ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հունիսի 23-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 33-ամյա բնակիչը վիճաբանել է նույն քաղաքի մեկ այլ բնակչի հետ՝ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում անհասցե հայհոյանքներ հնչեցնելու հարցի շուրջ:
Աբովյան քաղաքի բնակիչը, պարզաբանումներ ստանալու նպատակով, 33-ամյա տղամարդու հետ հանդիպելու ցանկություն է հայտնել, սակայն տեսնելով, որ հանդիպումը չի կայանում, 33-ամյա տղամարդու շրջապատում հայհոյանքներ է հնչեցրել վերջինիս հասցեին` այդ կերպ նրան պարտադրելով հայհոյանքներից վիրավորված անձամբ հանդիպել իր հետ:
2019թ. հուլիսի 15-ին` ժամը 21:00-ի սահմաններում, երբ 33-ամյա տղամարդն իր կողմից վարվող «NISSAN MARCH» մակնիշի ավտոմեքենայով գտնվել է Աբովյան քաղաքում գործող համակարգչային խաղերի սրահի մոտ, համաքաղաքացին, դանակը ձեռքին, նրան հանդիպելու նպատակով՝ հայհոյանքներ հնչեցնելով, մոտեցել է սրահին, որի մասին 33-ամյա տղամարդը հեռախոսազանգով տեղեկացրել է եղբորը: Վերջինս իր կողմից վարվող «INFINITI FX 35» մակնիշի մեքենայով գնացել է նշված համակարգչային խաղերի սրահ:
Քիչ ժամանակ անց եղբայրները, համաքաղաքացուն կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, իրենց հետ վերցնելով նախապես ապօրինի կերպով ձեռք բերված հրազենը, գնացել են Աբովյան քաղաքի դպրոցներից մեկի խաղահրապարակ, որտեղ մի խումբ անձանց հետ խմբի կազմում, հարվածներ են հասցրել Աբովյան քաղաքի բնակչի գլխին և մարմնի տարբեր մասերին, որի ընթացքում 33-ամյա տղամարդը կրակել է վերջինիս կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
33-ամյա տղամարդու մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: