ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել Ազգերի լիգայի առաջին 2 տուրերի բոլոր հանդիպումներն անցկացնել փակ դռների ետևում. ՀՖՖ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է.

«Երկարատև դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականը տնային հանդիպում է անցկացնելու:

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում սեպտեմբերի 8-ին ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մեր ընտրանին ուժերը կչափի Էստոնիայի հավաքականի հետ։

Ստեղծված համաճարակային իրավիճակում ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել Ազգերի լիգայի առաջին 2 տուրերի բոլոր հանդիպումներն անցկացնել փակ դռների ետևում՝ առանց ֆուտբոլասերների։ Առաջին անգամ մեր ընտրանին Հայաստանում խաղալու է առանց իր հիմնական շարժիչ ուժերից մեկի՝ երկրպագուների: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ երկրպագուներին խնդրում և կոչ ենք անում զերծ մնալ կուտակումներից «Հանրապետական» մարզադաշտի հարակից տարածքներում և չստեղծել ավելորդ լարվածություն։

Ամեն դեպքում, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների համար ձեր աջակցությունը մեծ նշանակություն ունի, և առաջարկում ենք աջակցության հեռավար միջոց՝ սոցցանցերում տեղադրել Ձեր մասնակցությամբ լուսանկար կամ տեսահոլովակ՝ Հայաստանի ազգային հավաքականի շապիկով և օգտագործելով #wesupportArmenianNT: Նշենք նաև, որ Էստոնիայի հետ խաղում մեր ազգային հավաքականը խաղալու է տնային՝ կարմիր մարզաշապիկներով և ցանկալի է, որ հեռավար աջակցության համար օգտագործվի հենց կարմիր գույնը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեր երկրպագուներից պատահականության սկզբունքով կընտրի մեկ հաղթող, որը կստանա արժեքավոր նվեր»:




Լրահոս