ԼՈՒՐՋ ԲԵԿՈՒՄ ԿԱՄ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվա հանրահավաքի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել է հիմնականում «Վիկիլիքս»-ի հրապարակումների մասին, որոնք պարբերաբար տպագրվել են մամուլում: Դրա համար որոշակի կրճատումներով ենք ներկայացնում «Վիկիլիքս»-ի 12 կետերը:Սիրելի՛ հայրենակիցներ,Թվում էր, թե Հայաստանի իշխանությունների անօրինակարգ, հանցավոր ու ավազակաբարո բնույթի մասին ասված է ամեն ինչ, եւ դժվար կամ գրեթե անհնար է դրան որեւէ բան ավելացնել։ Սակայն մի ցնցող նորություն ցրում է այս տպավորությունը եւ հնարավորություն տալիս խնդիրը դիտարկել բոլորովին մի այլ տեսանկյունից, լիարժեք դարձնելով իրականության մինչ այժմ ձեւավորված հասարակական ընկալումը։ Ես նկատի ունեմ Wikileaks-ի աղմկահարույց հրապարակումները, որոնցից պարզվում է, որ Հայաստանի իշխանական համակարգի էությունը մեզանից շատ ավելի լավ հայտնի է եղել ԱՄՆ։ Այսինքն՝ Երեւանում հավատարմագրված ամերիկյան դիվանագետների կանոնավոր, բարեխիղճ ու մանրակրկիտ զեկուցագրերի շնորհիվ ԱՄՆ կառավարությունը կատարելապես տեղյակ է եղել, որ.2008թ. նախագահական ընտրությունները ոչ միայն բացարձակապես չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, այլեւ ընդհակառակը, ուղեկցվել են լայնածավալ ընտրախախտումներով, լցոնումներով, ընտրակաշառքով, բռնություններով, վարչական ռեսուրսների օգտագործմամբ, քվեարկության մասնակիցների թվի ահռելի ուռճացմամբ, թեկնածուների համար անհավասար քարոզչական հնարավորությունների ստեղծմամբ, որոնք էականորեն ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Մասնավորապես, ամերիկյան դեսպանատան գնահատականներով՝ ես ստացել եմ ոչ թե 21.5, այլ 30-35 տոկոս ձայն, ինչը նշանակում է, որ առաջին փուլում հաղթելու համար Սերժ Սարգսյանին չի բավարարել առնվազն 6-11 տոկոս ձայն, հետեւաբար նա չի ընտրվել եւ օրինակարգ նախագահ չէ (Wikileaks. 08YEREVAN204)։2008թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ որոշում կայացնելիս ակնհայտ ճնշման ու ապօրինի թելադրանքի է ենթարկվել նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանը: Հայաստանում հաստատված իշխանական համակարգն իր բնույթով դասական ավազակապետություն (կլեպտոկրատիա) է, որի գլխին կանգնած են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Նրանցից յուրաքանչյուրը ստեղծել է քրեաօլիգարխիկ տարրերից կազմված իր սեփական բուրգը, ինչի շնորհիվ մի քանի տասնյակ ընտանիքներ տնօրինում են երկրի համարյա ողջ տնտեսական կարողությունները, դրանք անսահմանափակորեն ծառայեցնելով իրենց անձնական հարստացման գործին եւ տնտեսական ասպարեզից դուրս մղելով մրցակից տարրերին ու մանավանդ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարներին: «Դատարանները շարունակում են ենթարկվել գործադիր իշխանության ճնշումներին։ …Կա ինքնապարտադրված ակնկալիք, որ դատարանները մեղավոր են ճանաչելու բոլորին, ում մեղադրանք է առաջադրված» կամ «Շատ դատավորներ վախենում են հաշվեհարդարից, եթե արդարացման վճիռ կայացնեն իշխանությունների համար կարեւոր, զգայուն գործերով»։Տեղեկատվության էլեկտրոնային միջոցները, այսինքն՝ ռադիո-հեռուստատեսության բոլոր կայանները գտնվում են