
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 10-ին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունենալու հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: Բանն այն է, որ այդ հանձնաժողովի նախագահի տեղակալը մինչ այս ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էր, եւ նախագահի տեղակալի նոր ընտրություն կատարելը կապված է հենց այն հանգամանքի հետ, որ վերջինս դուրս է եկել խմբակցությունից:
Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ եթե պատգամավորը դուրս է գալիս խմբակցությունից, նա իրավունք չունի լինել հանձնաժողովների, ինչպես նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովների եւ խորհրդարանական կազմակերպությունների կազմերում:
Եվ, ահա, ելնելով այդ հանգամանքից՝ այժմ Սերգեյ Բագրատյանի փոխարեն պետք է նոր թեկնածու առաջադրվի այդ պաշտոնի համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան այդ պաշտոնում կփոխարինի Վարդեւան Գրիգորյանը: Հավելենք, որ որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Սերգեյ Բագրատյանի անունը հանված է նաեւ ԱԺ պաշտոնական կայքից, եւ առաջիկայում փոփոխություններ կլինեն նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովներում:
Մանրամասները՝ տեսանյութում