ՀԱՅՏՆԻ ԴԵՄՔԵՐԸ` ԱՆԱՀԻՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ԱՂԱՍԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Գեւորգ Մկրտչյանը, դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու դերասան Աղաս Մանուկյանն անակնկալ են պատրաստել  իրենց երկրպագուների համար` տեսահոլովակի եւ երգի տեսքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեսահոլովակի մանրամասների մասին խոսել է Գեւորգ Մկրտչյանի, Անահիտ Կիրակոսյանի եւ Աղաս Մանուկյանի հետ։

 

Գեւորգ Մկրտչյանի խոսքով` տեսահոլովակը գյուղական հարսանիքի մասին է, որը փորձել են նրանք ավելի հումորային ձեւով ներկայացնել։

«Երգը որեւէ հատուկ մեսսիջ չունի, պարզապես փորձել ենք լավ տրամադրություն հաղորդել հանդիսատեսին՝ պահպանելով գյուղական կոլորիտային գեղեցիկ վիճակը։ Անկեղծ ասած, նման հումորային նախագիծ իրականացնելու  մտահղացում դեռ մեկ տարի առաջ ունեի, բայց երկար ժամանկ չէի կողմնորոշվում՝ որտեղ եւ ում հետ իրականացնել: Այդ գաղափարով կիսվեցի իմ պրոդյուսերի` Արման Անտոնյանի հետ, եւ սկսեցինք քննարկումները նախագծի շուրջ: Արմանն առաջին անունը, որ տվել է, դա եղել է Աղաս Մանուկյանը: Նախ Արմանը խոսեց Աղասի Մանուկյանի պրոյուսեր Արմեն Պետրոսյանի (Մենչի) հետ, կիսվեց գաղափարով, ով իր հերթին հավանություն տվեց նախագծին արդեն Աղասիի հետ քննարկելուց հետո: Այնուհետեւ քննարկումները սկսեցինք ես, Աղասը, Մենչը, Արմանը, եւ Մենչի առաջարկով որոշվեց, որ մյուս առաջարկը պետք է անել Անահիտ Կիրակոսյանին: Անկեղծ ասած, Անահիտին գիտեի, բայց ծանոթ չէինք, եւ առաջարկն արեց Աղասը, իսկ Անահիտն էլ սիրով ընդունեց առաջարկը: Հետաքրքիրն այն էր, որ նախապատրաստական աշխատանքներն այնքան երկար տեւեցին, որ Անահիտի հետ էլ հասցրեցինք ընկերանալ: Իսկ տեսահոլովակը նկարահանել ենք Դսեղ գյուղում, հայտնի դերասաններից նկարահանվել են Լալա Մնացականյանը, Լեւոն Հարությունյանը, Սերգեյ Դանիելյանը եւ ուրիշներ»,-պատմում է Գեւորգ Մկրտչյանը:

Նրա խոսքով` «Հըրսանիք» երգի տեսահոլովակը ստեղծվել է բոլորի համատեղ ուժերով ու ջանքերով:

Աղասի Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում նշում է, որ նա տեսահոլովակում նկարահանվելու առաջարկը ստացել է Արման Անտոնյանից եւ սիրով ընդունել է. «Առաջինը մտածել եմ, որ աշխատող նախագիծ է, իսկ երկրորդը՝ իմ ընկերներն են թե՛ Արամ Անտոնյանը, թե՛ Գեւորգ Մկրտչյանը։ Միասին համագործակցությունը շատ հեշտ է ստացվել, թեեւ տեսահոլովակի նկարահումներին շատ չարչարվեցինք, բայց հուսով ենք՝  ամեն ինչ լավ է ստացվել, հանդիսատեսը հաստատ կհավանի»։

Իսկ Անահիտ Կիրակոսյանն էլ ընդգծել է, թե առաջին զանգը նա ստացել է Աղասի Մանուկյանից։

«Աղասին զանգահարեց, խնդրեց, որ հանդիպենք՝ առաջարկով։ Հանդիպումը տեղի ունեցավ Արման Անտոնյանի եւ Գեւորգի հետ։ Երբ ստացա առաջարկը, շատ ուրախացա անկեղծ, քանի որ սիրում եմ նոր փոփոխություններ, հետաքրքիր լուծումներ եւ, հատկապես, երբ մի նախագծի մեջ կա հումոր, իսկ ես շատ եմ սիրում  հումորը. անխոս համաձայնեցի»,-ասաց դերասանուհին։

Անահիտի գնահատմամբ` տեսահոլովակի նկարահանումներն անցել են ընկերական հիանալի միջավայրում, հասցրել է բոլորի հետ ընկերանալ եւ ջերմ հարաբերություններ ստեղծել։

«Երգը շատ եմ հավանել եւ շատ ուրախ էի, որ նկարահանումներին միացել են մի քանի վաստակաշատ դերասաններ՝ Տիգրան Գյուլումյանը, Լալա Մնացականյանը, Ալլա Լեւոնյանը, Ագնեսա Շահնազարյանը, Լեռնո Հարությունանը, Գարիկ Սեփխանյանը եւ այլք։ Կարծում եմ՝ շատ լավ եւ դրական բան է ստացվել»,-հավելում  է դերասանուհին:

Նշենք, որ տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 15-ին, երգը կոչվում է «Հըրսանիք»:

 

 

«ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ԵՆՔ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ». ԵԼԵՆԱ ԱՐՇԱԿՅԱՆ

Նախօրեին ATV հեռոստաընկերությամբ եթեր հեռարձակվեց նոր հեռուստասերիալ, որը կոչվում է «Ախթամար»: Հեռուստասերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է սերիալի բուն գաղափարին, սոցիալական խնդիրներին, սելեկտիվ աբորտներին, ինչպես նաեւ խոսել է գլխավոր դերակատարների ընտրության մասին: Ռեժիսորի խոսքով` սերիալը կտեւի 6-7 ամիս:

 

«Ամեն նախագիծ սկսելիս, իհարկե, կա այն վստահությունը, որ գործն անում ենք լավ, ամեն անգամ կա այն վախը, թե հանդիսատեսն ինչպես կընդունի: Հանդիսատեսին առաջին հերթին սպասվում է հետաքրքիր սյուժետային լուծումներով ֆիլմ, որը կմատուցի սցենարիտ Անահիտ Մխիթարյանն իր հետաքրքիր սյուժետային գծով, իսկ մնացածը դերասանները պետք է փորձեն միս ու արյուն տալ  կերպարներին, որոնց ստեղծել է Անահիտը»,-նշում է նա:

Ելենա Արշակյանի փոխանցմամբ՝ դերասանական կազմը ընտրվել է քասթինգի միջոցով, եւ գլխավոր հերոսուհու համար արդեն իսկ փոխվել են երկու դերասանուհիներ:

«Սկզբում գլխավոր հերոսուհու կերպարը պետք է մարմնավորեր Նաստասյա Գոլովկոն, սակայն նրան չկարողացանք բերել Հայաստան, որովհետեւ չուներ Հայաստանի քաղաքացիություն: Վերջնական ընտրեցինք Ռոմելա Սարգսյանին, ով Թատերական ինսիտուտի նորավարտ դերասանուհի է: Նկարահանվելու են Էդգար Իգիթյանը, Ելենա Բորիսենկոն, Անի Պետրոսյանը, Սուրեն Թումասյանը, Սոֆի Դեւոյան ավագը, Ալեքսանդր Բաբասյանը եւ այլք»,- ընդգծում է ռեժիսորը:

Ըստ Ելենա Արշակյանի՝ այս նոր հեռուստասերիալի միջոցով փորձել են անդրադառնալ շատ խոցելի եւ ցավոտ մի թեմայի, որի մասին մեր հասարակությունում լռում եմ:

«Մեր հասարակության մեջ կա շերտ, որը մտածում է, որ աղջիկ երեխան ընտանիքում բեռ է, մանավանդ որ ընտանիքում կան արդեն իսկ երկու-երեք աղջիկներ: Մենք փորձել ենք ներկայացնել սելեկտիվ աբորտների, երրորդ աղջիկ երեխայի ծննդի եւ հոր վերաբերմունքի մասին: Սա ավելի շատ ծնող -երեխա հարաբերությունների մասին է: Անկեղծ ասած, բավականին մեծ վախ կար՝ այս թեմայի ընտրության հետ կապված, բայց կարծում եմ, որ պետք է անպայման բարձրաձայնվեր այս խնդիրը։ Հեռուստասերիալների միջոցով պետք է անդրադառնանք այն ամենին, ինչի մասին հաճախ լռում ենք, եւ, ահա, ես ու Անահիտը փորձեցինք բարձրաձայնել, որքան էլ դա մեզ համար ցավոտ թեմա է»,-նկատում է նա:

Նշենք, որ հեռուստասերիալի երգը կատարում է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:

Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Զոկովիչը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ բաց առաջությունում: Նյու Յորքում մեկնարկած US Open-ի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Ջոկովիչի մրցակիցը Բոսնիա եւ Հերցեգովինան ներկայացնող Դամիր Ջումհուրն էր: Սերբ թենիսիստից մեծ ջանքերի չպահանջվեցին հաղթելու մրցակցին երեք սեթից հետո`  6:1, 6:4, 6:1 հաշվով: Նովակ Ջոկովիչն ԱՄՆ բաց առաջնության եռակի հաղթող է: Նա այդ տիտղոսները նվաճել է 2011, 2015 եւ 2018 թվականներին: Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար:

 

 

ԽԱՂԵՐԸ ԿԱՅԱՑԵԼ ԵՆ

Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում կայացել են հերթական տուրի խաղերը:  Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունում «Լես ֆոքսեսը» հյուրընկալվելիս 80-42 հաշվով հաղթանակ տարավ «Հատիս» ակումբի նկատմամբ։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Լուսինե Տիտանյանը («Լես ֆոքսես»), որը վաստակեց 19 միավոր։ Առաջնությունը կանցկացվի շրջանաձեւ համակարգով` 6 շրջանով: Այնուհետեւ 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆ փուլում:

 

 

ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Պայմանագիրը կնքվել է մեկ մրցաշրջանի համար: Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ Իբրահիմովիչը մեկ տարվա համար կստանա 7 միլիոն եվրո աշխատավարձ: Զլատան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում հաղթել է Նիդեռլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնություններում, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող:

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ «ՌՈՄԱ»-Ի ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես «Ռոմայի» ֆուտբոլիստ է: Հայ կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: «Արսենալ»-ը եւ Մխիթարյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը, որտեղ բացակայում են իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաեւ գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի եւ Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի անունները:

 

 




Լրահոս