ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ՄՆԱՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Սարդարապատ, Բամբակաշատ եւ Այգեւան համայնքների խաղողագործները երեկ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով վերանայել գնային քաղաքականությունը։

 

Ակցիայի մասնակիցներից Կարեն Սիսակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե խաղողի մթերման գինը իջեցվել է մինչեւ 135 դրամ, մինչ նախորդ տարիներին կոնյակի համար մթերվող խաղողի գինը տատանվել է 150-160 դրամի սահմանում։

«Գինու համար նախատեսված սորտի գինը եղել է 220-230 դրամ, բայց այս տարի 160 դրամ է։ Մարդիկ պայմանագիր են կնքել «Պռոշյանի» գինու-կոնյակի գործարանի հետ։ «Արարատից» ու «Նոյից» էլ դեռ խաբար չունենք, չնայած որոշ տեղերից լսել ենք, որ «Նոյն»  էլ 130 դրամով է մթերելու։ Մենք երկարաժամկետ պայմանագրեր ունենք, բայց գինը նշված չէ, ամեն տարի մի գին է որոշվում։ Երկու տարի առաջ մենք պահանջեցինք, որ մեզ գին ներկայացնեն, եւ այս տարի գարնանը կոնյակի գործարանը մեզ ասաց՝ 155 դրամ, բայց այսօր իմացել ենք, որ 140 դրամի մասին է խոսակցություն գնում։ Գնային փոփոխություններ են մտցրել»,- նշեց նա։

Բացի այդ, ակցիայի մասնակիցները նեղսրտում են, որ մարդկանց 15-20 տոննայի վերաբերյալ պայմանագրերը առանց որեւէ  զգուշացման «Արարատ» կոնյակի գործարանը կրճատել է։ Մեկ այլ խաղողագործ էլ տեղեկացրեց, որ դեռ 1980 թվականից է խաղող մշակում, եւ իր բերքը մթերվել է, հիմա, իր խոսքով, անամոթաբար իրեն պայմանագրից հանել են։ Նա շեշտեց, որ դատի է տալու մթերող գործարանի ղեկավարին։ Կարեն Սիսակյանն էլ հավելեց,  որ պետությունը սուբսիդավորել է գործարաններին, որ վերջիններս խաղող մթերեն, սակայն  գործարանները սուբսիդավորվելուց հետո անգամ բերքի գինն իջեցրել են՝ դարձնելով 135 դրամ: «Գործարանն ինչո՞ւ է սուբսիդավորվել, որ գոնե գինը պահվի, բայց դա էլ չի պահպանվում։ Կոնյակի սորտից 20 դրամ են իջեցնում, իսկ գինու սորտից` 60 դրամ», – նշեց նա։ Բողոքի ակցիայի մասնակիցնրին լսելու էր եկել Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը։ Նա, լսելով խաղողագործների բողոքը, որ պայմանագրերում նշված է միայն գյուղացու պարտավորվածությունների մասին, բայց գյուղացու որեւէ իրավունքի մասին չի խոսվում, նշեց, որ նախորդ օրը մարզպետարանում ներկայացվել է, որ կան մթերումներ կատարող գործարաններ։ Խաղողագործներն էլ հակադարձեցին՝ նշելով, թե այդ դեպքում որն է մարզպետարանի դերը, եթե գյուղացուն են ուղարկում գործարանի հետ պայմանավորվելու:

Քանի որ մարզպետի տեղակալի հետ հանդիպումը չգոհացրեց խաղողագործներին, նրանք բողոքի ակցիան շարունակեցին մարզպետարանում։ Փոխմարզպետը ակցիայի մասնակիցներին ասաց, որ նրանք կարող են դիմում ներկայացնել կամ կարող են աշխատանքային խումբ ձեւավորել, որը կառուցողական քայլեր կիրականացնի։

Խաղողագործները նախ հայտնեցին իրենց դժգոհությունը, որ մարզպետը, տեսնելով իրենց, չի սպասել, այլ մեքենա է նստել ու հեռացել: Գյուղացիները, ի նշան բողոքի, դուրս եկան դահլիճից՝ մարզպետի տեղակալի խոսքն անգամ ամբողջությամբ չլսելով։ Նրանք մարզպետարանի շենքի մոտ դժգոհություն հայտնեցին, որ մարզպետը փախել է ամենակարեւոր պահին, երբ պետք է իրենց լսեր։ Նրանք ցավով նշում էին, որ իրենց ձայնը որեւէ մեկը լսել չի ուզում, եւ իրենց խնդրին լուծում տալու համար որեւէ քայլ չի արվում.

