Վրեժ Վարդանի Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էդիկ Մանվելի Յաղությանի հետ խմբի խազմում եւ Գոռ Արծրունի Կուրղինյանի օժանդակությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով գաղտնի հափշտակություն կատարելու նախնական համաձայնություն է ձեռք բերել, որն ավարտին չի հասցվել հանցավորների կամքից անկախ հանգամանքներում:
2020 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 23:50-ին, Վրեժ Բաբայանը, Էդիկ Յաղությանը, Գոռ Կուրղինյանը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել հանցանքը համատեղ կատարելու, այն է՝ հանցագործության տեղի, ժամանակի, եղանակի, միջոցների շուրջ խմբի կազմում մինչեւ հանցագործության օբյեկտիվ կողմի մաս կազմող գործողությունները սկսելը միմյանց միջեւ կատարել են դերաբաշխում, հանցակիցներից յուրաքանչյուրը մյուս հանցակցի գործողությունների գիտակցմամբ, հանցակցի գործողությունների լրացմամբ եւ համատեղ ուժերով ընդհանուր հանցավոր հետեւանքի առաջացման ձգտմամբ, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով: Իսկ ո՞րն է եղել նրանց նպատակը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2020 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 04:00-ին, գնացել են Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1-ին հասցեում գտնվող Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ Վրեժ Բաբայանը եւ Էդիկ Յաղությանը ապօրինի բարձրացել են մարզահամերգային համալիրի տանիք, մոտ մեկուկես ժամ ձեռքով քանդել-հանելու եղանակով ապամոնտաժել են խոշոր չափերով, ընդհանուր 590.400 ՀՀ դրամ արժողության 41 թիթեղ, որի ընթացքում, ըստ դերաբաշխման, Գոռ Կուրղինյանը սպասել է տարածքում եւ հսկել քաղաքացիների անցուդարձը՝ կողմնակի անձանց մոտենալու դեպքում՝ Վ.Բաբայանին եւ Է. Յաղությանին տեղեկացնելու համար:
Լույսը բացվելուն պես ապամոնտաժված 41 թիթեղները թողել են տանիքում եւ հեռացել հանցավոր արարքը չբացահայտվելու, հետագայում առավել բարենպաստ պայմաններում ապամոնտաժված թիթեղները հափշտակելու, այդկերպ պլանավորած հանցանքն ավարտին հասցնելու նպատակով:
Այդ նպատակով 2020 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Վրեժ Բաբայանը, Էդիկ Յաղությանը, Գոռ Կուրղինյանը վերադարձել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ Վ. Բաբայանը եւ Գ. Կուրղինյանը բարձրացել են տանիք, իսկ Է. Յաղությանը սպասել է տարածքում, սակայն նույն պահին վերջիններս բռնվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից, այսպիսով իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել ավարտին հասցնել հանցավոր, ուրիշի գույքի խոշոր չափերով գաղտնի հափշտակությունը:
Վրեժ Բաբայանը, Էդիկ Յաղությանը, Գոռ Կուրղինյանը հայտնվել են մեղադրյալի աթոռին: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն (2-րդ գողության փորձ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից. պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով):
Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, որի պատուհանին ամիսներ առաջ կրակել էին, իսկ, ահա, իրավապահներն այդպես էլ չկարողացան բացահայտել, թե ով կամ ովքեր գնացին այդ քայլին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԱՊՊԱ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապահովագրական ընկերության գործակալի կողմից պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը, աշխատելով ապահովագրական ընկերությունում որպես գործակալ, 2020թ. մայիսին 42-ամյա մշտական հաճախորդից տեղեկանալով, որ վերջինիս «Մերսեդես բենս» ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել է, խոստացել է առցանց եղանակով վերակնքել այն, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով մոռացել է։
2020թ. մայիսի 22-ին ընկերության գործակալը, տեղեկանալով, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցները կանգնեցրել են 42-ամյա հաճախորդին պատկանող «Մերսեդես բենս» ավտոմեքենան, իր հարաբերությունները վերջինիս հետ պահպանելու դրդապատճառով, առանց տղամարդու գիտության, Վանաձոր քաղաքի Խորենացի հասցեում գործող ապահովագրական ընկերության գրասենյակում ապահովագրել է վերոնշյալ ավտոմեքենան եւ համակարգչով՝ առցանց եղանակով կազմել պատասխանատվությունից ազատող ԱՊՊԱ վկայագիր, կեղծել դրանում նշված ժամը եւ այն օգտագործելու նպատակով տրամադրել է նրան: Աշխատակցին մեղադրանք է առաջադրվել:
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 45-ամյա տղամարդու կողմից սպանության եւ սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2020թ. մայիսի 10-ին 45-ամյա տղամարդը, մուտք գործելով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տներից մեկը, իր մոտ պահվող 16մմ տրամաչափի որսորդական հրացանով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մեկ կրակոց է արձակել նույն տան 29-ամյա բնակչի ուղղությամբ եւ դիմել փախուստի: Վերջինս ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Նույն օրը՝ ժամը 05:00-ից մինչեւ 05:30-ն ընկած ժամանակահատվածում, 45-ամյա տղամարդը, հասնելով Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասերից մեկի մոտ, որոշել է մոտակա ելակի հողակտորից ելակ ուտել ու շարունակել ճանապարհը, սակայն հանդիպելով հողամասի սեփականատիրոջը՝ վեճի է բռնվել նրա հետ, որի ընթացքում 45-ամյա տղամարդը իր մոտ եղած դանակով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս կենսական կարեւոր օրգաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել եւ դիմել է փախուստի: 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՆՁ
Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է եւս երկու անձ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվածներից մեկն Ավետիք Վարդանյանն է, որի նկատմամբ այս պահին իրականացվում են քննչական գործողություններ: Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ նրան այս պահին կոմիտեում քրեական գործի շրջանակներում հարցաքննում են:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է եւս երկու անձ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ., ձերբակալվել էր՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով: Քրեական գործով կատարված քննչական եւ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է եւս երկու անձ:
Նշենք, որ ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում: Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի` ժամը 12:00-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը` Արմավիրի մարզից, 12-ը` Երեւանից, 1-ը` Կոտայքի մարզից: Ցավոք, նաեւ գրանցվել է մահվան 14 դեպք:
Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է հանդիսացել մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումը:
Երեւանի դեպքերից տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի, ինչպես նաեւ Կոտայքի մարզում արձանագրված դեպքից տուժածի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