ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆՆ ԻՐ ՀԱՄԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՀԱՐԹՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է առաջացնում». այսպիսի հայտարարությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ոչ մեկ անգամ: Սակայն պարզվում է՝ նրա այս խոսքերը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն  այնքան էլ լավ կամ ուղիղ չի ընկալել:  Բանն այն է, որ իր պաշտոնավարման առաջին օրվանից մինչեւ օրս իր տարբեր ընկերները, բարեկամները պաշտոններ են ստացել, եւ ավելին՝ հաճախ հենց նա է որոշումներ կայացրել եւ ընտրել, թե այս կամ այն պաշտոնին ով պետք է նշանակվի: Եվ չնայած այդ հանգամանքին՝ հենց նախարարն է շատ հաճախ խոսում կոռուպցիայի դեմ պայքարի, արդարության մասին, սակայն չի խուսափում նաեւ իր հարազատներին լավ գործի տեղավորելուց:

 

Այսպիսով, ՀՀ արդարդադատության նախարար Ռուստամ Բադասյանի պաշտոնավարման առաջին օրվանից մինչեւ այժմ ո՞վքեր են նախարարի միջնորդությամբ պաշտոններ ստացել:

Ընկերոջ համար օրենք փոխեց

Մարտի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սերգեյ Մեղրյանը նշանակվեց գլխավոր հարկադիր կատարող: Սակայն պարզվում է՝ մինչեւ 2020 թվականի փետրվարը վերջինս չէր կարող նման պաշտոն զբաղեցնել: Ինչպես հայտնի է, Մեղրյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է եւ այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն օրենքի փոփոխության շնորհիվ: Խնդիրն այն է, որ մինչեւ այս տարվա փետրվարը գլխավոր հարկադիր կարող էր նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում: Սակայն 2019 թվականին Արդարադատության նախարարությունը հարկադիր կատարման ծառայության ոլորտում առաջարկեց փոփոխություն անել եւ հանել գնդապետից ոչ ցածր կոչումի պարտադիր լինելը: Այժմ կարող է զբաղեցնել այն անձը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ հարկադիր կատարման գլխավոր խմբի պաշտոն, կամ ունի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ, որից երկու տարին առնվազն՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ ութ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ: Եվ արձանագրենք, որ Մեղրյանը չունի գնդապետի կոչում եւ միայն այս փոփոխության շնորհիվ կարողացավ դառնալ գլխավոր հարկադիր: Հիշեցնենք, որ Մեղրյանը եղել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, որը հրաժարական է տվել 2019 թվականի հունիսին՝ Գագիկ Հարությունյանի եւ մյուս հրաժարականներից հետո: Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ, ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երեք տարի ժամկետով:

 

 

Թեկնածուին ինքը որոշեց

Ինչպես հայտնի է, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնելու համար ՀՀ գլխավոր դատախազությունում առանձին վարչություն է ստեղծվել:  Եւ ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու բաց մրցույթին մասնակցելու համար դատախազությունը ստացել էր երեք հայտ՝ Սրբուհի Գալյան, Ավետիք Թովմասյան եւ Թաթուլ Ղուկասյան: Եվ, ահա, ինչպես հայտնի է,  կին թեկնածուն ՀՀ արդարադատության փոխնախարարն էր, մյուս երկուսը դատախազության համակարգից են: Եվ  «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ մինչեւ մրցույթն արդեն իսկ «քաղաքական որոշումը» կայացված էր, եւ որոշված, որ  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն էլ կզբաղեցնի այդ կարեւորագույն պաշտոնը, քանի որ այդպես է ուզում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա որոշումները, կարելի է ասել, համակարգում անբեկանելի են: Այսինքն՝ արդարադատության նախարարն արդեն որոշել է «իր մարդուն» գործուղել դատախազություն եւ անձամբ վերահսկել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը:

Բարեկամներին՝ պաշտոնների

Սակայն վերը նշված որոշումներով ամեն ինչ չի ավարտվում: Ռուստամ Բադասյանն իր մանկության ընկեր Սուրեն Գալստյանին նշանակել է ԱՆ աշխատակազմի պետ, իսկ քավորին՝ Դավիթ Գասպարյանին, նշանակել է ԱՆ վերահսկողական ծառայության պետ:

Նոր պաշտոն

Այս ամենից զատ,  իրավապահ համակարգում տարածված տեղեկությունների համաձայն, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը միգուցե նոր պաշտոնի նշանակվի: Եվ, ահա, այդ տեղեկությունների համաձայն՝ նա հավակնում է դառնալ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Հիշեցնենք, որ 2021 թվականին ստեղծվելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Սա նախատեսված է կառավարության կողմից հաստատված ռազմավարությամբ եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով:

Նախագծով մի շարք քննչական վարչություններ միավորվելու են, եւ 2021 թվականին ունենալու ենք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որը կքննի խոշտանգումներին վերաբերող գործերը ու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրվող հնարավոր հանցագործության դեպքերը, եւ Հակակոռուպցիոն կոմիտե, որը, որպես հիմնական մասնագիտացված մարմին, կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։ Եվ, ահա, չի բացառվում, որ Ռուստամ Բադասյանը դառնա այդ կառույցի ղեկավարը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՆ

Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որպեսզի ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակը կարգավորվի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով ՄՄՀՊԻ-ի ուսանողների ու դասախոսների առջեւ: Նա հայտնել է, որ նախօրեին շփվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Զեյհուն Բայրամովի հետ: «Մենք այնպիսի զգացում ունենք, որ երկու կողմերն էլ շահագրգռված են իրավիճակի հանդարտեցմամբ, որպեսզի վերսկսվեն հանդիպումները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացուցիչները կկազմակերպեն տարածաշրջանում»,- ասել է նա:

 

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Թեւոսյան փողոցում գործող «Ռաֆայել Գրիգ» ՍՊԸ-ի վարչական շենքի դիմաց երեկ հավաքվել են 100-ից ավելի քաղաքացիներ, որոնք  պահանջում են իրենց կատարած աշխատանքի դիմաց գումարները։ Նրանց խոսքով՝ մոտ 2 ամիս է՝ մայրաքաղաքում սկսել են իրականացնել վերելակների կապիտալ վերանորոգում, եւ մեծ մասն էլ հին վերելակները փոխել է նորով։ Անգամ աշխատել են շաբաթ-կիրակի օրերին:  Դիմել են Ռաֆայել Գրիգորյանին, որը ուղղորդում է դիմել Երեւանի քաղաքապետարան։

 

 

ԿԱՅՈՒՆ ԾԱՆՐ

Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա պողոտայում օգոստոսի 31-ին՝ գիշերը տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 34-ամյա տղամարդու վիճակը գնահատվում է կայուն ծանր: Ըստ  Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի՝ տղամարդն ունի բազմաբեկոր վնասվածքներ, գտնվում է հետազոտության փուլում: Հիշեցնենք, որ կրակոցներ են հնչել նշված հասցեում։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաշեն պայթուցիկ սարք:

 

 

ԿԱՆԱՆՑ ԿՆԵՐԳՐԱՎԵՆ

«Պաշտպանության նախարարությունը նախատեսում է ստեղծվելիք աշխարհազորում ներգրավել նաեւ իգական սեռի ներկայացուցիչներին»,- ասել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը` նշելով, որ ներգրավումը լինելու է կամավորության սկզբունքով: «Որեւէ խտրականություն չենք նախատեսում այդ առումով: Մենք արդեն շուրջ 5 տարի է՝ ունենում ենք ռազմաուսումնական հաստատություններից աղջիկների թողարկում, որոնք ավագ լեյտենանտ, գուցե կապիտան են արդեն դարձել: Աշխարհազորում կամավորության սկզբունքով կկարողանան ներգրավվել այն կանայք, որոնք պահեստազորում հաշվառում չունեն»,- ասել է նա:  Վերջինիս խոսքով՝ առաջին փուլում կանանց կառաջադրվեն ոչ մարտական խնդիրներ:

 

 

ՓԱԽԵԼ Է ՄԱՆԿԱՏՆԻՑ

Երեւան քաղաքի Շահումյան 7-րդ փողոցի 15-րդ տան դիմաց իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի անչափահասների գործերով եւ ընտանեկան բռնությունների կանխարգելման բաժանմունքի աշխատակիցներ Արման Հարությունյանը եւ Կարեն Վարդանյանը հայտնաբերել են «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ն ինքնակամ լքած, հիշյալ կազմակերպության սան Հովհաննես Հայրապետյանին:

Հովհաննես Հայրապետյանը, տեսնելով ոստիկանության աշխատակիցներին, դիմել է փախուստի, սակայն որոշ տարածություն փախչելուց հետո բռնվել է վերջիններիս կողմից: Բռնվելուց հետո  նա  դիմադրություն է ցուցաբերել տեսուչներ Արման Հարությունյանի եւ Կարեն Վարդանյանի նկատմամբ, որի ընթացքում իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Արման Հարությունյանի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ. ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս ոտքերին, «Օպել Աստրա Ջի» մակնիշի 34 DQ 421 հաշվառման ավտոմեքենան նստեցնելու ժամանակ գլխով հարվածել է Արման Հարությունյանի դեմքի շրջանին, ինչի հետեւանքով պատճառել է առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ ձախից ստորին կոպի շրջանի արյունազեղման ձեւով, քեծվածք ձախ դաստակի 2-րդ մասի շրջանում:

 

ՄԿՆԴԵՂ Է ԽՄԵԼ

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում թոռներին դաժանաբար ծեծելու մեղադրանքով կալանավորված 57-ամյա տղամարդը մկնդեղ է օգտագործել. գտնվում է հիվանդանոցում։ Ըստ բժիշկ Միքայել Գաբրիելյանի՝ հիվանդի կյանքին այս պահին էլ վտանգ է սպառնում, գիտակցությունը տեղն է: Նշենք, որ դաժան ծեծի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 6-ամյա տղան մահացել է, իսկ 4-ամյա երեխան օգոստոսի 27-ին դուրս է գրվել հիվանդանոցից։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Հայաստանի Հանրապետության ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի   2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով. վերջինս կալանավորվել է:




Լրահոս