«Թող ինքը գա մեր դուռը, իբր մենք խի՞ եկանք, որ ինքն էլ փախավ։ Գյուղացիքին բանի տեղ չդրեց, հելավ գնաց։ Մարզպետարանը ժողովրդի բարեկեցիկ կայնքը պիտի ապահովի, իսկ իրենք ուզում են ցրել ժողովրդին։ Ես իմ հալալ քրտինքով ուզում եմ ապրել, իրավունք չունե՞մ իմ ձայնը բարձրացնելու։ Ցրեց, մեզ ցրեց մարզպետարանը։ Մենք վաղն էլ ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու, մյուս օրն էլ»,- շեշտեցին նրանք։

Ն. Պ.

 

 

ՀԱԿԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել է, որ Դիլիջան քաղաքում մեծածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում, աշխատուժի պակաս կա, Դիլիջանի  բնակիչներն ամենահասարակ աշխատանքներն անգամ չեն ուզում կատարել։ Մարզպետը  քաղաքի երիտասարդներին կոչ է արել տներից դուրս գալ, աշխատել թեկուզ ոչ բարձր աշխատավարձով,  որովհետեւ  միանգամից  ոչ-ոք  չի գնում  ամենաբարձր  աշխատավարձով, ամենաբարձր որակավորմամբ աշխատանքի, ինչ-որ  տեղից պետք է սկսել:

 

Դիլիջանի բնակիչները, արձագանքելով մարզպետի կոչին, դժգոհեցին աշխատանքի պայմաններից եւ ցածր վարձրատրությունից։ Դիլիջանցի  Շահեն Ենգիբարյանն այդ առթիվ հայտնեց. «Միայն թե աշխատանքը ոչ փոր հացի լինի, աշխատավարձը բավարարի 3 անչափահաս երեխա պահելուն»։ Լուսինե Գրիգորյանն ասաց, որ գործատուները քիչ են վճարում, այդ պատճառով մարդիկ չեն աշխատում:  Գոհար Բլբուլյանն  արձագանքեց. «Եթե մարզպետն ասի, թե որտեղ աշխատեն, ուրեմն ապրի ինքը։ Ինձ թվում է, որ ինքը պիտի իմանա, որ շինարարական աշխատանքները Դիլիջանում կատարվում են այլ քաղաքներից եկած շինարարների կողմից, քանի որ այդ շինընկերություններն են տենդեր շահում։ Այնպես որ, խոսելն ու խորհուրդ տալը շատ հեշտ է»։

Դիլիջանցի Նարինե Մադաթյանն ասաց. «Հարգարժա՛ն մարզպետ, ինչո՞ւ է Ձեզ թվում, որ  այսօրվա երիտասարդությունն  անաշխատունակ է։  Առանց աշխատատեղեր բացելու ասում եք՝ չեն աշխատում:  Որտեղ  դիմում ենք, կա՛մ տեղ չկա, կա՛մ առավոտից  երեկո  3000-5000 դրամ վճարով՝ մի օրում տարբեր բնույթի աշխատանքների համար։ Կոնկրետ աշխատանք նշեք ու ինքներդ հետեւեք, թե ինչ վարձատրություն է լինում, այդ ժամանակ տեսեք՝ դիլիջանցիներն աշխատում են, թե ոչ»։  Լարիսա Գրիգորյանն  հակադարձեց  մարզպետին.  «Գործ ասեք, աշխատեն, ու այնպիսի աշխատավարձով, որ մարդիկ  կարողանան ապրել, ոչ թե գոյատեւեն  կամ  հազիվ յոլա գնան»։ Դիլիջանի մի այլ բնակիչ, որն իր անունը չներկայացրեց,  ասաց. «Աշխատանքի տեղ բացեք, նոր ասեք՝ չեն աշխատում։ 50-70 հազար դրամ աշխատավարձով մի ամբողջ ամիս ո՞նց աշխատեն ու ընտանիք պահեն, դրա հետ էլ 8 ժամի տեղ 16 ժամ են ուզում աշխատեցնել՝ հիմնական աշխատանքից բացի հավելյալ  աշխատանքներ ավելացնելով։  Ջահելների  մեծ մասը, այդ թվում՝ ես, չի ուզում աշխատել մատուցող, զինվորական կամ ոստիկան հասկանալի պատճառներով։ Մի գործարան բացեք, նորմալ աշխատեն, դուք բացեք, նոր ասեք՝ չեն աշխատում. դա չարած՝ պահանջում եք՝ աշխատեն, այդպես չի լինում»։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՏՈՒԳԱՆԵԼ Է ՕԲՅԵԿՏ ԿԱՌՈՒՑԱԾ ԿՈԹԵՑՈՒՆ

