ԴԵՄ ՉԷ ՀԱՐՑԵՐԸ ԲՌՈՒՆՑՔՆԵՐՈՎ ՊԱՐԶԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից համացանցում թեժ բանավեճ է դերասան Սոս Ջանիբեկյանի եւ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի միջեւ: Դերասան Սոս Ջանիբեկյանին զայրացրել է այն փաստը, որ ռեժիսորն իր ֆեյսբուքյան էջում հաճախ է քննադատության ենթարկում իշխանությանը եւ, առհասարակ, հայկական իրականությունը:

 

ArmLur.am-ը փորձեց պարզել, թե ինչու է դերասան Սոս Ջանիբեկյանն այդպես քննադատաբար մոտեցել ռեժիսորի հայտարարություններին: Դերասանը մեզ հետ զրույցում նշեց, թե պարզապես չի  սիրում ամեն ինչ քննադատող, ամեն ինչ հայկական իրականության եւ հայկական հնարավորությունների մեջ քննադատող մարդկանց:

«Բոլորս էլ գիտենք, որ ուժեղ ռեժիսորները Հոլիվուդում են, դերասաններն էլ, երաժիշտներն էլ, Մոցարտն էլ ուրիշ տեղ է եղել, մի խոսքով՝ մենք մեր իրականության մեջ ենք ապրում, իսկ մեր իրականության մեջ ամեն ինչ քննադատելով չէ, կամ եթե քննադատում ես, մի բան արա, նոր քննադատի: Անկեղծ ասած, ես շատ եմ սիրել «Կյանք ու կռիվ» ֆիլմը եւ հիացական խոսքեր եմ ասել իրեն՝ Մհերին Մկրտչյանին: Ես շատ էի ուզում նկարահանվել իր ֆիլմերից մեկում, իրեն հաղորդագրություն եմ գրել, որ խնդրում եմ՝ եթե քաստինգ լինի, ինձ կանչեք, ես էլ նկարահանվեմ»,-նշեց նա:

Սոս Ջանիբեկյանի խոսքով՝ նա հարգում է Մհեր Մկրտչյանի աշխատանքը «Կյանք ու կռիվ» ֆիլմում, բայց չի կարող թույլ տալ՝ փնովեն այն, ինչ կա հայկական իրականությունում:

«Եթե դու լավ բան ես անում եւ կարողանում ես այնպիսի բան անել, որ բոլորը սիրեն,  եւ դու հեղինակություն ես սկսում վայելել, ապա պետք է ավելի բարի ու մեծահոգի լինել: Ոչ թե ամեն ինչ քննադատես, այլ սկսես ոգեշնչել, դուխ տալ, ուղղորդել, թեւ ու թիկունք լինել նրանց, ովքեր նույնպես ուզում են լավ բան անել:  «Տղա՛ ջան, դու մի քանի լավ բան ես արել, լավ ֆիլմեր ես նկարել, քեզ լավ բան արած մարդու պես պահի, քեզ մեծահոգի, սովորեցնող պահի, քեզ դուխ տվող պահի, ոչ թե հակառակը՝ չարախոսող, բամբասող կամ մարդկանց հետեւից խոսա: Տղա second floor-ում, որ հովանավորներից գումար էիր ուզում «Լյուդվիգ անունով ոզնի» ֆիլմը նկարելու համար, երբ դու պետք է հեղափոխության մասին «Դուխով» ֆիլմ նկարահանեիր: Դու հիմա նկարում ես, ըստ տեղեկությունների, «Իշխանություն» վերնագրով ֆիլմ, որը հակահեղափոխության մասին է: Ես ո՛չ հեղափոխության ջատագովն եմ, ո՛չ էլ հակահեղափոխության: Հաստատ գիտեմ, որ լավ եղավ, որ անցանք այն շրջանը, ու ինչ լավ է, որ եղավ այս հեղափոխությունը, բայց նաեւ գիտեմ, որ այստեղ էլ սխալներ կլինեն, եւ ինչ-որ օր կգա, որ այստեղ էլ դժգոհություններ կունենանք»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Դերասանի կարծիքով՝ արվեստագետը պետք է առաջնորդվի գաղափարախոսություններով, պետք է տեր լինի իր սկզբունքներին, ոչ թե մի օր Կարմիր գլխարկի գայլի կողմն անցնի, մի օր Կարմիր գլխարկի:

«Այստեղ հարցն այն է, որ դու արվեստագետ ես, ունես քո գաղափարախոսությունները, սկզբունքներն ունեցիր, տեր եղիր: Իհարկե, կյանքը գնում է առաջ, կարող է քո կարծիքները փոխվեն, բայց չես կարող մի օր  Կարմիր գլխարկի գայլին պաշտպանես, մի օր էլ Կարմիր գլխարկին: Պետք է ինչ-որ արժեհամակարգ ունենաս՝ որպես արվեստագետ, որպես մտավորական, մանավանդ լավ արվեստագետ, որն այդպես չքնաղ երկու ֆիլմ է նկարել»,- ասում է նա: Հարցին, թե այս բախումները մինչեւ ուր կարող են հասնել, մեր զրուցակիցը պատասխանում է. «Դե՛, ես ճիշտն ասած հայաթի տղա եմ, ամբողջ կյանքիս ընթացքում հայաթի կանոններով եմ ապրել, հայաթում ծեծ եմ կերել, ծեծել եմ, եթե հասնի բանը նրան, որ պետք է երկու տղամարդ ինքնասիրության հարց պարզենք, դա պետք է լինի միանշանակ աչքի տակի կապտուկով:

