ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջիկայում թեժ ընտրություններ են սպասվում. իշխանությունները պատրաստվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունները պատրաստվում են տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին: Ըստ մեր տեղեկությունների՝ նախատեսված է դեկտեմբերին ընտրություն անցկացնել Լոռու եւ Տավուշի մարզերում, ու սա լինելու է այն ընտրություններից մեկը, որտեղ պարտադիր պետք է թեկնածուները մասնակցեն կուսակցական ցուցակով, այսինքն՝ առաջադրվող անձինք անպայման պետք է կուսակցական լինեն, որպեսզի մասնակցեն համայնքապետի ընտրություններին: Սա նշանակում է, որ առաջիկայում թեժ օրեր են սպասվում, քանի որ հայաստանյան կուսակցությունները պետք է իրենց կուսակցականներից ընտրեն այնպիսի անձանց, ովքեր կկարողանան առաջիկայում մասնակցել ու հաղթել:

Եվ այսպես, մեզ հաջողվել է պարզել, որ համայնքապետի ընտրությունները սպասվում են Լոռու մարզի Ստեփանավան, Մեծավան եւ Թումանյան քաղաքներում եւ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում: Նշենք, որ այս համայնքները խոշորացվել են, ու մի քանի գյուղեր արդեն միացել են, ընտրությունները լինելու են ավելի բազմամարդ, իսկ իշխանություններն էլ ամեն ինչ անում են, որ պատշաճ ձեւով իրականացնեն սպասվող ընտրությունները:

Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսին հայտնի դարձավ, որ Ստեփանավանի ավագանու 14 անդամներից 7-ը միաժամանակ հրաժարականի դիմում են ներկայացրել: Առանց նրանց մասնակցության, ավագանու մյուս անդամներն արտահերթ նիստ են գումարել, ընդունել նրանց հրաժարականն ու լուծարված համարել ավագանին: Իսկ, ըստ օրենքի, եթե ավագանին հրաժարվում է, ապա պետք է նշանակել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար եւ նշանակել արտահերթ ընտրություններ: Իսկ 2017 թվականին ձեւավորված ավագանու հրաժարական ներկայացրած 7 անդամներից միայն Արթուր Սուքիասյանն է դիմումում նշել, թե ինչու է հարժարվում իր գործառույթներից:

Վերջինիս կարծիքով՝ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Ստեփանավանը եւ համայնքապետն այդպես էլ չկարողացան համակերպվել հեղափոխական արժեքների ու նոր Հայաստանի ծաղկման տեսլականի հետ եւ հավատարիմ են նախկինների վարած քաղաքականությանը: Արթուր Սուքիասյանը հայտարարել է, որ ինքը անիմաստ է համարում իր ներկայությունը մի կառույցում, որտեղ, ըստ նրա, բոլոր դռները փակ են փոփոխությունների, ժողովրդավարության ու կառուցողական աշխատանքի առջեւ: Նշենք, որ շուրջ 8 տարի է՝ Ստեփանավանը ղեկավարում է Միքայել Ղարաքեշիշյանը, որը նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի վառ ներկայացուցիչն է, ու այժմ ամեն ինչ արվում է, որպեսզի քաղաքը կառավարի նոր իշխանություններից որեւէ մեկը: Ի դեպ, Միքայել Ղարաքեշիշյանից առաջ քաղաքապետը նրա եղբայրն էր՝ Սարգիս Ղարաքեշիշյանը: Վերջինս էլ 13 տարի է ղեկավարել, ում նկատմամբ պաշտոնավարման տարիներին մի քանի քրեական գործեր են հարուցվել՝ կոռուպցիայից մինչեւ սպանության փորձի մեղադրանքներով:

Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները Ստեփանավանի համայանքապետի թեկնածուի փնտրտուքի մեջ են: Իմքայլականներն ամեն ինչ անում են գտնելու համար այնպիսի անձի, որը կկարողանա Ստեփանավանում հաղթել Ղարաքեշիշյաններին, ովքեր, կարծես թե, քաղաքը սեփականաշնորհել են: Իսկ ինչ վերաբերում է Մեծավան եւ Թումանյան համայնքներին, ապա այնտեղ եւս իրավիճակը լարված է, քանի որ Թումանյան համայնքի ավագանին եւս հրաժարական է ներկայացրել: Հիշեցնենք, որ դեռեւս մարտին Լոռու մարզի խոշորացված Մեծավան համայնքի ղեկավարը հրաժարական էր ներկայացրել: Սերյոժա Վարդանյանը հրաժարականի դիմումը ներկայացրել էր ավագանու նիստին: Ավագանու 11 անդամներից նիստին ներկա 10 անդամները հաստատել էին համայնքի ղեկավարի հրաժարականը: Վարդանյանը Մեծավանի գյուղապետ էր ընտրվել 1996 թ.-ից: Նրա անունը շրջանառվում է մի քանի քրեական գործերի՝ պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաեւ յուրացումների հետ: Նա 2018 թ.-ին ձերբակալվել էր չարաշահումներ կատարելու կասկածանքով, սակայն պատճառված վնասը վերականգնելուց հետո ազատ էր արձակվել: Լոռու մարզի Թումանյան համայնքը եւս հայտնվել է տհաճ իրավիճակում: Դեռեւս հուլիսին Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքն ավագանի չունի։ 9 անդամներից 6-ն անօգուտ էր համարել իր աշխատանքն ու հրաժարականի դիմում գրել։

Իսկ Թոմանյան համայնքը արդեն 24 տարի է՝ ղեկավարում է Լեւոն Զավարյանը, որին եւս իշխանությունները ամեն ինչ անում են փոխելու համար: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանության ներկայացուցիչները ամեն ինչ անում են այս համայնքներում վստահելի մարդկանց թեկնածություն առաջադրելու համար, քանի որ, կարելի է ասել, այս համանքապետերը, արդեն տարիներով զբաղեցնելով քաղաքապետի պաշտոնը, ոչ մի բան չեն անում համայնքի համար: Իսկ ինչ վերաբերում է Տավուշի մարզի Իջեւան քաղաքին, ապա այստեղ եւս իրավիճակը թեժ է լինելու, քանի որ իշխանությունների «սրտի թեկնածուն» Հայկ Ղալումյանն է, սակայն կհաջողվի արդյոք իշխանություններին նրան նորից այդ պաշտոնում կարգել՝ շատ դժվար է ասել, քանի որ Իջեւանում այդքան էլ չեն համակրում նրան: Կարճ ասած, առաջիկայում թեժ օրեր են սպասվում:

Մանրամասները՝ տեսանյութում

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս