Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը հայտարարվում են պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ յուրաքանչյուրը տասը օր տեւողությամբ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։ Նախագիծն ընդգրկված էր չզեկուցվողների թվում։ Ըստ հիմնավորման՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
Վարժական հավաքներին ներգրավվելու է ընդհանուր թվով 786 քաղաքացի, որոնցից 524-ը՝ շարքային կազմի, 82-ը՝ ենթասպայական կազմի, 180-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ:
Նախագծով սահմանվելու է, որ վարժական հավաքներին ներգրավվում են՝
1) մոտոհրաձգային մասնագիտություններով 36 պահեստազորային՝ 2020 թվականի սեպտեմբերի 15 – 24-ը ներառյալ, 18 պահեստազորային՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-10-ը ներառյալ, 18 պահեստազորային՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-15-ը ներառյալ, 18 պահեստազորային՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-29-ը ներառյալ, 21 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 16-25-ը ներառյալ,
2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով 31 պահեստազորային՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-28-ը ներառյալ, 132 պահեստազորային՝ 2020 թվականի նոյեմբերի 3-12-ը ներառյալ, 145 պահեստազորային՝ 2020 թվականի նոյեմբերի 9-18-ը ներառյալ,
3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով 5 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 12-21-ը ներառյալ, 8 պահեստազորային՝ 2020 թվականի նոյեմբերի 23- 29-ը ներառյալ,
4) կապի մասնագիտություններով 71 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 20- 29-ը ներառյալ,
5) հետախուզական մասնագիտություններով 6 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 – 24-ը ներառյալ, 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 4-ը ներառյալ, 57 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20-29-ը ներառյալ, 72 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 17 – 26-ը ներառյալ,
6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 23 – 29-ը ներառյալ,
7) ինժեներական մասնագիտություններով 24 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ,
8) տեխնիկական մասնագիտություններով 27 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 22 – 28-ը ներառյալ, 40 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ,
9) թիկունքային մասնագիտություններով 22 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 5 – 11-ը ներառյալ,
10) տեղագրական մասնագիտություններով 7 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ Է ՆՎԻՐԵԼ
Կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ 202-ի պետբյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության կահավորված, թթվածնի կենտրոնացված համակարգով եւ ավտոմատ պատգարակով համալրված ավտոմեքենաները, նաեւ շտապօգնության ավտոմեքենաների օժանդակ բժշկական սարքավորումները եւ պարագաները նվիրաբերել մարզերում գործող բժշկական կազմակերպություններին նրանց ծառայությունների բարելավման նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ շտապ օգնության ծառայությունը այն օպերատիվ եւ մոբիլ ծառայությունն է, որի զարգացման եւ հագեցվածության մակարդակը, բժշկական անձնակազմի պատրաստվածությունը, տեղում կամ ճանապարհին անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը, հիվանդին մասնագիտացված բուժհաստատություն ժամանակին տեղափոխումը անմիջական կապ ունեն ծառայությանը դիմող պացիենտների կյանքին վտանգ սպառնացող հիվանդության բարեհաջող ելքի հետ։ Նշվածի ենթատեքստում մեծապես կարեւորվում է նաեւ շտապ օգնության արագ տեղ հասնելու հանգամանքը։ Նշված նպատակով Առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի շրջանակներում ձեռք են բերվել թվով 21 «ՈՒԱԶ» տեսակի ամենագնաց շտապ օգնության ավտոմեքենաներ, որոնք նաեւ հագեցվել են ՀՀ պետական բյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ եւ անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով եւ պարագաներով։
Բժշկական կենտրոնների ընտրությունը կատարվել է՝ հիմքում ունենալով մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները, յուրաքանչյուր անգամ առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող ազգաբնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ եւ հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով։ Նշենք, որ Տավուշի մարզին նվիրաբերվելու է 5, Սյունիքի մարզին՝ 3, Արագածոտնին՝ 2 շտապ օգնության մեքենա:
ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՊԵԿ-ՈՒՄ
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ուժեղացված հսկողությունը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումների բացահայտման ուղղությամբ: Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների արդյունքում 2020թ. օգոստոս ամսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 1049 դեպք կամ շուրջ 11.5 %-ով ավելին, քան նախորդ ամիս: Հիշեցնենք, որ 2020թ. հուլիսին արձանագրվել էր ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք, ինչը 2018 թվականի հունվարից առ այսօր ամենաբարձր ցուցանիշն էր:
ԴԻԼԻՋԱՆՑԻ ԱՂՋԻԿԸ ԿԴԻՄԻ ԴԱՏԱՐԱՆ
Գործազրկության բարձր մակարդակ, որակյալ, բարձր վարձատրվող աշխատատեղերի պակաս կա։ Գործատուները հաճախ են խախտում աշխատանքային օրենսդրության պահանջները, աշխատողներին ամեն օր երկար ժամանակ աշխատեցելով՝ քիչ են վճարում։ Հաճախ են դեպքերը, երբ գործատուն առանց լուրջ պատճառի աշխատողին գործից ազատում է։ Դիլիջան քաղաքի բնակչուհի Վիկտորյա Ավանեսյանը հայտնեց. «Մեկ տարի Դիլիջանի «Կիրովի տուն» կոչվող հյուրանոցում աշխատելուց հետո աշխատանքային այլ առաջարկ ստացա, սակայն երկու ամիս առաջ հյուրանոցից հետ կանչեցին, եւ ես ընդունեցի այդ առաջարկը՝ պայմանով, որ աշխատանքը լինելու է մշտական, ոչ սեզոնային։ Հյուրանոցի ղեկավարությունը հավաստիացրեց, որ աշխատանքը լինելու է մշտական, սակայն օրեր առաջ՝ զբոսաշրջային սեզոնի ավարտին, առանց որեւէ պատճառաբանության նրանք ինձ հեռացրին աշխատանքից։ Ընդ որում, աշխատանքի ընդունվելուց անգամ աշխատանքային պայմանագիր չեն տրամադրել, որպեսզի իրենց հարմար պահի, առանց պատճառաբանության, դուրս հրավիրեն։ Ցավոք, Դիլիջանում աշխատանք գտնելը բավականին դժվար է, որից էլ օգտվում են գործատուները՝ շահագործելով մարդկանց իրենց հարմար տարբերակով։ Այսկերպ շարունակել չի կարելի. աշխատող, հարկ վճարող մարդկանց իրավունքները պետք է պաշտպանված լինեն»։ «Կիրովի տուն» հյուրանոցը համացանցում հայտարարություն է զետեղել, որ աշխատանքի կընդունի ռուսերենի եւ անգլերենի իմացությամբ, բարետես արտաքինով հյուրանոցի ադմինիստրատորի, իսկ Վիկտորյա Ավանեսյանը պատրաստվում է իրեն աշխատանքից ազատելու կապակցությամբ դատական հայց ներկայացնել այդ հյուրանոցի դեմ։
ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ
Բերդի համայնքապետարանի 6 միկրոավտոբուսները սպասարկում էին Բերդ համայնքի ներքին բոլոր երթուղիները: Դրանք Բերդի տարածաշրջանի 16 գյուղերը կապում էին միմյանց եւ տարածաշրջանի կենտրոնի՝ Բերդ քաղաքի հետ։ Հայաստանի անկախանալուց հետո տարածաշրջանի կենտրոն Բերդի եւ տարածաշրջանի գյուղերի միջեւ հասարակական տրանսպորտ չէր գործում։ Բերդի ներհամայնքային երթուղիների ուղեվարձը, անկախ ուղեւորի անցած հեռավորությունից, միասնական էր` 200 դրամ։ Սահմանամերձ տարածաշրջանում միկրոավտուբուսային երթուղիների շահագործման համար պահանջվող ծախսը սուբսիդավորելու նպատակով ամեն տարի խոշորացված Բերդ համայնքի բյուջեից կտրամադրվի 7 միլիոն դրամ։ Սահմանամերձ, խոշորացված Բերդ համայնքի բնակչությունը կազմում է 26.600 մարդ, որոնցից 6 հազարը օգտվում էր հասարակական տրանսպորտից։ Այժմ, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, միջհամայնքային հասարակական տրանսպորտը չի գործում։ Համավարակը հաղթահարելուց հետո այն կվերսկսի իր աշխատանքը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