«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը սեպտեմբերի 9-ին՝ երկաթուղում ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու նպատակով, անցկացրեց «Փրկիր կյանքը» անվտանգության ակցիան: Ակցիայի շրջանակներում տրանսպորտային միջոցների վարորդներին երկաթուղային գծանցներում բաժանվել են անվտանգ հատման կանոնների վերաբերյալ տեղեկատվական նյութեր:
Ակցիան անցել էր հանրապետության ողջ տարածքում, առավել ինտենսիվ երթևեկություն ունեցող գծանցներում: Միջոցառումը կազմակերպվել էր Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, որը երկաթուղային գծերի անվտանգ անցման կազմակերպման ու տեխնիկական հագեցվածության ոլորտում լայն լիազորություններ ունի:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում կա 103 երկաթուղային գծանց, որից 30-ը՝ կարգավորվող, 73-ը՝ չկարգավորվող (այդ թվում` 4-ը ավտոմատ կարգավորվող): Բացի այդ, առկա է շուրջ 25 չթույլատրվող անցումներ, որոնք սպառնում են գնացքների երթևեկության անվտանգությանը:
Միայն ընթացիկ տարում, երկաթուղու աշխատողների օպերատիվ գործողությունների շնորհիվ, հնարավոր եղավ կանխել գնացքների երթևեկության անվտանգության վրա արտաքին վտանգավոր ազդեցությունների ավելի քան 250 դեպք:
Այնուամենայնիվ, միշտ չէ, որ պատահարները հնարավոր է կանխել: Այսպես, այս տարվա առաջին 8 ամիսներին երկաթուղում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների և վրաերթների 10 դեպք, այդ թվում կամուրջներից գծերի վրա ավտոմեքենաների ընկնելու 2 դեպք: 2019 թվականին գրանցվել է նման պատահարների առավելագույն քանակ՝ 28 դեպք:
«10-ամյա կոնցեսիոն աշխատանքի ընթացքում Հարավկովկասյան երկաթուղու գործառնական աշխատանքը շատ ավելի ինտենսիվ է դարձել. ավելացել է առանց կանգառների ընթացող գնացքների թիվը, գնացքների արագությունն աճել է 2,4 անգամ, քաշը՝ 34%-ով, երթևեկության ինտենսիվությունը՝ 7%-ով: Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են իրական աջակցություն ցուցաբերել երկաթուղում տրանսպորտային անվտանգության կանոնների խախտումների խնդրի լուծման հարցում:
Միայն համատեղ, ամենօրյա աշխատանքը և օրենքների խստագույն կատարումը կերաշխավորեն ինչպես երկաթուղու, այնպես էլ քաղաքացիների անվտանգությունը: Եվ ես մեր քաղաքացիներին կոչ եմ անում միշտ հիշել. գնացքը կանգնեցնելը ժամանակ է պահանջում, իսկ կյանքը կանգնեցնելու համար ընդամենը մեկ վայրկյան է անհրաժեշտ», – նշում է ՀԿԵ գնացքների երթևեկության անվտանգության գծով գլխավոր վերահսկիչ Սերգեյ Հարությունյանը: