ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ ՉԻ ՇՓՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 8-ին Երեւանի ավագանու նիստում տեղի կունենա փոխքաղաքապետի ընտրություն: Թեկնածուն Սերգեյ Ներսեսյանն է, որը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն է: Օրեր առաջ փոխքաղաքապետի թեկնածուն հանդիպել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, եւ արդեն իսկ հայտնի է, որ ավագանու անդամներից շատերը դեմ են քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկած թեկնածուին:

 

Armlur.am-ը զրուցել է Սերգեյ Ներսեսյանի հետ` պարզելու համար, թե ինչ ակնկալիքներ ունի՝ ընտրության հետ կապված, արդյոք սեպտեմբերի 8-ին ավագանին իրեն ընտրելու է փոխքաղաքապետ:

-Պարո՛ն Ներսեսյան, Ձեզ պետք է Երեւանի ավագանին ընտրի փոխքաղաքապետի պաշտոնում.  ի՞նչ ակնկալիք ունեք, ի՞նչ եք կարծում, Ձեզ ավագանին կընտրի՞ արդյոք:

-Ես չեմ կարող գուշակել, որովհետեւ ես փաստացի դեռեւս աշխատանքի մեջ չեմ, այդպես մարդկանց հետ շփում չեմ ունեցել, չեմ կարող ասել` իրենք ինձ ընդունում են, սիրուն են, թե չէ: Համենայնդեպս, չսիրելու առիթ չեմ տվել ոչ մեկին, որովհետեւ իմ կյանքում, բացի լավ գործերից, ոչ մի վատ բան չեմ արել, որ որեւէ մեկը իմ հանդեպ անձնական վատ տրամադրվածություն ունենա:

-Այսինքն` ավագանու անդամներից որեւէ մեկին անձնապես չե՞ք ճանաչում, որեւէ մեկը Ձեզ չի՞ ճանաչում, ու միայն ավագանու նիստի ժամանա՞կ պետք է ծանոթանաք իրենց հետ:

-Միայն այն ժամանակ, երբ ֆրակցիայում հանդիպում եմ ունեցել իրենց հետ, բայց անձնական ծանոթություն, անձնական շփում՝ միանաշանակ ոչ, ոչ մեկի հետ չեմ շփվել, ոչ մեկին ես չեմ ճանաչում:

-Նշեցիք, որ ոչ մի վատ գործ չեք արել, կասե՞ք՝ ինչ գործունեությամբ եք զբաղվել, ու Ձեր որ արժանիքի համար պետք է Երեւանի ավագանին Ձեզ ընտրի որպես փոխքաղաքապետ: Հայտնի է միայն, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն եք եղել:

-Կներեք, բայց ժամանակի ծանրաբեռնվածությունից ելնելով՝ երկու բառով կասեմ՝ արժանիքներս կգնահատվեն ժամանակի ընթացքում. այն, ինչ արել եմ, արել եմ իմ ոլորտում, որտեղ որ նախկինում աշխատել եմ, այն իրավաբանական անձանց հետ, այն ֆիզիկական անձանց հետ, որոնց հետ շփվել եմ, միանշանակ վստահ եմ, որ այդ մարդկանց մոտ դրական կարծիքի եմ արժանանալու: Իսկ այդպես կոնկրետ աշխատանքներ հիմա հարմար չեմ գտնում ասել կամ շեշտել:

-Բայց Դուք պետք է քաղաքապետարանի ավագանիներին ներկայացնեք Ձեր անցած ուղին, ի՞նչ եք պատրաստվում ներկայացնել, որ Ձեզ ընտրեն:

-Կներկայացնեմ միանշանակ. ցանկացած մարդ իր արածների համար կարող է իրեն ներկայացնել, դրսեւորել ու ասել, թե ինչ է արել ու ինչ չի արել: Այլ հարց է՝ հավանության կարժանանամ, թե չէ:

-Իսկ վստա՞հ եք, որ կընտրեն Ձեզ:

-Ապագայի հետ կապված՝ չես կարող վստահ լինել, կանխագուշակումներ ունենալ:

-Բայց ի՞նչ տպավորություն ունեք ավագանու հետ հանդիպումից հետո:

-Ես ներկայացրել եմ իմ անցյալը, ներկայացրել եմ, թե ինչով եմ զբաղվում, այսինքն՝ չի եղել նմանատիպ քննարկում, որ, ժողովո՛ւրդ ջան, կողմ եք, թե կողմ չեք, իմ ներկայությամբ նմանատիպ խոսակցություններ չեն եղել:

-Ավագանու ընդդիմությունն ի՞նչ դիրքորոշում ունի, տեղյա՞կ եք:

-Չեմ շփվել, շփում չեմ ունեցել, որ ասեմ՝ ինչ կարծիք ունեն: Այսքանը:

Հ.Գ. Ի դեպ, Սերգեյ Ներսեսյանը օգոստոսի 23-ին  ֆեյսբուքյան պաշտոնական էջ է բացել ու զբաղված է լայքեր հավաքելով, բայց, կարծես թե, դեռեւս հաջողություններ չունի այդ առումով:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՄԱՆՐԱՁՈՒԿ Է ԲԱՑ ԹՈՂՆՎԵԼ

ՀՀ Գեղարքունիքի մարզում Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամը Սեւանա լիճ թափվող Կարճաղբյուր եւ Մասրիկ գետեր բաց է թողել շուրջ 280000 մանրաձուկ՝ Գեղարքունի իշխան: Աշխատանքներին ծանոթանալու համար Գեղարքունիքի մարզում է եղել շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նա այցելել էր Սեւանի իշխանի աճեցման ցանցավանդկային տնտեսություն եւ Կարճաղբյուրի մանրաձկան գործարան:

 

«Սեւանա լճի մակարդակի իջեցման, ձկնապաշարի անհետեւողական, անխնա ու առանց բնական վերարտադրման հնարավորությունները հաշվի առնելու օգտագործման արդյունքում մենք ունենք Ձմեռային իշխանի եւ Բոջակի իսպառ ոչնչացում, իսկ Ամառային ու Գեղարքունի իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ. իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորություններից: Սեւանա լճի ձկնապաշարների պահպանության ու վերարտադրության եւ այլ կենսական կարեւորության խնդիրները սրությամբ են դրված եւ պահանջում են ջանքեր ու անհապաղ վիրահատական միջամտություններ՝ լուծմանն ուղղված համարժեք ծրագրերով համակցված։ Պետությունը ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլեւ ձեռնամուխ է եղել ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը։ Այս համատեքստում Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամն իրականացնում է կառավարության կողմից հաստատված «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագիրը»,- նշել է Պետրոսյանը:

Այցը մեկնարկել է ցանցավանդակային տնտեսությունից, որտեղ նախարարը ծանոթացել է հնարավորություններին եւ տնտեսությունը վարող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել մի շարք կարեւոր խնդիրներ, որոնք վերաբերում են Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։ Այնտեղ առկա են 12 հիմնական ցանցեր, որոնց ընդհանուր արտադրական առավելագույն հնարավորությունը կազմում է տարեկան շուրջ 1 000 տոննա:

Տնտեսությունում առկա է մոտ 220 տոննա ընդհանուր կենսազանգվածով, տարբեր չափերի ձուկ, ինչպես նաեւ բնության մեջ խիստ հազվագյուտ ենթատեսակի՝ Ամառային բախտակի բացթողնման ենթակա շուրջ 70 000-80 000 հատ մանրաձուկ։

Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է արտադրական հնարավորություններին՝ 1 ցիկլում 1 մլն հատ 50 գրամանոց մանրաձուկ։ Այնտեղ առկա է ահռելի պոտենցիալ. ավելի փոքր չափերով արտադրելու դեպքում կարելի է տարեկան արտադրել տարբեր չափերի 10-30 մլն հատ մանրաձուկ։

Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամը Սեւանա լիճ թափվող Կարճաղբյուր եւ Մասրիկ գետեր բաց է թողել շուրջ 280,000 մանրաձուկ՝ Գեղարքունի իշխան:

Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այդ ամենը նպատակ ունի վերականգնել Սեւանա լճում տարիներ շարունակ կրճատվող Սեւանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել Սեւանա լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։ Առաջիկայում նախատեսվում է նաեւ Ձմեռային իշխանի, Բոջակի եւ Կողակի բացթողում։

Միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի բաց թողնված մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցերում։ «Սեւան» ազգային պարկի նոր ձեւավորված պահնորդական հատուկ ջոկատը շուրջօրյա խիստ եւ աչալուրջ հսկողություն է իրականացնում գետաբերաններում։

 

 

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել է, որ  առաջիկայում նախատեսվում է նորոգել Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ավտոճանապարհը։ Մեր տեղեկություններով՝  անտառներով ձգվող այդ ավտոճանապարհի հիմնանորոգումը կիրականացվի 2020թ.։ Բերդի տարածաշրջանի բնակիչներից տեղեկացա, որ պետական բյուջեի ֆինանսավորմամբ  այդ ճանապարհի կառուցապատման հրատապության, անհրաժեշտության վերաբերյալ  սահմանամերձ տարածաշրջանի բնակչության մասնակցությամբ հանրային քննարկումներ չեն կատարվել։ Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր ավտոճանապարհը հիմա գործում է, սակայն այն ասֆալտապատ չէ, անբարեկարգ է, անցանելի է միայն բարձր անցողունակություն ունեցող ավրոմեքենաների համար, այժմ շատ սակավ տրանսպորտային միջոցներ են օգտվում այդ ավտոճանապարհից։ Բերդի տարածաշրջանի բնակիչները մտահոգություն  հայտնեցին, որ Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ավտոճանապարհի հիմնանորոգմամբ   անորոշ երկար ժամանակով  անտեսվելու է  Բերդի տարածաշրջանի զարգացման համար ավելի  կարեւոր Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի կառուցապատումը։ Այդ ճանապարհի հիմնանորոգման դեպքում Բերդի տարածաշրջանի բնակիչները ավելի կարճ ավտոճանապարհով կկապվեն  մայրաքաղաք Երեւանի հետ։ Այդ ճանապարհի կառուցապատմամբ ճանապարհի  եզրին կստեղծվեն ենթակառուցվածքներ՝ սննդի օբյեկտներ, վաճառակետեր եւ այլն։ Այն պատճառաբանությունը, թե Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը ձմռան սեզոնին տեղացող ձյան պատճառով կարող է  փակվել, անհիմն է։ Վերջին 10 տարիներին ձյան տեղումներ շատ քիչ են եղել, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը ոչ մի օր փակ չի եղել, բացի այդ, Բերդի Ճանշինի աշխատողները լավագույնս են կատարում ճանապարհների ընթացիկ եւ ձմեռային սպասարկման, անխափան շահագործման գործը։ Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ավտոճանապարհը հիմնանորոգելուց, կառուցապատելուց հետո  Բերդ քաղաքի եւ տարածաշրջանի գյուղերի բնակիչները, բացառությամբ Վերին Ծաղկավան, Վարագավան, եւ Պառավաքար գյուղերի բնակիչների, Տավուշի մարզկենտրոն Իջեւանի հետ իրենց կապն իրականացնելու են այդ ավտոճանապարհով։ Այդկերպ Տավուշի մարզի սահմանագոտու գյուղերը՝ Վերին Ծաղկավանը, Վարագավանը, Պառավաքարը, Վազաշենը, Այգեհովիտը, Ազատամուտը, կտրվելու են մեծ ճանապարհից։ Նշված գյուղերի բնակիչները այլեւս հնարավորություն  չեն ունենա հանրապետական նշանակության ավտոճանապարհի եզրին վաճառելու իրենց աճեցրած գյուղատնտեսական մթերքները, անտառում հավաքած սունկը, խոտաբույսերը, հատապտուղները։ Սահմանամերձ այդ գոտին զրկվելու է տնտեսական զարգացման հեռանկարից։ Բերդի սահմանագոտու բնակիչները հույս են տածում, որ  կառավարությունը ետ կկանգնի Իջեւան-Բերդ ավտոճանապարհը նորոգելու մտադրությունից եւ նախապատվությունը կտա Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հիմնանորոգմանը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս