Արսեն Ջուլֆալակյանի համբերության բաժակը «լցվել» է. մանրամասներ նրա, նախարարի ու փոխնախարարի ընդհարումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Ըստ մեր տեղեկությունների՝ վերջին ժամանակահատվածում ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Գրիշա Թամրազյանի հարաբերությունները գերլարված են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել է ՝ Ջուլֆալակյանը ցանկություն է ունեցել նշանակվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարադության հարցերի փոխնախարար: Ըստ Ջուլֆալակյանի՝ սպորտի ոլորտը օր օրի հայտնվում է ճգնաժամային վիճակում, ինչի համար պետք է լավ մասնագետ, որպեսզի կարողանա այդ վիճակից դուրս բերել ոլորտը: Ավելին՝ նշվում է, որ Ջուլֆալակյանն իր կնոջն է ցանկացել տեղավորել կրթության ոլորտում, սակայն Հարությունյանը մերժել է՝ նրա փոխարեն այլ մարդու նշանակելով, ինչի համար էլ լարվածությունն ավելի է սրվել:

Ըստ մեր տեղեկությունների՝ նախարար Արայիկ Հարությունյանն ու փոխնախարար Գրիշա Թամրազյանը մերժել են Ջուլֆալակյանի բոլոր առաջարկները՝ կապված սպորտի ոլորտի զարգացման հետ։ Նախարարությունում առավել ընդունում են ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին, որին դիտարկում են որպես Գյումրի քաղաքի քաղաքապետ։ Ստացվում է, որ Արսեն Ջուլֆալակյանին մերժում են բոլոր հարցերում՝ նախապատվությունը տալով Արթուր Ալեքսանյանին։

Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում օր օրի հասունանում է բողոքի ալիք՝ ընդդեմ նախարար Արայիկ Հարությունյանի։ Ըստ Ջուլֆալակյանի՝ փոխնախարար Գրիշա Թամրազյանը ձախողել է սպորտի ոլորտը։ Դեռևս մայիսին Ջուլֆալակյանն անդրադարձել էր փոխնախարար Թամրազյանի աշխատանքին՝ նշելով․

«Մոտ 1 տարի է՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս, ոչ մի մամուլի ասուլիս չի տվել փոխնախարարի կարգավիճակում, ինչը բացաձակ հակառակի մասին է խոսում՝ ոչ թե հաշվետվողականության, այլ 0 հաշվետվողականության: Բազմաթիվ սպորտային լրագրողներ առնվազն, բայց վստահ եմ՝ նաեւ ոչ սպորտային լրագրողներ ակնկալում են տարբեր հարցերի պատասխաններ ստանալ նրանից, ինչը դեռ չկա, եւ դա շատ բացասական է: Անհատների հետ աշխատանքը եւս բացասական եմ համարում, քանի որ կան խնդիրներ, որոնք համակարգային լուծումներ են պահանջում, ոչ թե անհատական: Երբ անհատական մոտեցում ես դրսեւորում, նշանակում է՝ դու առաջնորդվում ես անձնական ինչ-ինչ շահերով, այսինքն՝ կոպիտ ասած, ճաշակի հարց է դառնում՝ ում խնդիրը լուծել, ումը ոչ»։

Սոնա Գրիգորյան 




Լրահոս