 

 

 

ԼԻԼԻ ՄՈՐՏՈՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՄՈՒՍՆԱՆԱ

Երեկ մոդել Լիլի Մորտոյի  ծննդյան տարեդարձն էր։ Մոդելը նշում էր ծննդյան 34-ամյակը։ Ծննդյան մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Լիլի Մորտոյի հետ։

 

«Այս տարի լրանում է իմ 34-ամյակը։ Տարեդարձս նշում եմ տանը Womens club-ի եւ մի քանի բարեկամների հետ, այսպես ասած, տնական միջավայրում»,-ասաց Լիլին։

Նրա խոսքով՝ շատ գեղեցիկ եւ թանկարժեք նվերներ է ստացել սիրելիի կողմից. «Հիմնականում ստացել եմ ծաղիկներ, թանկարժեք հեռախոս եւ այլ նվերներ, իսկ Womens club-ի աղջիկներն ամեն մեկն իմ ճաշակին համապատասխան նվերներ է նվիրել»։

Հարցին՝ ինչ երազանքներ եւ նպատակներ ունի՝ այս տարվա հետ կապված, մոդելը նշում է, որ արդեն երկու տարի է, ինչ կատարվում են նրա բոլոր երազանքներն ու նպատակները։

«Երազանքներս քիչ-քիչ իրականանում են։ Ես ինքս փորձում եմ դրանք իրականացնել։ Շուտով իմ կյանքում սպասվում է լուրջ փոփոխություն՝ հարսանիք, հայկական ավանդական չեմ սիրում, ուրիշ ձեւով կլինի, որի մասին հիմա չեմ ուզում բարձրաձայնել»,-հավելում է Լիլի Մորտոն։

Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանի շախմատի ֆեդերացիան առաջին անգամ կազմակերպում է Երեւանի գավաթի խաղարկություն: Մրցաշարը կտեւի սեպտեմբերի 5-21-ը. մասնակցել կարող են սկսնակից մինչեւ գրոսմայստեր: Մրցաշարի ցուցակագրման համար պետք է հայտերն ուղարկել Երեւանի շախմատի ֆեդերացիայի https://lichess.org/team/yerevan-chess-federation թիմին, եթե դեռ թիմի անդամ չեք հանդիսանում։

 

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Բելգիայի հավաքականի ճամբարին միանալիս 28-ամյա դարպասապահը հանձնել է COVID-19-ի թեստ, որի պատասխանը դրական է եղել: Այժմ Կուրտուան ինքնամեկուսացման մեջ է: Եթե կրկնակի թեստերը չհաստատեն վարակի առկայությունը, նա կկարողանա մասնակցել առաջիկա խաղերին: Բելգիայի հավաքականը պատրաստվում է Դանիայի (սեպտեմբերի 5) եւ Իսլանդիայի (սեպտեմբերի 8) հավաքականների դեմ Ազգերի լիգայի խաղերին:

 

 

ՄԵՍԻԻ ՀԱՄԱՐ

«Բարսելոնայի» նորեկ Միրալեմ Պյանիչը պատմել է, որ կատալոնական ակումբ տեղափոխվելու գլխավոր դրդապատճառներից մեկն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ խաղալու ցանկությունն է: «Տեղափոխվել եմ «Բարսելոնա», որպեսզի խաղամ Մեսիի հետ: Դրա համար հրաժարվել եմ ՊՍԺ-ի ավելի շահավետ առաջարկից»,-ասել է  բոսնիացի կիսապաշտպանը: Հիշեցնենք, որ 30-ամյա Պյանիչն այս ամռանը Թուրինի «Յուվենտուսից» է տեղափոխվել «Բարսելոնա»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա Մեսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»:

 

 

ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂՆԵՐԸ

5 մարզիկներ ընդգրկվել են Forbes ամսագրի վարկածով ամենաբարձր վարձատրվող հայտնիների լավագույն տասնյակում: Տղամարդկանցից կազմված ցուցակում տեղ են գտել երգիչներ, դերասաններ, հաղորդավարներ, մարզիկներ եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ: Առաջին տեղում է հայտնվել ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քանյե Ուեսթը, որը մեկ տարում վաստակել է 170 միլիոն դոլար: Երկրորդ տեղում է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը (106.3 միլիոն), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (105 միլիոն): Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չորրորդ տեղում է (104 միլիոն): Տասնյակում տեղ են գտել նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը (95,5 միլիոն) եւ ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (88,2 միլիոն):

 




Լրահոս