«ՑԱՎՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆՄԱՆ ՈՐԱԿՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑԱՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ». ԼԻԼԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ՝ պարզելու համար, թե կրթական չափորոշիչները երբ են կյանքի կոչվելու, եւ արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ սեպտեմբերի 14-ից մեկնարկելիք ուսումնական տարում աշակերտներն արդեն  այդ չափորոշիչների հիման վրա են կրթություն ստանալու: Պատգամավորը մանրամասներ է ներկայացրել այն թեժ քննարկումներից, որոնք տեղի են ունենում կրթական չափորոշիչներում առկա սկանդալային կետերի շուրջ:

 

-Տիկի՛ն Ստեփանյան, երկար ժամանակ է՝ հանրությունը քննարկում է կրթական չափորոշիչները, տարբեր դիրքորոշումներ կան՝ չափորոշիչների հետ կապված, տեղյակ ենք, որ ձեր հանձնաժողովում բուռն քննարկումներ են տեղի ունենում, առաջիկայում փոփոխություններ պետք է լինեն: Մի փոքր մանրամասնեք՝ ինչն է խնդիրը, որ այդպիսի ձեւաչափ ընտրվեց, ու նման քննարկումներ են տեղի ունենում այս չափորոշիչների շուրջ:

-Այո, ինչպես նշեցիք, վերջին 1-2 ամիսների ընթացքում  կրթական չափորոշիչների թեման չի իջնում: Ես շատ ուրախ եմ, որ թե՛ հանրությունը, թե՛ շահագրգիռ կազմակերպությունները, թե՛ կրթական գործընթացի մասնակիցները, թե՛ ակադեմիական շրջանակները այսքան բուռն եւ հետաքրքիր վերաբերմունք ցուցաբերեցին կրթական չափորոշիչների նկատմամբ: Սա փաստում է այն մասին, որ, անկախ նրանից, անկախ այն ամենից,  որ ամբողջ Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ աշխարհում ինչ խնդիրներ էլ առաջացած լինեն  իշխանությունների առջեւ, սակայն կրթությունը մնում է հասարակության համար զգալի թեմաների շարքում, եւ հենց սրանով է պայմանավորված նաեւ չափորոշիչների մասով այս բուռն հետաքրքրությունը: Սա շատ լավ ազդակ է եւ ցուցիչ է, քանի որ կրթությունը գտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում: Ի սկզբանե նշեմ, որ ձեւավորվեցին վատ նախադրյալներ, որոնք,  ի վերջո, հանգեցրին այն ամենին, ինչին մենք այսօր ականատես ենք լինում: Հիշում եք, երբ վավերացրինք Լազարոտեի կոնվենցիան, որն ուներ ընդհանուր առմամբ 50 կետ, որից 49 կետը վերաբերում է մանկապղծության դեմ պայքարին, թե ինչպես Հայաստանը պետք է միանա եւ ինչ  գործիքակազմ ունենա  համաշխարհային թրաֆիկինգի գործընթացում: Եվ այս ամբողջ 50 կետի մեջ ընդամենը 1 կետ կար, որը վերաբերում էր կրթությանը: Այն, թերեւս, հետեւյալ բովանդակությամբ էր, որ կոնվենցիան  վավերացնող երկրները պարտավորվում են, որպեսզի փոքր չափաբաժիններով նաեւ դպրոցական տարիքից երեխաներին սովորեցնեն, թե ինչպես պաշտպանվել մանկապիղծներից, ինչպես հասկանալ եւ ինչպես ճանաչել վաղ վտանգները, եւ, ընդհանրապես, ինչպիսի վարք ցուցաբերեն նման դեպքերում:

-Կոնվենցիան բուռն քննադատվեց, ասացին, որ  սա սեռական դաստիարակության մասին է, որն ընդունելի չէ: Ի՞նչ կասեք:

-Այո, բայց շատ ցավում եմ, որ այդպիսի որակումներ ունեցավ կոնվենցիան: Բոլոր նրանք, որոնք չեն ալարի եւ կընթերցեն, հստակ կտեսնեն, որ կոնվենցիան ընդհանրապես կրթության մասին չէ, առավել եւս բացարձակապես սեռական կրթության մասին չէ: Կոնվենցիան ընդամենը պայքարի նոր գործիքակազմ է առաջարկում, որպեսզի նրանք կարողանան համաշխարհային մակարդակով պայքարեն մանկապղծության դեմ: Կոնվենցիան թույլ է տալիս ունենալ այնպիսի միջավայր, որպեսզի մանկապիղծների համար Հայաստանի Հանրապետությունը չդառնա ցանկալի եւ հաճելի վայր:

-Տրամադրվածություն կա՞ր կոնվենցիայի դեմ:

