Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում Կոնդ թաղամասի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստը: Իր ելույթում փոխվարչապետն ասել է.

«Այս միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորումը հատկանշական է հատկապես նրանով, որ պետական մակարդակով կքննարկենք Կոնդ թաղամասի քաղաքաշինական խնդիրները, կկատարվի բազմակողմանի ուսումնասիրություն՝ պատմաճարտարապետական, տնտեսական, սեյսմիկ և այլ ուղղություններով: Նշեմ, որ Կոնդ թաղամասի զարգացման հստակ հայեցակարգ է մշակվելու, որի նպատակն է պահպանել մեր մայրաքաղաքի հնագույն թաղամասերից մեկի պատմաքաղաքաշինական միջավայրը և շունչը: Այս ամենի արդյունքում մենք ունենալու ենք «վերակենդանացած» թաղամաս Երևանի սրտում: Միաժամանակ, ակնկալում ենք լոկալ տնտեսության և զբոսաշրջության ակտիվացում, ճարտարապետության, ենթակառուցվածքների և սպասարկման որակի բարձրացում, նաև աշխատատեղերի ստեղծում:

Այսօրվա քննարկման բուն բովանդակությունը վերաբերելու է Կոնդի նոր հայեցակարգային էսքիզ-նախագծի մրցույթին: Նախագիծը ներկայացվել էր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ մասնագիտական հանրույթի և մի շարք անհատ ճարտարապետների քննարկմանը: Վերջիններիս առաջարկությունների և դիտողությունների հիման վրա կատարվել են համապատասխան փոփոխություններ, նախագիծը լրամշակվել է:

Տեղեկացնեմ նաև, որ աշխատանքային խմբի կողմից մրցույթի նախագծի քննարկումից ու վերջնական հաստատումից հետո Կոնդ թաղամասի ամբողջական և միասնական զարգացման հայեցակարգի մշակման նպատակով կհայտարարվի բաց միջազգային մրցույթ»:

Նիստի ընթացքում քննարկվել են նախագծին վերաբերող տարբեր հարցեր և նախանշվել են հետագա քայլերը:

Փոխվարչապետի հանձնարարությամբ մրցույթի նախագիծը մինչև վերջնական հաստատումը կտեղադրվի նաև «e-draft.am» հարթակում՝ հանրային քննարկման համար:




Լրահոս