ԲՀԿ-Ն ԱՌԱՋ Է ԳՆՈՒՄ ՄԻԱՅՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս օգոստոսի 26-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց մեծ հանրահավաք կազմակերպելու եւ խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ սկսելու մասին: Կոտայքի մարզի ակտիվի հետ բացօթյա հանդիպման ժամանակ Ծառուկյանը հիշեցրել էր, որ իր աշխատակիցներին հանձնարարել է ժողովրդի հետ շփվել, նրանց հուզող հարցերը լսել։ Հիմա էլ հետեւություն է արել՝ խնդիրները բազմաթիվ են, բայց բոլոր հարցերի պատասխաններն ինքը պատրաստ է տալ:

Եվ, ահա, չնայած ամիսներ շարունակ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնած «Հայրենիք» եւ ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԲՀԿ-ն ցանկանում է միայնակ առաջ գնալ: Եռյակի ֆորմատը, կարծես թե, այնքան էլ հեռանկարային չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոստացված հանրահավաքը պլանավորված է իրականացնել հոկտեմբերին, սակայն ԲՀԿ-ում կուսակցականները կտրուկ դեմ են եղել, որ իրենց հանրահավաքին մասնակցեն նաեւ ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունները: Ու ստացվում է, որ թեեւ այս ուժերը ամիսներ շարունակ համագործակցել են, սակայն քաղաքական ամենակարեւոր միջոցառումներից մեկին, այն է՝ հանրահավաքին, միասնական ճակատով հարթակ չեն բարձրանալու: Ու հերթական անգամ ականատես ենք լինելու իրողության, որ ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիան չի կայանում:

 

 

ՀՀ արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարության մշակած նախագծի հիմնական նպատակն է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված, կառուցվող կամ կիսակառույց ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը: Ավելին, առաջիկայում կապահովվի արդեն իսկ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացը: Բայց նկատենք, որ նախատեսվում են այնպիսի կարգավորումներ, որոնց ուժով օրինականացման ենթակա չեն լինի այն ինքնակամ կառույցները, որոնք կառուցվել են այս նոր մշակված օրենքի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո: Այսինքն՝ կսահմանվի երկու ռեժիմ՝ մինչեւ այս օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների եւ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների համար: Ըստ այդմ, մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ շարունակում են կիրառվել գործող օրենքով սահմանված կարգավորումները, եւ վերջիններս ենթակա են օրինականացման այդ իսկ կարգավորումների շրջանակներում: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արգելվում է ինքնակամ կառույցների օրինականացումը, եւ դրանք բացառապես ենթակա են քանդման: Եւս մեկ կարեւոր փոփոխություն. կբարձրացվեն նաեւ ինքնակամ կառույցների դրույքաչափերը, որն էլ կնպաստի ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացի արագացմանը: Արդյունքում, Հարկային օրենսգրքով ավելացվել են ինքնակամ շինությունների հարկի դրույքաչափերը, որոնք ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվա հունվարի 1-ին:

 

 

Վերջին շրջանում նախաքննական մարմինները բավականին ակտիվ ձեւով տարբեր քրեական գործեր են հարուցում, փորձում են պայքարել քրեական ենթամշակույթի դեմ, նախկին պաշտոնյաների են ձերբակալում՝ այդ մեղադրանքի շրջանակում: Դրան զուգահեռ նոր խնդիրներ են ի հայտ գալիս: Ինչի՞ մասին է խոսքը. երբ փաստաբանները կամ քննիչները դիմում են դատարաններ՝ որեւէ մեղադրյալի խափանման միջոցի փոփոխության կամ այլ հարցերով, պարզվում է՝ շատ դեպքերում դատախազներն ու դատավորներն արձակուրդի մեջ են, եւ հենց այդ պատճառով իրավապահ համակարգում նոր դժգոհություն է հասունանում: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նույնիսկ եղել են դեպքեր, երբ այդ տարվա մարտ ամսից դատարաններ միջնորդություններ են եղել ներկայացված, սակայն դատավորներն արձակուրդում են եղել, եւ գործը մինչ օրս չի քննվել: Ստացվում է, որ քրեական գործերն ակտիվորեն հարուցվում են, սակայն վերջնարդյունք ստանալ չի հաջողվում, ու շատ գործեր դոփում են տեղում:

 

 

 

Սեպտեմբերի 8-ին Երեւանի ավագանու նիստը խոստանում է թեժ լինել: Ինչպես հայտնի է, այդ օրը նախատեսված է Երեւանի փոխքաղաքապետի ընտրություն, որի համար բուռն ընթացք է կանխատեսվում: Բացի այդ, նախատեսված է նաեւ աղմկահարույց ու դժգոհություններ հարուցած փոփոխություններ անել ավագանու նիստերի անցկացման կարգում: Առաջին հերթին առաջարկվում է փոփոխություն կատարել վարչական շրջանների ղեկավարների եւ քաղաքապետարանի աշխատակազմի հետ հարց ու պատասխանի ռեժիմում` սահմանելով, որ դրանք ամենամսյա պարբերականության փոխարեն տեղի  ունենան երկու ամիսը մեկ անգամ: Որպես պատճառաբանություն՝ նախագծի մեջ բերվում է, թե ավագանու ընթացակարգով այժմ թույլ կտրվի օրակարգային հարցերից դուրս ելույթ ունենալ։ Այս փոփոխությունն ամենաշատն է քննադատվել ընդդիմադիր խմբակցությունների կողմից, որոնք հարցուպատասխանի ամենամսյա լինելը շատ էին կարեւորում: Ավելին, նախկինում` ՀՀԿ իշխանության օրոք, հենց ավագանու «Ելք» խմբակցության անդամների առաջարկով է փոփոխություն արվել այս կարգի մեջ, եւ հնարավորություն է ստեղծվել հարցուպատասխան ունենալ ամեն ամիս: Հիմա, փաստորեն, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը գնում է ՀՀԿ-ի հետեւից` վատթարացնելով կարգը: Բացի այդ, իշխող խմբակցությունը ցանկանում է վերացնել խմբակցության ղեկավարների կողմից արտահերթ ելույթներ ունենալու իրավունքը՝ այն վերապահելով ամբողջ խմբակցությանը: Ու քանի որ ակնհայտորեն Հայկ Մարությանը նպատակ է դրել լռեցնել ավագանու ընդդիմադիր սակավաթիվ անդամներին, այս փոփոխության քննարկումը, բնականաբար, խոստանում է թեժ  լինել:




Լրահոս