ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց կալանավորված նախկին փոխնախարարի պաշտպան Ռոման Ահարոնյանը:
Պաշտպանի խոսքով՝ Վահան Պողոսյանին դեռևս 2019 թվականի մարտի 7-ից մեղադրանքն էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այսօր, ինչպես պարզվեց, այդ մեղադրանքն այլևս գոյություն չունի։ Ներկայումս նոր մեղադրանքներ են առաջադրվել, որոնք Վահան Պողոսյանը չի ընդունում։
«Ընթանում է քննություն, կարծում եմ դեռ շատ հանգամանքներ կհստակեցվեն։ Ինչպես մեղադրանքները, այնպես էլ կալանվորման համար հիմք հանդիսացած հանգամանքը կառուցված է մեկ անձի ցուցմունքի վրա։ Համաձայն չենք Վերաքննիչ դատարանի որոշման հետ, այն բողոքարկելու ենք։ Մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ Կենտրոնի տնօրենից պահանջել է ձեռք բերել և անձնական օգտագործման համար իրեն տրամադրել իբրև Կենտրոնի կարիքների համար 17.600.000 ՀՀ դրամ արժեքով գնված ավտոմեքենան որպես կաշառք, հավաստի չէ։ Նույնիսկ վերաքննիչ դատարանը այդ մասով չի հաստատել հիմնավոր կասկած։ Ընդհանրապես ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի՝ առանձնապես խոշոր չափերի կաշառքի մասով հիմնավոր կասկած հաստատված չէ, այլ հաստատված է 3-րդ մասով։ Այսինքն, կաշառքի պատմությունը բենզինի և տեխսպասարկման մասով է, որն ըստ նախաքննության մարմնի ներկայացված թվերի բոլորը միասին մոտ 900 000 ՀՀ դրամի մասին է։ Ընդհանրապես, այս գործը լուրջ խնդիրներ ունի վարույթի օրինականության հետ կապված։ Խախտված է քննչական ենթակայության հարցը և մենք այս հարցով արդեն միջնորդել ենք ՀՀ Գլխավոր դատախազին գործն ըստ ենթակայության ուղարկելու վերաբերյալ, քանի որ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի սա բացառիկ ենթակայության գործ է և պետք է քննի ՀՔԾ-ն», – նշեց պաշտպանը։
Նշենք, որ նախարար Վահան Պողոսյանը կալանավորվել է։ 2019-ի մարտին Պողոսյանի դեմ հարուցվել էր քրեական գործ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնե ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Այդ ժամանակ Պողոսյանը չէր կալանավորվել, ազատ էր արձակվել գրավի դիմաց` 5 մլն դրամի չափով։ Սակայն 2020-ի օգոստոսին Պողոսյանի մեղադրանքը լրացվել է ևս մի քանի հոդվածով` 2015-2016–ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով 2 դրվագով (հանցակից` պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից յուրացնելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը` ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար, առանձնապես խոշոր չափերով)։
Իսկ ահա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2020–ի սեպտեմբերի 7-ին Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը։ Նշված քրեական գործով նախաքննության տարբեր փուլերում մեղադրանք է առաջադրվել 12 անձի, այդ թվում նաև Արմեն Հայրապետյանին, որն ազատ է արձակվել գրավի դիմաց։
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.