի թունելում ծխախեղդ վիճակ է։ Թունելով անցնող ավտոմեքենաների վարորդները եւ ուղեւորները ծխից իրենց վատ են զգում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