գործադիր իշխանության լիակատար վերահսկողության տակ։ * * *Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի կառավարության համար Հայաստանին վերաբերող ամենագլխավոր, եթե ոչ միակ, խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է։ Այդ թեման կարմիր թելի պես անցնում է ինչպես Երեւանի, այնպես էլ Անկարայի եւ Բաքվի ամերիկյան դեսպանատներից պետքարտուղարությանն ուղարկված բազմաթիվ զեկուցագրերով։ Ուստի ակնհայտ է դառնում, որ Ամերիկան Հայաստանում որեւէ այլ ռազմավարական հետաքրքրություն չունի, բացի, թերեւս, Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը, որը, սակայն, նույնպես նրա կողմից հիմնականում արժեւորվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դիտանկյունից։ Կարելի է, ըստ այդմ, վստահաբար պնդել, որ ԱՄՆ-ը եւ ընդհանրապես Արեւմուտքը Հայաստանին վերաբերող որեւէ այլ քաղաքական կնճռի լուծման ոլորտում այնքան ջանք ու եռանդ չեն ներդրել, որքան հայ-թուրքական հաշտեցման գործընթացում։Նշելով այս ամենը, ես չեմ կասկածում ԱՄՆ-ի ու Եւրոմիության առաջատար երկրների հետապնդած նպատակի ազնվությանը եւ, ի տարբերություն շատերի, ամենեւին հակված չեմ դրա ետեւում դավադիր մտադրություններ, էգոիստական շահագրգռություններ կամ երկակի ստանդարտներ փնտրելու։ Որովհետեւ լիովին համոզված եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է ոչ միայն միջազգային անվտանգության ու համագործակցության, այլեւ, առաջին հերթին, տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների, այդ թվում առանձնապես Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից։ Թեեւ ակնհայտ է, որ այդ հիմնական խնդիրների կարգավորմամբ Արեւմուտքը միաժամանակ փորձում է լուծել նաեւ որոշ այլ հարցեր, ինչպես, օրինակ, Այսրկովկասում ռուսական եւ իրանական ազդեցության թուլացումը, Միջին Ասիայից դեպի Եվրոպա էներգակիրների անխափան փոխադրման ապահովումը կամ թեկուզ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Սփյուռքի ճնշման չեզոքացումը, սակայն միեւնույն է, այդ նկատառումները որեւէ չափով չեն կարող նսեմացնել հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարեւորությունը։Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ու Եւրոմիության երկրների վարած քաղաքականության սխալը, հետեւաբար, ոչ թե նրանց հետապնդած նպատակի, այլ այդ նպատակին հասնելու ճանապարհի մեջ է։ Հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նրանք բացառիկ խաղադրույք են կատարել իրենց իսկ կողմից ոչ օրինակարգ, կոռումպացված եւ հանցագործ համարված Սերժ Սարգսյանի վրա, հաշվի չառնելով հասարակական կարծիքի կարեւորությունը եւ այդ գերզգայուն խնդիրների լուծման գործում ժողովրդի բավարար աջակցության անհրաժեշտությունը։ Արեւմտյան քարոզչությունը, գովեստներ ու հաճոյախոսություններ շռայլելով, ամեն ինչ արել է Սերժ Սարգսյանի հեղինակությունն ու դիրքերը թե՛ արտաքին աշխարհում, թե՛ երկրի ներսում ամրապնդելու համար, նրան ներկայացնելով որպես քաջ, նախաձեռնող ու լայնախոհ պետական այր։ Ավելին, քարոզչականից բացի, ամերիկյան կառավարությունն այդ ուղղությամբ կատարել է նաեւ գործնական քայլեր, ինչի մասին, մասնավորապես, վկայում է պետքարտուղարությունից ուղարկված մի ուշագրավ նամակ, որում Երեւանի դեսպանատան աշխատակիցներին հանձնարարվում է տեղեկություններ հավաքել այն անհատների ու խմբերի մասին, որոնք քաղաքական վտանգ կարող են ներկայացնել Սերժ Սարգսյանի համար, ակներեւաբար, այդ անհատների ու խմբերի վրա որեւէ կերպ ազդելու կամ նրանցից սպասվող վտանգը չեզոքացնելու նպատակով (Wikileaks. 09STATE88237)։ Կարծում եմ, ավելորդ չէ նշել նաեւ, որ Արեւմուտքը երբեք այդպիսի անվերապահ աջակցություն չէր ցուցաբերի Սերժ Սարգսյանի նկատմամբ, եթե չունենար հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում որոշակի զիջումների գնալու վերջինիս հավաստիացումները։* * *Անկախ Արեւմուտքի վերաբերմունքից, հայ ժողովուրդը որեւէ կերպ մտադիր չէ հաշտվել սեփական երկրում ոչ օրինակարգ, հանցագործ, անբարեկիրթ ու ամբարտավան իշխանություն ունենալու մտքի հետ։ Wikileaks-ի հրապարակումները նրան ավելի մեծ համոզվածություն ու վճռականություն են ներշնչում՝ ավազակապետությունը հնարավորինս արագ թոթափելու եւ երկրի սահմանադրական կարգը վերականգնելու հարցում։ Ամենայն պատասխանատվությամբ ղեկավարելով համաժողովրդական շարժումը, Կոնգրեսը մինչ այժմ ձգտել է այդ նպատակին հասնել բացառապես խաղաղ, օրինական ճանապարհով, եւ երկխոսության մեջ մտնելով իշխանությունների հետ, փորձել է քաղաքական ճգնաժամը հաղթահարել քաղաքակիրթ միջոցներով։ Բայց «կիրթ» արմատից կազմված բառերը, կարծես թե, խորթ են հնչում իշխանությունների համար, եւ նրանք հասկանում են միայն ճնշումների լեզուն, ինչն, ի դեպ, նույնպես արձանագրված է ամերիկյան դիվանագետների զեկուցագրերում (Wikileaks. 09YEREVAN137)։ Հետեւաբար, այսօրվանից մենք պետք է ավելացնենք մեր ճնշումները եւ առավել հաճախակի ու մարդաշատ հանրահավաքների, ինչպես նաեւ զանգվածային այլ միջոցառումների միջոցով ստիպենք իշխանություններին՝ կատարելու մեր պահանջները:1. Մինչեւ տարվա վերջ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։2. Ընտրություններից առաջ ՀՀ ընտրական օրենսգրքում կատարել էական փոփոխություններ, նրանցում ընդգրկելով մեր ներկայացրած հայտնի առաջարկները։3. Առաջիկա երեք ամիսների ընթացքում բացահայտել 2008թ. մարտի 1-ի տասը սպանությունները եւ քրեական հետապնդում սկսել դրանց պատասխանատուների նկատմամբ։4. Ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին եւ կարճել Կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը։5. Վերացնել Երեւան քաղաքում փողոցային առեւտրի վրա դրված անօրինական արգելքը։6. Չեղյալ հայտարարել Երեւանում տեղադրված կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ընդունված որոշումը։7. Դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի այլանդակումը եւ արգելել Երեւանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումը։8. Օրենքով արգելել բարձրաստիճան պետական պաշտոնյաների, Ազգային Ժողովի պատգամավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից մամուլի միջոցների եւ լրագրողների դեմ դատական հետապնդումների հարուցման պրակտիկան։Ինչպես նշել եմ իմ նախորդ ելույթում, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու։ Այս պնդման հավաստիացումը դուք կստանաք հաջորդ հանրահավաքում, որը կկայանա սեպտեմբերի 30-ին։




Լրահոս