Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրենքով գող» Օշականցի Գեւորիկ մականվամբ Գեւորգ Մելիքյանի  նկատմամբ հարուցված քրեական գործով խուզարկություն է իրականացվել «Արմավիր» քրեակատարողական  հիմնարկի 3-րդ մասնաշենքում, որտեղ գտնվել է «օրենքով գող» Օշականցի Գեւորիկ մականվամբ Գեւորգ Մելիքյանի բարեկամը՝ Արշակը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ խուզարկությունից հետո «օրենքով գողի» բարեկամին տեղափոխել են «Երեւան- Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ «ԿԳԲ-ի պադվալ»:  Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակում Օշականցի Գեւորիկ մականվամբ Գեւորգ  Մելիքյանի  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ Գ. Մ.-ն իր բնակության հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնող Գ. Ի.-ի եւ վերջինիս մորեղբոր տղայի՝ Ա. Ի.-ի միջոցով իրեն դիմած Ա.Պ.-ի օգտին մասնավոր հարցին առնչվող, այն է՝ նախկինում գրավադրված ոսկու դիմաց պարտք մնացած եւ ձկան վաճառքից գոյացած գումարները Ս. Ս.-ի կողմից չվճարելու վերաբերյալ առաջացած վեճը (խնդիրը) լուծելու համար, 2020 թվականի մայիսի 17-ից սկսած, զանգահարել է Ս. Ս.-ին եւ անօրինական ազդեցությունն օգտագործելով եւ սպառնալիքի միջոցով պահանջել հանդիպել իրեն, սակայն վերջինիս կողմից տարբեր պատճառաբանություններով հանդիպումը հետաձգելու պայմաններում հետագա խոսակցություններից մեկի ընթացքում սպառնացել է, իր հեղինակությունն ու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից բխող հնարավորություններն օգտագործելով, բռնություն գործադրել Ս. Ս.-ի նկատմամբ, եւ այդ գործողություններից խուսափելու համար հանձնարարել է նրան համաձայնության գալ պարտատիրոջ՝ Ա. Պ.-ի առաջարկի հետ: «Դրանից հետո Ա. Պ.-ն, օգտվելով Գ. Մ.-ի հովանավորչությունից, Ս. Ս.-ից, որպես նյութական օգուտ եւ այլ առավելություն, պահանջել է 4.800 ԱՄՆ դոլար, 1.550.000 ՀՀ դրամ եւ նրան պատկանող, Արմավիրի մարզում գտվող ձկնաբուծական լճերի ափամերձ հատվածի հողատարածքի սեփականության վկայականը», – ասված է հաղորդագրությունում:

Նկարագրված արարքը կատարելու համար Գեւորգ  Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ նա ցուցմունք չի տալիս:  Ցուցմունք չի տալիս նաեւ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ Զապը:

Ստացվում է, որ «օրենքով գողերը» հրաժարվում են ցուցմունք տալ, ինչը նախաքննական մարմնին կանգնեցրել է փակուղու առաջ: Ավելին, երբ հետաքրքրվել են վերջիններիցս, թե իրենց կարգավիճակը թույլ չի տալիս ցուցմունք տալ, ի պատասխան՝ վերջիններս ասել են, թե ոչ, այլ պարզապես օգտվում են  քրեական դատավարության իրենց իրավունքից:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ

Դատարանը բավարարել է  ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Սամվել Մկրտչյանի ձերբակալման որոշման դեմ փաստաբաններ Վահան Հովհաննիսյանի եւ Սյուզաննա Խչեյանի ներկայացրած բողոքը։ Ինչպես տեղեկացնում է դատավոր Վ. Սիսակյանը, ձերբակալման որոշումը՝ Սամվել Մկրտչյանին ազատությունից զրկելու վերաբերյալ, ոչ իրավաչափ է: Դատարանի որոշմամբ արձանագրվել է, որ Վահան Հովհաննիսյանի եւ Սյուզաննա Խչեյանի վստահորդը պետք է անհապաղ ազատ արձակվի: Սամվել Մկրտչյանը սեպտեմբերի 1-ին ձերբակալվել էր ՀՔԾ կողմից: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված այն արարքների կատարման մեջ, որ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները եւ ՔԿՀ աշխատակիցներին դրդել պաշտոնեական կեղծիք կատարելուն:

 

 

ՏՈՒԳԱՆՔ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելու կամ դրանք ինքնակամ զավթելու դեպքում նախատեսված տուգանքի մասին: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն՝ անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը, շենքերի կառուցման, բնափայտի մշակման, պահեստների կառուցման եւ այլ նպատակներով օգտագործման անտառային տարածքներն ինքնակամ զավթելը եւ դրանք ըստ պատկանելության չվերադարձնելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի (100.000-200.000) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի (300.000-400.000) չափով:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՏՆՕՐԵՆԻՆ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ալավերդի քաղաքի դպրոցներից մեկի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչուհին, 2011թ. դեկտեմբերի 26-ից մինչ օրս զբաղեցնելով Լոռու մարզի վերոնշյալ քաղաքի դպրոցներից մեկի՝ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը եւ իրականացնելով կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթներ, տնօրինելով իր իրավասության սահմաններում կազմակերպության ֆինանսական միջոցները, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, խաբեությամբ ուրիշի զգալի չափերով գումարներին տիրանալու նախնական դիտավորությամբ, 2016թ. փետրվարի 1-ին նույն կազմակերպությունում որպես խոհարարի օգնական աշխատանքի է ընդունել 37-ամյա համաքաղաքացուհուն եւ վերջինիս հաստիքային միավորի համար վճարվող 54.451 ՀՀ դրամ աշխատավարձի չափի վերաբերյալ տվյալները թաքցնելով՝ իրական աշխատավարձի փոխարեն որպես աշխատավարձ յուրաքանչյուր ամիս՝ մինչեւ 2016 թ. հունիսի 1-ը, առձեռն վճարել է 40.000 ՀՀ դրամ գումար, իսկ ընդհանուր 73.353 ՀՀ դրամ աշխատավարձի գումարը խարդախությամբ հափշտակել է: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ալավերդի քաղաքի 46-ամյա դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախություն) 2-րդ մասի 1.1-րդ կետով եւ 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

 

ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ

Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանի դեմ հարուցված նոր քրեական գործով անցնում է վերջինիս զոքանչը: Ասել է թե՝ երբ իրավապահները քննել են ՀՀ նախկին ոստիկանապետի  շինությունների վերաբերյալ գործը, պարզել են, որ այդ շինությունների սեփականատերը նրա զոքանչն է:

Նշենք, որ երեկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2020 թվականի օգոստոսի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հաղորդում է տվել այն մասին, որ նախորդ օրը՝ օգոստոսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ Սեւանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելու ընթացքում, Սեւան-Շորժա ճանապարհահատվածի վրա Հայաստանի Հանրապետության  նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է իր եւ օպերատորների մասնագիտական գործունությանը, որի ընթացքում հնչեցվել են կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ:

Դեպքի առթիվ 2020 թվականի օգոստոսի 9-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 3-րդ մասով, որով նախաքննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում: Նախաքննության ընթացքում կատարված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ըստ 2017թ. դեկտեմբերի 19-ին հաստատված հատակագծի՝ պատրաստվող ռեպորտաժի համար իրականացվող նկարահանման վայրում, այն է՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի հողամասում, առկա է 14 միավոր շինություն, մինչդեռ համաձայն ստացված տվյալների՝ հատակագծում նշված չեն դրանցից լճի մոտակայքում գտնվող 2 շինությունները, որոնք դեռեւս 2013 թվականի դրությամբ, ի թիվս այլ շինությունների, առկա են եղել:

Նշված շինությունները բացակայում են նաեւ Դրախտիկ համայնքի ղեկավարի կողմից 2017 թվականի փետրվարին համաձայնեցված կառուցապատման սխեմայում: Պաշտոնեական կեղծիքների ու շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս