ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՊԼԱՆ Է ԳԾԵԼ՝ ՈՒՄ, ԵՐԲ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի հոկտեմբերին Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում համայնքապետի ընտրություն է սպասվում: Ու թեեւ դեռեւս բավականին երկար ժամանակ կա մինչեւ ընտրությունները, բայց «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, թե քաղաքապետ Սամվել Բալասայանն ու նրա որդին՝ Միսակ Բալասանյանը ինչ պլաններ են գծել Գյումրին կրկին իրենց ձեռքում պահելու համար:

 

Եւ այսպես, մեզ հաջողվել է պարզել, թե որն է Բալասանյանների ծրագիրը: Նախ՝ արդեն ակնհայտ է, որ Սամվել Բալասանյանը մտադիր է երրորդ անգամ առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու, բայց պետք է դա անել՝ իշխանություններին փաստի առաջ կանգնեցնելով, թե, իբրեւ, Գյումրու քաղաքապետի անկրկնելի, անմրցելի թեկնածուն հենց Սամվել Բալասանյանն է:

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Միսակ Բալասանյանն իրենով է արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանին: Բալասանյանները պլանավորել են հասնել նրան, որ Շիրակի մարզպետի պաշտոնը կրկին զբաղեցնի Սարուխանյանը: Ավելին, նույնիսկ խոսակցություններ կան, որ Միսակ Բալասանյանը ամսական որոշակի գումար է տրամադրում պատգամավոր Սարուխանյանին, որպեսզի վերջինս Գյումրիում «գործ» անի ու նաեւ ջերմ հարաբերություններ պահպանի Բալասանյանների հետ: Ըստ Միսակ Բալասանյանի պլանի՝ Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ պետք է «խաղի» մեջ մտնի նաեւ օլիմպիական խաղերի չեմպիոն, անվանի մարզիկ Արթուր Ալեքսանյանը: Արդեն իսկ հրապարակ է նետվել լուրը, թե Գյումրու քաղաքապետի հաջորդ թեկնածուն արջն է՝ նույն Արթուր Ալեքսանյանը, որը եւս ջերմ հարաբերություններ ունի Բալասանյանների հետ: Բայց, ըստ կրտսեր Բալասանյանի մշակած ծրագրի, երբ Արթուր Ալեքսանյանի հեղինակությամբ կաշկանդված բոլոր հնարավոր թեկնածուները մի կողմ կքաշվեն եւ կհեռանան ընտրապայքարից, գործի կդրվի պլան Բ-ն: Հարմար պահի հրապարակ կնետվեն մի քանի կոմպրոմատներ, որոնք կան Արթուր Ալեքսանյանի դեմ: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ կոմպրոմատներից մեկը վերաբերում է նրան, որ Ալեքսանյանի շրջապատում քրեական աշխարհի ներկայացուցիչները շատ են: Բացի այդ, ըստ Գյումրիում շրջանառվող տեղեկությունների՝ Ալեքսանյանը ինչ-որ ժամանակահատվածում դատարանում երաշխավոր է կանգնել սպանության կամ սպանության փորձի համար ամբաստանվող քրեական տարրերից մեկին: Այդպիսով Արթուր Ալեքսանյանը ստիպված կլինի դուրս գալ խաղից, եւ դաշտում էլի կմնա միակ, անկրկնելի եւ անմրցելի թեկնածու Սամվել Բալասանյանը: «Ժողովուրդ» օրաթերթը իր ստացած բոլոր տեղեկությունների շուրջ փորձել է զրուցել Բալասանյանների, Արթուր Ալեքսանյանի, Կարեն Սարուխանյանի հետ:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյոք պատրաստվում է երրորդ անգամ իր թեկնածությունն առաջադնել, հայտարարեց. «Շուտ չի՞ այդ հարցերը տալու համար, ես փողոցներ եմ սարքում, հետո քաղաքական է պրոցեսը, շատ շուտ եք տալիս հարցը: Ես, գիտեք, որ ունեցել եմ քաղաքական պաշտոններ, այնպես որ, հիմա դեռ վաղ է ինչ-որ նման հարցի պատասխանել»: Մեր դիտարկմանը, թե իր որդին՝ Միսակ Բալասանյանը, որը գտնվում է ԱՄՆ-ում, պլաններ է գծել առաջիկայում՝ իր պաշտոնի հետ կապված, Բալասանյանն ասաց. «Իմ որդին զբաղվում է իր բիզնեսով. եթե այլ հարց ունեք, տվեք, մենք պատրաստվում ենք սեպտեմբերի 5-ին նշել քաղաքի օրը, անում ենք գործեր, փողոցներ ենք կառուցում, թանգարաններ ենք վերաբացում: Թե չէ՝ կլինի պրոցեսը, կասենք, կպատասխանենք, ու բոլորը բավարարված կլինեն: Քաղաքական պրոցեսներ են լինելու, դրա համար հիմա բան չենք կարա ասենք: Էսքանը, էլ բան չկա ասելու»:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով է իրական այն տեղեկությունը, որ ինքը Միսակ Բալասանյանի հետ մտերմացել է, ու, առաջիկա ընտրությունների հետ կապված, պլաններ են նախանշել: «Մենք պատրաստվում ենք ցանկացած քաղաքական պրոցեսի, ոչ միայն Գյումրու, այլ նաեւ ՀՀ-ում այլ ՏԻՄ ընտրությունների, բայց ես այս պահին որեւէ մեկին չեմ աջակցում, այս պահին նման բան գոյություն չունի»,- հայտարարեց պատգամավորը: Մեր հարցին, թե ինչ փոխհարաբերություններ ունի Միսակ Բալասանյանի հետ, ու արդյոք իրական է այն, որ ամեն ամիս նրանից մեկ միլիոն դրամ գումար է ստանում, իմքայլական պատգամավորն ասաց. «Նորմալ, շատ լավ հարաբերություններ ունեմ, գործնական հարաբերություններ: Սուտ է, որ ես ինչ-որ փող եմ ստանում. ով ասել է, սուտ է Ձեզ ասել, զրպարտանք են տարածում, երբեք նման բան չկա»:

Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանի առաջադրմանը, պատգամավորը նշեց, որ այդ մասով որեւէ բան հայտնի չէ, նա հզոր մարզիկ է. «Այս պահին նա մարզվում է օլիմպիական խաղերին մասնակցելու համար»: Մարզպետի պաշտոնին վերադառնալու հարցին էլ ասաց, որ չկա նման բան, ինքը պատգամավոր է, աշխատում է:

Արթուր Ալեքսանյանի եւ Միսակ Բալասանյանի հետ զրուցելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին, քանի որ նրանք ո՛չ մեր հեռախոսազանգերին եւ ո՛չ էլ հաղորդագրություններին այդպես էլ չարձագանքեցին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

61 ԴՐԱՄԱՇՆՈՐՀ

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել վերաբաշխում կատարել «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում: Հարցը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը: Որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը հաստատելու մասին» 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման պահանջներից, որի նպատակը կորոնավիրուսի տարածման հետեւանքով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետեւանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանության օժանդակությունն է: Նկատի ունենալով, որ ծրագիրն իրագործվելու է ՀՀ 2020թ. պետական բյուջեով հաստատված  «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման» ծրագրի «Գաղափարից մինչեւ բիզնես» միջոցառման շրջանակներում, անհրաժեշտություն է նշված միջոցառման առկա ողջ չօգտագործված 888 մլն դրամն ուղղել նոր՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 17-րդ միջոցառմանը»՝ համապատասխանաբար նվազեցնելով նաեւ ոչ ֆինանսական ցուցանիշները, նոր միջոցառման համար սահմանելով նոր քանակական չափորոշիչներ: Նախատեսվում է շուրջ 61 դրամաշնորհների տրամադրում:

 

 

ԿԱԶԱՏՎԻ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ Հայաստան նավթամթերքի մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրով Ղազախստանից նավթամթերքների առաքումը Հայաստան ազատվում է մաքսատուրքի գանձումից: Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցությանը, առեւտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:

 

 

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Երեկ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունը հետաձգվեց: Սերժ Սարգսյանը չէր ներկայացել դատարան: Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը ներկայացրեց բժշկական փաստաթուղթ, ըստ որի՝ երեկվանից Սարգսյանի առողջական վիճակը լավ չէ, ցուցված է տնային պայմաններում խնամքի ռեժիմ:  Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սերգո Կարապետյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 

 

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԸ՝ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ այս տարվա պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է: «Ուզում էի տեղեկացնել, որ այս ձեւով ընդունելու դեպքում ձեւակերպման եւ իրականացման խնդիր կառաջանա, քանի որ պահուստային ֆոնդը ներկա պահին գործնականում ամբողջությամբ ծանրաբեռնված է»,-ասել է նա: Խոսքը ֆինանսական հատկացման մասին է, եւ առաջարկեց մինչեւ վերջնական ստորագրումը լուծում գտնել պահուստային ֆոնդի ավելացման ուղղությամբ, ապա նոր նախագիծը հաստատել: Նշենք, որ նախագծով նախատեսվում էր բժշկական դիմակներով ապահովել ե՛ւ աշակերտներին (սաներին, ուսանողներին), ե՛ւ մանկավարժական ու վարչական անձնակազմին (1 ամսվա հաշվարկով): Ընդ որում, հաշվարկը կատարվել է՝ հիմք ընդունելով բժշկական դիմակի 25 ՀՀ դրամ գինը: Նախատեսվում է նաեւ ձեռքերի ախտահանիչներով ապահովել ե՛ւ աշակերտներին, ե՛ւ անձնակազմի 100%-ին: Նախագծով նախատեսվում է ուսումնական հաստատությունները ապահովել շենքերի ախտահանիչներով:

 

 

200 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Երեւանի Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզումից տուժած այն քաղաքացիներին, որոնք  համաձայնել էին մնալ հյուրանոցում, 200 հազ. դրամի չափով գումար է տրամադրվել: Ըստ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանի՝ տրամադրված դրամական օգնությունը ժամանակավոր կացարան վարձելու համար է: «Տրամադրված գումարը տուժած քացաքացիներին տրվում է այն պատճառով, որ նրանք կարողանան մեկ ամսով բնակարան վարձել մինչեւ մեկ ամսվա ընթացքում նրանց բնակարանի հարցը լուծելը, իսկ այդ հարցի քննարկումը դեռեւս չի ավարտվել»,-ասաց Կարեն Հակոբյանը՝ հավելելով, որ տուժած քաղաքացիներին ապահովվել են նաեւ պարենամթերքով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է: Ընդհանուր առմամբ փլուզվել է 12 բնակարան, տուժել են 29 քաղաքացիներ, որոնց թվում են 5 երեխաներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ:




Լրահոս