ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Ստեփանյանը երեկ խորհրդարանում երդվեց: Ինչպես հայտնի է, նա՝ որպես պատգամավոր, փոխարինելու է Մանե Թանդիլյանին, որը առողջական խնդիրների պատճառով դուրս եկավ կուսակցությունից ու խմբակցությունից, ինչպես նաեւ հրաժարվեց պատգամավորական մանդատից: ArmLur.am-ը զրուցել է պատգամավորի հետ, փորձել հասկանալ՝ ինչ ծրագրեր ունի նա, եւ ինչու հուզվեց պատգամավորական երդման ժամանակ:

 

-Պարո՛ն Ստեփանյան, խորհրդարանում Ձեր առաջին աշխատանքային օրն էր, փոխարինում եք պատգամավոր Մանե Թանդիլյանին: Ձեր ելույթում մի փոքր հուզված էիք: Ձեր պլանների մասին մի քիչ կխոսե՞ք: Ի՞նչ եք անելու խորհրդարանում, ի՞նչ ծրագրերով եք եկել:

-Հուզմունքս կապված էր այն հանգամանքով, որ մի փոքր վատառողջ էի: Մինչ այդ աշխատել եմ «Ռոսգոստրախ Արմենիա» պահովագրական ընկերությունում, Արդարադատության նախարարության կից ՊՈԱԿ-ում եմ դասավանդել, Ֆրանսիական քոլեջում եմ դասավանդել: Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանաի աշխատանքին, ապա ասեմ, որ պատրաստվում եմ օրենսդրական նախաձեռնություններով սնուցեմ իմ պատգամավորական գործունեությունը: Ինչպես նաեւ ընտրված եմ Թիվ 4 ընտրատարածքից, ցանկանում եմ զբաղվել քաղաքացիների խնդիրներով:

-Ո՞ր ոլորտում եք Ձեզ տեսնում. Մանե Թանդիլյանը տնտեսական ոլորտն էր ղեկավարում:

-Միանշանակ կարող եմ ասել, որ տնտեսական ոլորտում չեմ լինելու: Հիմա այդ հարցն ենք քննարկում: Հավանականություն կա՝ կլինեմ պետաիրավականում:

-Պատկերացնո՞ւմ էիք, որ այս ժամանակահատվածում խորհրդարան եք գալու, քանի որ անակնկալ ստացվեց Մ. Թանդիլյանի հրաժարականը:

-Այդ ուղղությամբ ընդհանապես չեմ մտածել՝ կլինեմ, թե չեմ լինի: Ինձ թվում է՝ ավելի շատ՝ ոչ:

-«Լուսավոր Հայաստան» խմբակցության ծրագրերից տեղյա՞կ եք: Խոսում են երկու ծրագրերի մասին՝ COVID-19-ի հետ կապված, ինչպես նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին: Դա Ձեր պլանների մեջ մտնո՞ւմ է:

-Թույլ տվեք ադ հարցին չպատասխանել, քանի որ ես անձամբ խմբակցությունում չեմ քննարկել այդ հարցը:

-Կա՞ կոնկրետ նախագիծ, որ առաջիկայում առաջարկելու եք:

-Այո, կա, բայց չեմ ուզում բարձրաձայնել:

-Մի քանի խոսք չե՞ք ասի Ձեզ ընտրողներին՝ ինչի համար եք եկել խորհրդարան: Մի քանի պլաններ նշեք, թե ինչ եք առաջիկայում անելու:

-Ես աշխատանքով ցույց կտամ:  Մի բան կարող եմ ասել, որ լինելու եմ նախաձեռնող եւ օրենսդրական փաթեթներով հանդես եմ գալու:

-Իշխանություններից Ձեր խմբակցությունում, կարծես թե, դժգոհություն է  առկա: Դրսում շփում ունեիք քաղաքացիների հետ, ի՞նչ դիրքորոշում ունեն իրենք, արդյոք իշխանությունը  տապալե՞լ է այն, ինչ խոստացել էր իրագործել:

-Այդ հարցին այսպես չեմ կարող եմ 1 կամ 2 բառով պատասխանել: Իհարկե, կան ե՛ւ թերություններ, ե՛ւ նվաճումներ:

-Ձեր վարչական շրջանը ո՞րն է:

-Թիվ 4 ընտրատարածքը, որ ներառում է Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն  համայնքները:

-Արդեն կա՞ն խնդիրներ, որոնք ֆիքսել եք եւ արդեն պետք է զբաղվեք:

-Կարելի է ասել՝ այո: Միշտ դիտարկման տակ է եղել, օրինակ, իմ բնակավայրի տարածաշրջանում խաղահրապարակներ չկան, երեխաները զբաղմունքի վայր չունեն, ջրագծերի հետ խնդիրներ կան: Նմանատիպ խնդիրները շատ-շատ են:

-Այսինքն՝ առաջիկայում ակտիվ գործունեությո՞ւն եք սկսելու:

-Այո:

-Խոսենք նաեւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից, որոնք հանրահավաքներ իրականացնելու մասին են խոսում: Նրանց հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունեք: Արդյոք  ավելի՞ ուժեղ ընդդիմություն է ձեւավորվում խորհրդարանից դուրս:

-Անկեղծ ասած, չեմ ուզում մեկնաբանել, թե այլ կուսակցությունների մասին՝ լինեն արտախորհրդարանական, թե խորհրդարանական: Ես ավելի շատ խոսելու եմ մեր կուսակցության մասին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐ ԿՍԱՀՄԱՆՎԻ

«2017 թվականի նոյեմբերին, երբ Հայաստանը համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիր կնքեց Եվրոպական միության հետ, դրա կետերից մեկը հենց ճանապարհային վճարների եւ ճանապարհային հարկերի մասին է»,- այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

 

Նա նշեց, որ այս կանոնակարգի շրջանակներում կար որոշակի ընտրություն՝ ինչ են սահմանելու՝ ճանապարհային հարկ, թե ճանապարհային վճար: «Տարբեր քննարկումներից հետո որոշեցինք, որ ճանապարհային վճար սահմանենք, որ այն լինի ավելի արդար շուկայի բոլոր մասնակիցների համար:

Նախկինում ճանապարհային հարկ գործել է ՀՀ-ում այն ընկերությունների համար, որոնք բեռնափոխադրումներ են իրականացրել, բայց 2018 թվականի հունվարի 1-ից այն հանվել էր»,- ասաց նա:

Փոխնախարարի խոսքով՝ Եվրոպական կանոնակարգի պահանջին համապատասխան՝ հարկերը եւ վճարները պետք է լինեն խտրական բնույթի եւ պետք է կախված չլինեն բեռնափոխադրողի ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ լինելուց, այսինքն՝ բոլորի համար շուկան պետք է հավասար լինի: «Այս նկատառումներից ելնելով՝ որոշեցինք սահմանել հավասար պայմաններով ճանապարհային վճար, որը կվճարեն թե՛ ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ կազմակերպությունները, թե՛ ոչ ռեզիդենտ միջպետական բեռնափոխադրումներում աշխատող կազմակերպությունները եւ անհատ ձեռներեցները»,- ասաց նա:

Նախագիծը վերաբերում է 12 տոննա եւ ավելի առավելագույն բեռ ունեցող բեռնատարների համար, որոնք առեւտրային գործունեություն են իրականացնում, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց համար, որոնք 12 տոննայից ավելի բեռնատարողությամբ մեքենա են շահագործում. այդ պայմանները հավասար են լինելու բոլորի համար:

Նախագծով առաջարկվում է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական (միջպետական եւ հանրապետական նշանակության) ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանել անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար մինչեւ 50 ՀՀ դրամ: Ճանապարհային վճարի դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ՀՀ կառավարությունը:

Նախագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ՆՇԱՆԴՐԵՔ Է ԱՐԵԼ

Համացանցում լուրեր էին տարածվել, թե օրեր առաջ տեղի է ունեցել Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի դստեր նշանդրեքը, որին մասնակից է եղել 150 անձ: Ավելին, տարածված տեղեկությունների համաձայն՝ նշանդրեքից երկու օր առաջ ջերմող քաղաքապետի կինն ու որդին թեստ են հանձնել ու անգամ պատասխանին չսպասելով՝ մասնակցել են միջոցառմանը:

ArmLur.am-ը պարզաբանում ստանալու համար զրուցել է Մարտունու քաղաքապետի հետ: Վերջինս հաստատեց, որ իր դստեր նշանադրությունն է եղել, սակայն հերքեց, թե մասնակիցների թիվն այդքան շատ է եղել: Սակայն քաղաքապետը ընդգծեց, որ Մարտունու համայնքապետարանն այժմ փակ է, իսկ հենց իր թեստի պատասխանն էլ դրական է եղել: «Նշանադրության ժամանակ սահմանված քանակը պահպանված է եղել, ավել հյուրեր չեն եղել: Իմ թեստի պատասխանը դրական է, պարետատան հորդորով համայնքապետարանն արդեն փակ է, բայց մյուս խոսակցություններն ու տեղեկությունները սխալ են: Այո, նշանադրություն եղել է, բայց հյուրերի քանակն այդքան չի եղել», – նշեց նա:

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՕՐԵՐ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 17-ը ներառյալ, եւ գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ: 3-12-րդ դասարանների սովորողների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ. գարնանային արձակուրդ չի նախատեսվում: Բացի այդ, սահմանվել է ուսումնական պլանը: Ուսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները, սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն չափը` ըստ դասարանների: Համաձայն հրամանի՝ ուսումնական պարապմունքները սկսվում են 2020թ. սեպտեմբերի 14-ին, ավարտվում 2021թ. հունիսի 4-ին՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ, եւ 34՝ 3-12-րդ դասարանների համար: Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ:

 

 




Լրահոս