Նոյեմբերյանի համայնքապետարանը 2,5 միլիոն դրամով պատրաստվում է տուգանել Նոյեմբերյան-Երեւան միջպետական մայրուղու Ոսկեպար-Բաղանիս հատվածում գտնվող, ադրբեջանցիների  թիրախի տակ կառուցված շինության սեփականատիրոջը՝ սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ Սպարտակ Խաչիկյանին։ Վերջինս ասում է, որ ինքն  իրեն պատկանող ճաշարանին կից ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանիչ պատ է կառուցել։ Նոյեմբերյան համայնքի  ղեկավար Կարեն Աբազյանը հայտնեց, որ իրականում կառուցվել է ոչ թե պաշտպանիչ պատ, այլ կառույց,  այն կառուցվել է  անօրինական  կերպով։  Այդ կառույցի հարեւանությամբ գտնվող տարածքի սեփականատեր, սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ Աիդա Ղազարյանը գրավոր դիմել է Նոյեմբերյանի համայնքապետին եւ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որպեսզի կանխվի ապօրինի կառույցի շինարարությունը, որը, տիկին Աիդայի վկայությամբ, փակում է իրեն պատկանող տարածքի առջեւը։ Հընթացս Ա. Ղազարյանը բազմիցս  դիմել է  համայնքի ղեկավարին՝ հարցնելով, թե նա  ինչու չի կանխում ապօրինի շինարարությունը։ Կարեն Աբազյանն ասաց, որ  ինքը   հանդիպել է Սպարտակ Խաչիկյանին, հորդորել հետեւել օրենքի պահանջներին, ապօրինի շինարարություն չիրականացնել, վերջինս համաձայնել է, իրենց մեջ երբեւէ վեճ  չի եղել, սակայն  Ս. Խաչիկյանը շարունակել է շինարարությունը։

Համայնքի ղեկավարն ասաց, որ հրավիրված չափագրողը չափելով փաստել է, որ Ս. Խաչիկյանը շինարարության ընթացքում  ավելի քան մեկ մետր խախտել  է   իրեն  պատկանող տարածքի սահմանները, այսինքն՝ ապօրինի կառուցապատում է կատարել  նաեւ  համայնքին պատկանող տարածքում։ Առանց շինթույլտվության նաեւ համայնքին պատկանող տարածքում շինարարություն կատարելու համար Նոյեմբերյանի համայնքապետարանը վարչական տուգանք է կիրառել Ս. Խաչիկյանի նկատմամբ՝ նրան տուգանելով 600 հազար դրամի չափով (200 հազար դրամը՝ առանց շինթույլտվության շինարարության, 400 հազար դրամը՝ համանքին պատկանող տարածքում շինարարության  համար)։  600 հազար դրամ  տուգանքը սահմանված ժամկետում Ս. Խարիկյանի կողմից  չմուծելու դեպքում համայնքի ղեկավարն  օրենքով պարտավոր է  Ս. Խաչիկյանին տուգանելու 2,5 միլիոն դրամի չափով։ Կարեն Աբազյանը հայտնեց, որ ապօրինի կառույցը կառուցվել է միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ, տարածքը  մշտապես գտնվում է քաղաքաշինության տեսչության հսկողության տակ, համայնքի ղեկավարի պարտավորությունն է կանխել ապօրինի շինարարությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս