Սեպտեմբերի 1-ից փոխվել են հագուստի մաքսազերծման մեթոդները: Այսինքն՝ Հայաստան ներկրվող հագուստն այսուհետ մաքսազերծվելու է միջազգային չափանիշներին համապատասխան: Այս փոփոխություններն ուժի մեջ են մտել ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում:
Եթե նախկինում ներկրողները տարբեր ապրանքանիշների հագուստ էին ներկրում եւ 1 կգ-ի դիմաց վճարում 4 դոլար, ապա հիմա նրանք պետք է յուրաքանչյուր ապրանքն առանձին մաքսազերծեն: Հետեւաբար, ապրանքի գնից կախված, մաքսազերծման գինը կտատանվի՝ որոշ դեպքերում կավելանա, իսկ որոշ դեպքերում էլ մաքսային վճարը կարող է նախկինից ցածր լինել: Ստացվում է, որ այլեւս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, հաշիվ-ապրանքագրերում (ինվոյս) պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները, իսկ ինֆորմացիայի թերի հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման:
Այս թեմայի շուրջ առաջինը բարձրաձայնել է «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ սա վերաբերում է սեպտեմբերի 1-ից ներառյալ արտահանվող երկրից դուրս եկող ապրանքներին միայն: Այսինքն՝ եթե այսօր արդեն ապրանքը ճանապարհին է, ապա կմաքսազերծվի նախկին մեթոդներով:
Սակայն այս փոփոխությունները խիստ մտահոգել են հագուստի եւ կոշիկի վաճառքով զբաղվող առեւտրականներին: Պարզվում է՝ այս փոփոխությունների արդյունքում ավելանում է թղթաբանական քաշքշուկը, քանի որ ներկրողը պետք է ներկայացնի ինվոյս, բանկային փոխանցումը հաստատող փաստաթուղթ, առուծախի պայմանագիր, ներկրման մասին դեկլարացիա: Բայց պահանջվածը հնարավոր չէ ապահովել Թուրքիայից ներկրելու դեպքում: Փաստ է, որ Թուրքիայից ներկրվող հագուստը կթանկանա: Այս ընթացքում որոշ մասնագետներ, որպես խնդրի լուծում, առաջ են քաշում հարեւան Վրաստանի միջոցով փաստաթղթեր ձեւակերպելու տարբերակը:
Մնացած բոլոր երկրներից ցանկության դեպքում հնարավոր է ապահովել ամբողջական փաթեթը, եւ եթե գները կասկած չառաջացնեն, մաքսազերծումը կկատարվի առաջին մեթոդով, այսինքն՝ ինվոյսային արժեքով:
Սակայն մասնագետների մեկ այլ շրջանակ համոզված է, որ այս փոփոխությունների արդյունքում ներկրողներն այլեւ չեն կարող էժան եւ թանկ ապրանքանիշի հագուստը նույն գնով մաքսազերծել:
Ինքը՝ Սամսոն Գրիգորյանը եւս հորդորում է ուշադրություն դարձնել հետեւյալին. Հայաստան արգելվում է ներմուծել կեղծ բրենդային ապրանքներ, հակառակ դեպքում ներմուծված կեղծ բրենդային ապարանքները չբացահայտվելու դեպքում կմաքսազերծվեն բրենդային ապրանքների գներով, իսկ բացահայտվելը կունենա ցավալի հետեւանքներ՝ ապրանքի առգրավում, ոչնչացում:
Ուշագրավ է, որ այս թեմայի շուրջ պետական կառույցները դեռեւս լռում են, պաշտոնական մեկնաբանությամբ որեւէ գերատեսչություն հանդես չի եկել, այդ թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Մենք փորձեցինք այս թեմայի շուրջ պարզաբանում ստանալ ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանից, սակայն ապարդյուն. մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ
ՀՀ կառավարությունը մտադիր է Հայաստանում առկա արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտից հետո հայտարարել կարանտին: Այս մասին Ազգային ժողովի սեպտեմբերի 4-ի արտահերթ նիստում ասաց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը` ներկայացնելով արտակարգ դրությունն այլեւս չերկարաձգելու հնարավորություն տվող օրենսդրական փաթեթը:
«Օրենսդրական փաթեթը նախաձեռնելու նպատակն այնպիսի գործիքակազմ ապահովելն է, որով, առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի, հնարավոր է պայքարել համավարակի դեմ: Եթե օրենսդրական փաթեթն ընդունվի եւ ուժի մեջ մտնի մինչեւ սեպտեմբերի 11-ը, ապա կառավարությունը, այո, մտադիր է կարանտին հայտարարել եւ պայքարը շարունակել համաճարակի դեմ, քանի որ այն ավարտված չէ»,- ասաց Գրիգորյանը:
Ըստ կառավարության ներկայացրած նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման եւ տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաեւ դրանց հետեւանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երեւանի քաղաքապետի կողմից եւ կառավարության կողմից տարբեր տարածքներում, իսկ կարանտինը ենթադրում է համաճարակի գոտում մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումներ, ինքնամեկուսացում/մեկուսացում:
Այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից, հնարավոր կլինեն նաեւ ավելի խիստ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում: Արտակարգ դրությունը նոր ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ եւ կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ: Այլեւս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը:
Եթե օրենսդրական փաթեթի փոփոխություններն ընդունվեն մինչեւ սեպտեմբերի 11-ը, ապա արտակարգ դրությունն այլեւս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերով առաջարկվող միջոցառումները:
Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված եւ մինչեւ օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել եւս 30 օրով՝ մինչեւ սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Ն.Պ.
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ Է ԿԱՏԱՐԵԼ
Տավուշի մարզում գործող քոլեջների մեջ ամենամեծ հաջողությունների հասել է սահմանագոտում գործող Բերդի պետական քոլեջը, որի տնօրենը բազմափորձ Աննա Ավալյանն է: 2019թ. մայիսին Բերդի պետական քոլեջի եւ Բերդի արհեստագործական պետական ուսումնարանի միավորումից ձեւավորվեց Բերդի բազմագործառութային պետական քոլեջը: Նոր` 2020-2021 ուսումնական տարում քոլեջում գործող մասնագիտություններին ավելացավ մեկը՝ «Անասնաբուժություն»՝ միջին մասնագիտական կրթական ծրագրով: Նախատեսվում է նաեւ հեռակա կրթություն իրականացնել «Հաշվապահական հաշվառում», «Ապահովագրական գործ», «Նախադպրոցական կրթություն» մասնագիտություններով: Այս տարի ընդունելությունը կատարվեց առցանց: Դիմորդները դիմում-հայտեր ներկայացրին հատկացված անվճար եւ վճարովի տեղերի համար: Սեպտեմբերի 15-ից 95 դիմորդներ կավելանան քոլեջում սովորող 110 ուսանողներին: Բերդի պետական քոլեջը հանրապետությունում առաջիններից է, որը գործատուի՝ «Տավուշ Տեքստիլ» ընկերության հետ իրականացնում է դուալ կրթական ծրագիր: Շուտով շահագործման կհանձնվի Բերդի քոլեջի հիմնովին վերանորոգված երրորդ մասնաշենքը՝ ամբողջապես նոր գույքով ու կահավորմամբ:
ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՈՐԴԻՆ՝ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ
Շուրջ 3 ամիս առաջ փոխվել է Տավուշի մարզային՝ «Տավուշ ՏՎ-ի» հեռուստաընկերության սեփականատերը: Այն նախկինում պատկանում էր Վանաձորի բնակիչ, մասնագիտությամբ հեռուստաօպերատոր Ժան Գալստյանին: Մարզային հեռուստաընկերության նոր սեփականատերը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանի որդին է: Նախկինում Նիկոլայ Գրիգորյանը հանդիսանում էր Տավուշի մարզային հեռուստաընկերության պրոդյուսերը:
Ն. Գրիգորյանը Տավուշի մարզպետի խորհրդական է նշանակվել 2019թ. ապրիլի 17-ին: Նա հայտնեց, որ իր որդին՝ Արմեն Գրիգորյանը, բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ է: Ն. Գրիգորյանը, ով երկար տարիներ աշխատել է հեռուստատեսային ոլորտում, ասաց, որ Տավուշի մարզային հեռուստաընկերությունը զարգացնելու, նոր աշխատողներ ներգրավելու, տարբեր ծրագրեր իրականացնելու նպատակ ունեն: Այդ նպատակով հեռուստաընկերությունը ներգրավելու է նոր գովազդատուների, ֆինանսավորողների: Նրա վկայությամբ՝ ներկայումս Տավուշի մարզային հեռուստաընկերությունն ունի 5 աշխատող: Ն. Գրիգորյանը մանրամասներ չհայտնեց հեռուստաընկերության վաճառքի պայմաններից՝ ասելով, որ նախկին սեփականատիրոջ հետ համաձայնության են եկել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