ԱՄՆ-ում ապրող Բու անունով շունը դարձել է համացանցի միլիոնավոր այցելուների հիացմունքի առարկան: Ներկա պահին շնիկի երկրպագուների թիվը մոտենում է 2 մլն-ի: Նրա տիրոջ հավաստմամբ` Բուն շատ զբաղված է: Նա գովազդում է իր մասին գիրքը, որը հիմնականում բաղկացած է իր նկարներից: Շան տերը կենդանու անվտանգությունն ապահովելու համար չի նշում իր բնակության ստույգ վայրը: Կարծես թե շնիկից ոչնչով հետ չի մնում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Բրիտանական New Statesman շաբաթաթերթը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը, որում ներառված է 50 անձի անուն: Այս տարվա ամենաազդեցիկ մարդ է ճանաչվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Երկրորդն ամերիկացի նախկին գեներալ Դեւիդ Պետրեուսն է, երրորդը` չինացի նկարիչ Այ Վեյվեյը: Բրիտանական պարբերականի ցանկի առաջին ութնյակում են նաեւ Ռուսաստանի վարչապետ Պուտինը, ԱՄՆ նախագահ Օբաման, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի ու Թուրքիայի վարչապետեր համապատասխանաբար Դեւիդ Քեմերոնը, Բենիամին Նեթանյահուն եւ Էրդողանը: Իսկ Բրիտանիայում կանադական մի ընկերություն հետագայում հայտնիների կամ ազդեցիկների շարքը լրացնելու համար որոշել է զբաղվել բնապահպանությամբ եւ երեխաների համար մեկանգամյա օգտագործման փամփերսներից գոյացած աղբից կղմինդրներ պատրաստել: Այս որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ բնապահպաններն ահազանգել են, որ տարեկան աղբն է նետվում մինչեւ 500 հազար տոննա փամփերս, որը բնության մեջ չի քայքայվում 500 տարի շարունակ: Հիմա կանադական ընկերությունը գործարկում է միայն մեկ գործարան, բայց նախատեսում է բացել նմանատիպ եւս չորսը: Նշենք, որ գործարանը թույլ է տալիս վերամշակել մինչեւ 360 հազար տոննա փամփերս: Իսկ Իսպանիայում ավելի շատ մտահոգված են Բարսելոնայի «Սագրադա ֆամիլիա» տաճարի շինարարությունն ավարտին հասցնելով: Շինարարության կոմիտեի նախագահ Խուան Ռիգոլը, որին հանձնարարվել է իրականացնել տաճարի երեսպատումը, պատմել է, որ տաճարը վերջնական տեսքի է բերվելու նրա ճարտարապետ Անտոնիո Գաուդիի մահվան 100-ամյակին: Նա ասել է, որ ավարտի որեւէ ժամկետ չի կարող հայտնել, բայց չի էլ հերքել, որ շինարարությունն ավարտվելու է 2026-ին, այսինքն` տաճարի կառուցումից 140 տարի հետո: Նշենք, որ տաճարի կառուցման համար հանգանակությունը սկսել են դեռեւս նախկին ճարտարապետի կենդանության օրոք: Հայտնի է, որ տարեկան 500 հազար եվրո է հավաքվում տաճարի կառուցման համար արված հանգանակություններից: Համեմատության կարգով ասենք, որ Հայաստանում գումարի խնդիր չկա, քանի որ ինչ-որ կառույց ստեղծելու համար դարեր հարկավոր չեն:ՆԱՐԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ԱՄՆ-Ի ԿՈՒՌՔԸ, ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿԸ ԵՎ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