Երկրում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ կառավարության որոշման հիման վրա՝ սույն թվականի ապրիլի 14-ից հետո ծառայությունն արգելանքներ չի կիրառել եւ բռնագանձում չի կատարել հանրային իրավական դրամական պահանջների գործերով՝ տրանսպորտային միջոցի կայանման համար սահմանված կարգով չվճարելու հիմքով, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության կողմից կայացված եւ անբողոքարկելի դարձած վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով: Արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17։00-ից, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարտավոր է վերսկսել նշված վարույթներով օրենքով նախատեսված գործողությունների կատարումը, այդ թվում՝ պարտավորության չափին համապատասխան արգելանքի կիրառումը եւ համապատասխան դրամական միջոցների բռնագանձումը։
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՅՏՆԻ
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստակամ է երաշխավորել Մալաքյան եղբայրների համար, եթե նախաքննության մարմինը որոշի դիմել դատարան։ Այս մասին հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Ինչպես օգոստոսի 31-ին հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեն, օգոստոսի 30-ին Կասկադում տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 1-ին մասով: Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող: Գործով ձերբակալված «Արարատ» եւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստներ Էդգար եւ Գոռ Մալաքյան եղբայրների փաստաբանը հայտնում է, սակայն, որ դեպքը տեղի է ունեցել բոլորովին այլ կերպ, իսկ տարածված տեղեկատվությունը խիստ սուբյեկտիվ է, միակողմանի, թերի եւ ուռճացված, ի հավաստումն ինչի` հրապարակել է Մալաքյան եղբայրների լուսանկարները։ Ըստ փաստաբանի՝ քրեական գործի ընթացքը դեռ ցույց կտա, թե ով ում նկատմամբ է բռնություն գործադրել, իսկ այժմ խախտվում է Մալաքյանների անմեղության կանխավարկածը, միաժամանակ մեծ հարված է հասցվում Հայաստանի ազգային հավաքականին եւ, առհասարակ, հայկական ֆուտբոլին։
Եթե նախաքննության մարմինը որոշի դիմել դատարան, որպեսզի վերոնշյալ ֆուտբոլիստների նկատմամբ կալանք կիրառվի, ապա հայտնում ենք, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներով պատրաստակամ ենք ներկայացնել երաշխավորություն՝ որպես Մալաքյան եղբայրների նկատմամբ կիրառվելիք խափանման միջոց կալանավորմանը այլընտրանք»,-նշել է նա:
7 ՆՈՐ ԴԵՊՔ
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 7 նոր դեպք: Վարակակիրներից 5-ը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից են, նախորդ օրը Ստեփանակերտ քաղաքում հաստատված դեպքի շփման շրջանակից, մյուս 2-ի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում։ Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 295 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 362 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 10897 փորձանմուշի հետազոտություն:
ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ
«Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկան՝ կայուն: 32 եւ 46 տարեկան պացիենտները վիրահատվել են, վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածքներից, վերջիններս ունեն նաեւ կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում: Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն չկա:
ԵՎՍ 4 ՆՈՐ ԴԵՊՔ
Սեպտեմբերի 2-ին Արմավիրի մարզում եւ Երեւանում գրանցվել է ալկոհոլային թունավորման եւս 4 նոր դեպք, 1-ը՝ մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սեպտեմբերի 1-ին մահացել է: Ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հասել է 27-ի, որից 14-ը՝ մահվան ելքով: 27 դեպքից 20-ը (որից 9-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում: Արմավիրի մարզի մնացած 11 դեպքից 9-ը բուժում է ստանում «Արմենիա» ՀԲԿ-ում, 2-ը բժշկական զննությունից հետո դուրս են գրվել: Բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:
Հանրապետությունում արձանագրված 27 դեպքերից 7-ն արձանագրվել է Երեւանում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս դեպքերը կապ չունեն Արմավիրի դեպքերի հետ: Դրանցից 5-ը մահվան ելքով են, 1-ը բուժում է ստանում թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, 1-ը՝ «Արմենիա» ՀԲԿ-ում: Տուժածների մի մասն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են: