ԴԵԴ ՀԱՍԱՆԻ ԶԻՆԱԿԻՑԸ ԾԵԾԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս Իջեւան է վերադարձել Արթուր Բաղրամյանը, ով առավել հայտնի է Աբան անունով: Աբանն օրենքով գող Դեդ Հասանի` 74-ամյա Հասան Ուսոյանի հետ 2010թ. սեպտեմբերի 16-ին Մոսկվայի Տվերսկոյե փողոցում վարձու մարդասպանի կրակոցից վիրավորվել էր: Հիմա առողջացել է, վերադարձել Իջեւանում գտնվող իր տունը, «եվրոռեմոնտ» է արել, նաեւ մտադրություն ուներ Տավուշի մարզկենտրոնում ինչ-որ բիզնես ձեռնարկել, բայց չստացվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` վերջերս Աբանն իր որդուն ուղարկել է իջեւանցի ազատամարտիկ, ձկնորս Սերյոժա Ստեփանյանի մոտ, որպեսզի ձուկ բերի: Վերջինս 2 կգ գետի կարմրախայտ է տվել, սակայն տղան չի վճարել` ասելով, թե հայրը հետո կտա: Սեպտեմբերի 18-ին Սերյոժա Ստեփանյանը տաքսիով գնացել է Աբանի տուն` փողը ստանալու: Վերջինս հյուրի հետ վայելել է կարմրախայտը, ապա խիստ զայրացել, որ ազատամարտիկը ձկան գումարը պահանջում է: Այսպիսով` Սերյոժա Ստեփանյանը տնից ձեռնունայն դուրս է եկել: Այդ պահին ազատամարտիկի վրա հարձակվել են Աբանը, նրա որդին, ընկերները, ընդհանուր առմամբ` 5 հոգի: Նրանք հենց դրսում դաժան ծեծի են ենթարկել 60-ն անց ազատամարտիկին: Վերջնարդյունքում Սերյոժային տեղափոխել են Իջեւանի հիվանդանոց, որտեղ նրա դեմքին 7 կար են դրել: Այս գործին խառնվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց միջնորդությամբ  նույն գիշեր Աբանն իր ընտանիքի հետ Բագրատաշենում բարեհաջող հատել է սահմանը: Իջեւանում մնացել է միայն նրա դպրոցահասակ որդին: Իջեւանի ոստիկանությունում հրաժարվեցին այս առթիվ որեւէ տեղեկատվություն  տրամադրել: «Ժողովուրդ»-ի աղբյուրներից տեղեկացանք, որ տեղի ունեցածի առիթով քրեական գործ դեռեւս հարուցված չէ, իսկ Սերյոժա Ստեփանյանի` ծեծի ենթարկվելու կապակցությամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել: ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ




Լրահոս