-Այո, կար տրամադրվածություն, վերաբեմունք, որ այնուամենայնիվ, ինչ կատարում էր կրթության պետական լիազոր մարմինը, թերեւս ազգակործան է, կամ ազգադավ ծրագիր է եւ այլն: Շատ շուտով հանրությանը ներկայացվեց, ինչպես նաեւ մասնագիտական շրջանակներին ներկայացվեց հանրակրթության պետական չափորոշիչը, որն այսօր էլ դրված է համացանցում: Ցանկացած մեկը, որ ուզում է մոտավորապես պատկերացնել կամ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում  հանրակրթության պետական չափորոշիչը, կարող է կարդալ ամբողջ փաստաթուղթը: Եվ, ցավոք, այդ ամբողջ փաստաթղթի մեջ չեք գտնի մի ակնարկ, նախադասություն, պարբերություն, որը կապացուցի որոշ շրջանակների կողմից հանրությանը  սնող կեղծ թեզերի մասին որեւէ կետ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով դասերն ամբողջ ծավալով չեն անցկացվում, այդուհանդերձ մայր բուհում առաջին կուրսի ուսանողները ստիպված են 70-160 հազար դրամ ավելի վճարել բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող կոչվելու համար։

 

Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը երեկ հրավիրված ասուլիսում պարզաբանեց, թե ցանկությունը վաղուց էր հասունացել, որոշում էլ կայացվել է դեռ անցած տարի՝ հոկտեմբերին, երբ կորոնավիրուսը Հայաստան դեռ չէր հասել. «Անցած տարի կային մարդիկ, որ ասում էին` բա մեր պայմանագիրը հեռավար ուսուցման համար չէ: Ասի` ճիշտ եք ասում, ես պատրաստ եմ ձեր գումարը ետ տալ եւ ձեր գործերն էլ ետ տալ, գնացե՛ք, գտե՛ք համալսարան, որտեղ առկա ուսուցում է, նստե՛ք դասերին»: Գեւորգյանի խոսքով՝ անցած ուստարվա թերությունները շտկվել են, մասնավորապես՝ բոլոր այն առարկաները, որոնք պահանջում են առկա շփում դասախոսի հետ, լինելու են։

Հիմնականում թանկացել են պոպուլյար ֆակուլտետները։ Ամենաշատը բարձրացել է Տեղեկատվական անվտանգության եւ Ինֆորմատիկա-կիրառական մաթեմատիկա ֆակուլտետների ուսումնական վարձերը՝ նախկին 540 հազարի փոխարեն 700 հազար դրամ է դարձել։ Իրավագիտություն ֆակուլտետում սովորողները նախկին 870 հազարի փոխարեն կվճարեն 1 միլիոն դրամ։ Բարձր վարձավճարի արդյունքում կբարձրանան դասախոսների աշխատավարձները։

Գ. Գեւորգյանի կարծիքով՝ համալսարանը պետք է հրապուրիչ լինի երիտասարդ, հեռանկարային դասախոսների համար. «Այն մարդիկ, որոնք էսօր խոսում են վարձերի բարձրացումից կամ բարձր լինելուց, ստանում են դրանից բազմապատիկ ավելի աշխատավարձ: Երիտասարդ, տաղանդավոր, հեռանկարային շրջանավարտն ինչո՞ւ պետք է մնա համալսարանում, միայն համալսարանում աշխատելով՝ դրանով չի կարողանա լուծել իր ընտանիքի հարցերը»:

 

 

ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ, գնդապետ Վահան Ավետիսյանի խափանման միջոց կալանավորման հարցով դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան: Ասել է թե՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը ամեն ինչ անում են, որ գնդապետին տանեն կալանավորման: Իսկ ինչ որոշում կկայացնի ՀՀ վճռաբեկ դատարանը, վարույթ կընդունի, թե ոչ՝ սպասենք զարգացումներին:

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարով ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայության կողմից սույն քրեական գործով կալանավորվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը, որին հուլիսի 9-ին, դատարանը հանցակազմի բացակայության հիմքով, դատարանի դահլիճից ազատ էր արձակել: Մեկ կարեւոր հանգամանք. Վահան Ավետիսյանը ապրիլի 3-ին կալանավայրից բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին եւ ասել, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի եւ նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից հետապնդումների է ենթարկվում:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ 4 ՀՈԳՈՒ

ՀՀ դատախազության փոխանցմամբ՝ ավարտվել է Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում աշխատանքային հարաբերությունների հետ կապված ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: 2019թ. ապրիլի 29-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ, որն իրականացվել է Շիրակի մարզային քննչական վարչությունում, հիմնավորվել է, որ «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Ե.-ն,  անձնական այլ դրդումներով եւ խմբային շահերից ելնելով, դպրոցի թվով 5 աշխատակիցների՝ 2008-2010թթ. ընթացքում պարբերաբար՝ որոշակի ընդհատումներով, ՀՀ-ից բացակայելու եւ աշխատանքի չհաճախելու պայմաններում դպրոցի փոխտնօրեն Գ.Մ.-ի եւ հաշվապահներ Ս.Գ.-ի ու Ա.Մ.-ի օժանդակությամբ աշխատաժամանակի հաշվարկի եւ աշխատավարձի վճարման տեղեկագրերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ այդ աշխատակիցների կողմից նշված ժամանակահատվածում կանոնավոր աշխատանքի ներկայանալու եւ փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ:

ՊՈԱԿ-ի փոխտնօրենին, 3 հաշվապահին մեղադրանք է առաջադրվել: Շիրակի մարզի դատախազությունում հաստատվել է նշված 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը, եւ քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:




Լրահոս